Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու է Ադրբեջանը մեր «Իսկանդերին» հակառակ գնել թանկարժեք «Երկաթե գմբեթ» համակարգը

Հունվար 12,2017 16:58

Այսօր «Զարկերակ» ակումբում Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը վստահեցրեց, որ ապրիլյան պատերազմից հետո մեր երկրում ռազմարդյունաբերության բուռն զարգացում է տեղի ունեցել: Առաջիկայում հաստոցային բազայի ստեղծումն է լինելու առաջնահերթությունը, գործիքները, որոնք անհրաժեշտ են ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար: Մետաղավերամշակող արտադրամասեր, հրաձգային զինատեսակներից սկսած՝ մինչեւ հրթիռային սպառազինությունը նախատեսված է զարգացնել:

Ամփոփելով ռազմական ոլորտում 2016-ի իրադարձությունները, նա ասաց, որ ՀՀ-ն ՌԴ-ից ձեռք բերեց Սմերչեր, ՏՕՍ-եր եւ այլ սպառազինություն. «Այդ ժամանակ խոսք չկար Իսկանդերների մասին, բայց սեպտեմբերին արդեն ՀՀ էին բերվել նաեւ Իսկանդերներ»:

Կարեն Վրթանեսյանը հիշեցրեց, որ Իսկանդերները տեսնելուն պես ադրբեջանցիները փորձում էին ապացուցել, որ դրանք ոչ մի բանի պետք չեն, հետո փորձեցին ապացուցել, որ ՀՀ-ին չեն պատկանում, ուղղակի ցույց ենք տալիս, դրա հետ զուգահեռ Ադրբեջանը սկսեց ակտիվ բանակցություններ վարել Պակիստանի հետ՝ ակնարկելով, որ պատրաստվում են Պակիստանից մոտավորապես նույն կարգի հեռահար հրթիռներ գնել. «Ադրբեջանի ռազմական ոլորտում կարեւոր իրադարձություններից էր այն, որ Պակիստանի հետ համագործակցության պայմանագիր կնքեցին: Անընդհատ ակնարկում են, որ հենց ռազմարդյունաբերական համագործակցության մասին է խոսքը: Իսրայելի հետ են նաեւ ռազմական համագործակցությունն ակտիվացրել: Իսկանդերի թեմայից հետո Ադրբեջանը սկսեց խոսել արդեն Իսրայելից պաշտպանական միջոցների ձեռքբերման մասին: Հայտարարել են այսպես կոչված Երկաթե գմբեթ համակարգի գնման մասին,թեպետ հայտարարելը մի բան է, իրականում գնելը՝ այլ: Երկաթե գմբեթն, այնուամենայնիվ, նախատեսված չէ Իսկանդերի տիպի հրթիռների դեմ պայքարի համար: Այն այլ խնդիրներ է լուծում եւ պարզ չի, թե Ադրբեջանն ինչու է դա գնում, բավականին թանկ համակարգ է»:

Կարեն Վրթանեսյանը նշեց, որ հաճախ մարդիկ քննարկում են, թե սահմանին եթե այսքան զոհ ունեցանք, ինչո՞ւ Իսկանդերը չօգտագործեցինք, մինչ այդ համակարգը չենք կարող ամեն մի զոհից հետո հանել ու օգտագործել:

Ապրիլյան պատերազմից հետո շահարկվեց մեր զինվորների՝ 80-ականների զենքով կռվելու թեման: Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ ամբողջ աշխարհում էլ օգտագործում են շատ հին զենքեր: Նույն ԱՄՆ-ն օգտագործում է 50-ականների Բ-52 ռմբակոծիչները: Զենքի հին կամ նոր լինելը որոշվում է, թե ինչքանով այդ զենքը կատարում է իր առջեւ դրված խնդիրները: Զենքի մի զգալի մասը կարելի է արդիականացնել, շատ քիչ ծախսերով ստանալ գրեթե համարժեք զենք: Կարեն Վրթնեսյանը տեղեկացրեց, որ ապրիլյան պատերազմի օրերին մեր կորցրած զինտեխնիկայի մեծ մասը հենց Հայաստանում է վերանորոգվել. «Հայկական տանկային պարկի արդիականացման պլաններում նախատեսված է հենց ՀՀ-ում այն անել: Զենքի թեման ուռճացվում է, քարոզչական նպատակներով են օգտագործում: Շատերը չեն հասկանում, որ 80-ականների զենքը կարող է շատ արդյունավետ լինել մեզ համար: Շատերը կերազեին գերժամանակակից ամերիկյան ինքնաթիռ ունենանք, բայց այդ ինքնաթիռի աշխատանքն ապահովելու համար ամբողջ ենթակառուցվածքը կարող է ինքնաթիռի գնից 10 անգամ ավելի թանկ արժենա՝ չհաշված ամենամյա սպասարկման գինը: Ես չեմ կարծում, որ մենք շատ ենք զիջում Ադրբեջանի սպառազինությանը: Մենք պետք է աշխատենք, որ հետ չմնանք՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական հնարավորությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031