Լրահոս
Օրվա լրահոսը

Անմարդկային պահման պայմաններ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Հունվար 12,2017 15:50

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները 2016 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, ուսումնասիրել են ՔԿՀ-ի ստորին հարկում գտնվող խցերից մեկի պայմանները։

Դիտորդների Խումբը թիվ N խցում արձանագրել են սանիտարահիգիենիկ պայմանների անմխիթար վիճակ, մասնավորապես՝ անզեն աչքով նկատելի էին բազմաթիվ խավարասերներ, որոնք մեծաքանակ խմբերով գտնվում էին և՛ առաստաղի, և՛ պատերի, և՛ սնունդ (հաց) պարունակող տուփերում:

Բացի միջատներից, առկա էին նաև այլ խնդիրներ՝ խցի օդի խոնավությունը ակնհայտորեն բարձր էր, օդափոխություն չէր կատարվում, քանի որ պատուհանը բացելիս դրսից ջուր էր լցվում խցի` գետնից ցածր մակարդակի վրա լինելու պատճառով: Խցի պատերի վրա խոնավությունից գոյացել էր բորբոս։

Անկողնու պարագաները նույնպես խոնավ էին։ Պատուհանի դիրքով և խցի կիսանկուղային լինելու արդյունքում բավարար չէր նաև խցի լուսավորությունը։ Բացի այդ, խցի անմիջապես հարևանությամբ արձանագրվել է կեղտաջրերի արտահոսք, որի արդյունքում ՔԿՀ ստորին հատվածում մշտապես առկա կեղտաջրերի հոտը դարձել էր չափազանց ուժեղ։

Ընդհանուր առմամբ, խցի պայմանները չափազանց անմխիթար էին, ըստ դիտորդների՝ նման պայմաններում ազատությունից զրկված անձանց պահելը, համակցության մեջ գնահատելով, հավասարազոր է անմարդկային վերաբերմունքի։

Դիտորդների Խումբը 2016 թվականի դեկտեմբերի 16-ին հրատապ հաշվետվություն է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն առաջարկելով հրատապ քայլեր ձեռնարկել թիվ 3 խցում անմարդկային պայմաններում գտնվող անձանց պահման պայմանները բարելավելու ուղղությամբ՝ կա՛մ անհապաղ տեղափոխելով այդ անձանց այլ ՔԿՀ-ներ, կամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այլ խուց։ Բացի այդ, հաշվի առնելով խցի ընդհանուր վիճակը, առաջարկվել է այդ խուցն այլևս չբնակեցնել:

2017 թվականի հունվարի 12-ի դրությամբ դիտորդների Խումբը դեռևս չի ստացել ՀՀ արդարադատության նախարարության պատասխանը բարձրաձայնված խնդրի վերաբերյալ, մինչդեռ hրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք օրվա ընթացքում:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031