«Սա Մինսկի խմբի համանախագահների հայտարարության շարունակությունն է»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի՝ Չինարիի դիվերսիայի առնչությամբ արված հայտարարությունը, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ըստ էության, ԵԽ գլխավոր քարտուղարը հիմնվում է այն տեղեկատվության վրա, որը տարածել են Մինսկի խմբի համանախագահները: Յագլանդի հայտարարությունում, ի հակառակ այն փաստի, որ Ադրբեջանը դիվերսիոն փորձ է կատարել, որի հետեւանքով մենք ունեցանք երեք կորուստ, քննադատության հիմնական անկյունն ուղղված է հենց հայկական կողմին, եւ շահարկվում է մարդասիրական խնդիրը, ինչն անթույլատրելի է»,- համոզմունք հայտնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը կարծում է՝ ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունը լրացուցիչ ապացույց է այն փաստի, որ հայկական դիվանագիտությունը պետք է ավելի պահանջկոտ գտնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդեպ եւ ստիպի, որ վերջիններս հրաժարվեն հավասարության սկզբունքով կամ չեզոք հայտարարություններ հնչեցնելուց. «Դա վնասում է մեր միջազգային հեղինակությանը եւ տարածաշրջանում անվտանգության ընդհանուր մթնոլորտին»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ որոշակի հակադրություն կա այն հանգամանքում, որ Մինսկի խմբի եւ ԵԽ քարտուղարի հայտարարությունում մի կողմից հավասարության նշան է դրվում կողմերի միջեւ, մյուս կողմից էլ ակնհայտ է, որ նախաձեռնող կողմի՝ Ադրբեջանի զինծառայողի դին է մնացել հայկական կողմում: «Բայց չմոռանանք, որ դեպքի մասին ճշմարտությունից զատ, Ադրբեջանը տարածել է կեղծ վարկածը՝ պնդելով, թե հայկական կողմն է փորձել դիվերսիոն գործողություն կատարել: Ուստի պետք է պահանջենք՝ այն, ինչ տրամաբանական է, պետք է հստակ արտահայտված լինի հայտարարությունների մեջ»,-ասաց քաղաքագետը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ