Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտի նախարարը չի կարող ասել՝ Իրան-Հայաստան երկաթգիծը երբ կկառուցվի (Տեսանյութ)

Հունվար 12,2017 16:40

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագրին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներդրողների հետ այս պահին բանակցություններ են ընթանում: Այն հարցին, թե արդեն 9 տարի է՝ այդ աշխատանքներն այդպես էլ ավարտին չեն հասցվում, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ այն լուրջ եւ մեծ նախագիծ է, եւ այդ ժամանակահատվածն այդքան մեծ չէ, նման ծրագրի համար. «Նախագիծ կա, բայց վերջնական չէ, որովհետեւ կառուցապատողը, ներդրում կատարողը պետք է ունենա իրեն հարմար նախագիծ: Դա շատ մեծ ծրագիր է, դրա իրականացման համար երկար ժամանակ է պահանջվում»:

Թե, ի վերջո, Իրան-Հայաստան երկաթգիծը երբ կկառուցվի, նախարարը չկարողացավ ժամկետներ նշել:

Թե ինչու է Հայաստանը դուրս մնում տարածաշրջանային երկաթուղային նախագծերից, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ տարբեր երկրներ տարբեր ծրագրեր ունեն, եւ չի նշանակում, որ Հայաստանը պետք է նայի՝ եթե ուրիշները երկաթուղի են կառուցում ու մեր երկիրն էլ չպետք է կառուցի. «Մենք էլ մեր տեսանկյունից պետք է մոտենանք, եւ ծրագրերը քննարկում ենք: Տրանսպորտային փոխադրումներ կատարվում են այսօր ե’ւ Թուրքիայով, ե’ւ Ադրբեջանով, ե’ւ Հայաստանով, դա նոր ուղի է: Չեմ կարծում, որ մենք կարող ենք դուրս մնալ»:

Երկաթուղու կառուցման համար, ըստ Վահան Մարտիրոսյանի, անհրաժեշտ է 3 միլիարդ դոլարից ավելի ներդրում: Բայց սա վերջնական գումարը չէ, քանի որ նախագիծը դեռ պատրաստ չէ:

Նախարարը վստահեցրեց, որ հայկական կողմն ամեն աշխատանք տանում է, որ այդ երկաթուղու կառուցումն իրականություն դառնա:

Հարցին, թե, այնուամենայնիվ, կկառուցվի,՞ նախարարն ասաց` ցանկալի է, որ կառուցվի:

Նախարարն անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման որակին, ասաց, որ կատարվող աշխատանքներից գոհ է. «Որակական առումով տպավորություններս դրական են, կան հատվածներ, որտեղ եղել են պրոբլեմներ, ես անձամբ եմ եղել այնտեղ, վերահսկողները վերահսկում են: Ցանկացած շինարարության մեջ կարող է լինել ինչ-որ փոքր հատված, որը կատարվել է անորակ, բայց դրանք քանդվել են, նորից են կառուցվել»:

Այսօր կառավարության որոշումով լուծարված  «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի առնչությամբ էլ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ դա օպտիմալացման շրջանակներում է տեղավորվում, կապ չունի երկաթուղու ծրագրի հետ եւ նախարարությունում գործող երկաթուղու վարչությունը կարող է իրականացնել այդ գործառույթը:

Նախարարը օգտվե՞լ է Հարավկովկասյան երկաթուղու ծառայություններից, տեսե՞լ է ինչպիսի պայմաններ են, Վահան Մարտիրոսյանն ասաց` այո: Նախարարը նաեւ հայտնեց, որ մոտ օրերս գնացքով մեկնելու է Սեւան, որպեսզի տուրիզմի սեզոնին ընդառաջ տեսնի ու ծանոթանա, թե ինչպիսի պայմաններ ու ծառայություններ են մատուցվում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031