«Ապրիլյան պատերազմում հակառակորդը չկարողացավ հասնել որեւէ լուրջ առավելության»,- այսօր «Զարկերակ» ակումբում ամփոփելով 2016-ի ռազմական իրադարձությունները՝ վստահեցրեց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Նա ասաց, որ մեր պաշտպանական հայեցակարգերում ապրիլյան պատերազմից հետո բավականի վերանայումներ են եղել, ռազմարդյունաբերության ոլորտում լուրջ աշխատանքներ են կատարվել: Օրինակ, առաջին անգամ ՀՀ-ում ռազմական լուրջ ցուցահանդես , որի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
Թե 2016-ի ընթացքում որքան կորուստ է ունեցել Ադրբեջանը եւ որքան ենք ունեցել մենք, ըստ Կարեն Վրթանեսյանի, դժվար է համեմատել, քանի որ Ադրբեջանում պետական մակարդակով արգելված է առանց ՊՆ-ի թույլտվության կորուստների մասին հրապարակումը. «Մեր հաշվարկներով՝ իրենց կորուստների կեսից ավելին չեն հայտնել: 2016-ի ընթացքում Ադրբեջանի կողմից հայտնի է 116 մարտական կորուստ, եւ ընդամենը 35 ոչ մարտական կորուստ: Ընդհանուր առմամբ ընդամենը 153 կորուստ է հայտնի: Բայց սրանք իրական թվեր չեն: Մենք առ այսօր շարունակում ենք հայտնաբերել 2014-ի, 2015-ի իրենց կորուստների մասին»:
Ընդ որում, ուշագրավ է, որ Ադրբեջանում այնքան անփույթ են, որ պետական պաշտոնական մակարդակով չեն կարողանում տեղավորվել իրենց հայտնած կորուստների թվերի մեջ: Կարեն Վրթանեսյանի խոսքերով՝ «Հենց իրենց ԱԳՆ-ի զեկույց գտանք, որոնց շնորհիվ պարզ դարձավ, որ առնվազն 10 մարտական կարուստ իրենք թաքցրել էին: Դա պաշտոնական իրենց զեկույցներն էր, որ ներկայացնում են ՄԱԿ ամեն ամիս»:
Կարեն Վրթանեսյանն ասաց, որ իրենց հաշվարկներով՝ ադրբեջանցիները միայն ապրիլյան պատերազմում միջինը գոնե 250 կորուստ պետք է ունենային, բայց Ադրբեջանը հայտարարում է, իբր ապրիլյան պատերազմում ունեցել են 90 կորուստ. «Չի կարող Ադրբեջանը աշխարհում դառնալ եզակի զինված ուժերի տեր երկիր եւ ոչ մարտական այդքան քիչ կորուստներ ունենալ»:
Կարդացեք նաև
Կարեն Վրթանեսյանն ասաց, որ ադրբեջանական բանակի համար 35 ոչ մարտական կորուստները անսովոր քիչ են նույնիսկ խաղաղ պայմաններում: Իսկ մարտական գործողությունների ժամանակ զինվորները սթրեսի մեջ են լինում եւ սովորաբար ոչ մարտական կորուստները նորից ավելանում են. «2016-ին ոչ փոխվել է իրենց բանակի հրամանատարությունը, ոչ բարեփոխումներ են արել, ոչ արգելել են իրենց զինվորականներին ավտոմեքենա քշել ու հարց է առաջանում, թե ինչու: Իրենք դադարել են հայտնել կորուստների մասին, չի կարող ողջ 2016-ի ընթացքում վթարից կորուստ չլիներ, օրինակ:
Վերլուծաբան Գագիկ Հարությունյանն ասաց, որ 2016-ին մենք արձանագրել ենք ընդհանուր առմամբ 165 կորուստ, որոնցից 147-ը զինծառայողներ են, մյուսները՝ կամավորականներ: Կամավորականների մեծ մասը զոհվել է մարտական պայմաններում: Կորուստներից 108-ը մարտական են: Մարտական կորուստներից 91-ը ապրիլյան պատերազմի զոհ է եղել:
Ոչ մարտական կորուստներից 15-ը եւս ապրիլին է եղել, որովհետեւ մարտական սթրեսի, հոգնածության պայմաններում ավելանում են վթարները: Ուստի պատահական չի, որ ապրիլին նաեւ ոչ մարտական ամենաշատ կորուստներն ենք ունեցել: Համեմատության համար ասենք, որ ողջ 2015-ին ՀՀ ԶՈւ-ում ունեցել ենք 76 կորուստ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ