Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՏՄ-ն մեզ համար հրաշք շուկա է, եթե կարողանանք մեկ դոլարանոց գինի արտահանել». Ավագ Հարությունյան

Հունվար 12,2017 17:08

Այս տարի Ամանորի սեղանին ավելի շատ հայկական գինի է եղել, քան անցյալ տարի: Ըստ ուսումնասիրությունների`ծավալային առումով մոտ 30 տոկոսով ավելացել է հայկական գինու սպառումը, իսկ արժեքային առումով գրանցվել է 10-15 տոկոս աճ:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նկատեց, որ 2013-ից սկսած նվազում է արտասահմանյան գինիների մասնաբաժինը ՀՀ ներքին շուկայում: Նա ներկայացրեց որոշ վիճակագրական տվյալներ. «Ներմուծվող արտասահմանյան գինիների` նախկին 500 հազար շշից այսօր ունենք 200 հազար շիշ: 5000 շիշն է դրանց թվում վրացականը: Այսինքն` վրացական գինին մեր շուկայում այնքան էլ հարգի չէ»:

Անդրադառնալով վերջին տարիների միտումներին` պարոն Հարությունյանը փաստեց. «Վերջին յոթ տարվա միտումները նրանք են, որ հայ ժողովուրդը կամաց -կամաց ավելի շատ գինի, քան օղի է խմում: Մենք ունենք 2011 թվականի ռեկորդ, երբ ողջ աշխարհի ազգերի մեջ հայերը 3-5-րդ տեղում էին` որպես ամենաշատ օղի խմող ազգ»: Ըստ պարոն Հարությունյանի` գինու մշակույթը կամաց- կամաց աճում է հայերի շրջանում, և հայ ժողովուրդը, եթե 5-10 տարի առաջ կասկածանքով էր վերաբերվում հայկական գինիներին, որոնք արժեին 5-6 դոլար, ապա այսօր այդ շերտի գինիները հասարակությունը վստահաբար գնում է`համոզված լինելով, որ ինքը խաբված չէ:

Պարոն Հարությունյանն անդրադարձավ նաև այն մտահոգիչ փաստին, որ թեև ՀՀ-ն մուտք է գործել ԵԱՏՄ, բայց վրացական գինին երեք և ավելի անգամ շատ է ռուսական շուկա արտահանվում, քան հայկականը: Պարոն Հարությունյանը, պատմական էքսկուրս կատարելով անցյալի գինեգործական ավանդույթներին Վրաստանում և Հայաստանում, նշեց, թե ռուսներին այդպես էլ հնարավոր չեղավ համոզել, որ Հայաստանը նաև գինեգործական երկիր է: Փոխարենը Վրաստանն իր պոտենցիալից ավելի` 60 միլիոն շիշ էր արտահանում, մինչդեռ 40 միլիոնը կեղծված, որից ազատվելուց հետո սկսեց նոր թափով արտադրություն: Անդրադառնալով այն հանգամանքին, որ թեև Հայաստանը մուտք գործեց ԵԱՏՄ, բայց այդպես էլ հնարավոր չեղավ օգտագործել այդ շուկան, Ավագ Հարությունյանը նկատեց. «Երբ մենք գնացինք ԵԱՏՄ, Վրաստանը` ոչ, աշխարհը Վրաստանին ավելի քաղցր աչքով սկսեց նայել: Եվ այսօր Վրաստանը տարեկան մի քանի միլիոն գրանտներ է ստանում վրացական գինու արտադրությունն առաջ տանելու համար: Ռուսական շուկա վրացական գինու արտահանումը կազմում է 30-35 միլիոն, իսկ հայկական գինու արտահանումը` 2 միլիոն: Մենք անհավասար մրցակցության մեջ ենք ադրբեջանական, վրացական ռուսական գինիների արտադրության հետ: Մենք չենք կարողանում էժան արտադրանք արտահանել ռուսական շուկա: ԵԱՏՄ-ն մեզ համար հրաշք շուկա է, եթե կարողանանք մեկ դոլարանոց գինի արտահանել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031