Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս պահին խորհրդակցական սենյակ է հեռացել՝ Արտակ Գալստյանի գործով («Վանոյի Արտակ») փաստաբան Սուսաննա Սարգսյանի միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու: Այսօրվա դատական նիստում Արտակ Գալստյանի պաշտպանը միջնորդեց Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխել: Փաստաբանը վստահեցրեց, որ իր պաշտպանյալը չի կարող որեւէ ճնշում գործադրել գործով վկաների վրա ու նրան անազատության մեջ պահելու հիմքեր չկան:
Տիկին Սարգսյանն այսօր նաեւ միջնորդել էր գործով ապացույցներն անթույլատրելի ճանաչել, ինչը դատարանը մերժեց:
Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձերբակալված Անի Արթուրի Հովհաննիսյանի եղբայր՝ Գոռ Հովհաննիսյանին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 2.390.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցվել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը, այսինքն՝ Արտակ Գալստյանը կատարել է խոշոր չափերով խարդախության փորձ և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ