Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանվել են «խառը կանաչի եւ կանաչ սոխ» գնելու չափանիշները

Հունվար 12,2017 15:10

Փորձը ցույց է տալիս, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, կոռուպցիան Հայաստանում ոչ թե նվազել, այլ ավելացել է, մինչդեռ նման օրենքի գոյության նպատակն է` կրճատել կոռուպցիոն երեւույթները պետական գնումների գործընթացում: Համենայնդեպս, այդ կարծիքին է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Բաբայանը որոշ զավեշտական դրվագներ պատմեց` օրենքի կիրառման ընթացքից: Օրինակ` տարիներ առաջ, տիկնիկային թատրոնի տնօրինությունը մի այսպիսի գրություն է ստացել այն մասին, թե ինչպե՞ս է պետք պահպանել գնումների կարգը`«…այսուհետ գնումների ժամանակ մեկ փունջ խառը կանաչի համարել մեկ կիլոգրամ, մեկ փունջ կանաչ սոխը` կես կիլոգրամ»:

«Պարզ է, որ դա տարածվել էր բոլորին`առանց հաշվի առնելու գերատեսչությունների առանձնահատկությունները, բայց այսպիսի անեկդոտիկ բան ստացվեց»,- պատմեց մեր զրուցակիցը:

Իսկ առհասարակ, նա կարծում է, որ «Գնումների մասին» օրենքն ուղղակի խանգարում է թատրոնի գործունեությանը, քանի որ դրանում հաշվի առնված չեն այդ բնագավառի առանձնահատկությունները. «Թատրոնը`արտադրանքի տեսակետով, արտադրում է էքսկլյուզիվ ապրանք: Այն, ինչ որ օգտագործվում է մի ներկայացման համար, չի կրկնվում մյուս ներկայացման մեջ: Գործընթացը ստեղծագործական է, ինչը նշանակում է, որ ընթացքում հնարավոր են որոշակի փոփոխություններ, նաեւ յուրահատուկ ապրանքի ձեռքբերում եւ այլն»:

Ռուբեն Բաբայանը հումորով է վերաբերվում առանձին զավեշտալի դեպքերին, բայց իրականում կարծում է, որ իրավիճակը բավական տխուր է այն իմաստով, որ բոլորը համարում են, թե միայն այդ օրենքի շնորհիվ է, որ հնարավոր է որոշակի վերահսկողություն սահմանել խոշոր ձեռնարկությունների վրա, բայց այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսին են, օրինակ, թատրոնները, պարզապես հայտնվում են մի վիճակում, երբ օրենքը չխախտելու կամ չշրջանցելու միակ հնարավորությունը չաշխատելն է:

Պարոն Բաբայանն ասում է, որ իրենք քանիցս դիտողություններ, առարկություններ եւ առաջարկություններ են ներկայացրել: Ուշագրավ է, որ պատկան պետական մարմինը` մշակույթի նախարարությունը, միանգամայն կիսում է դրանք: Բայց փոփոխություն չկա, քանի որ կառավարությունում իմաստ չեն տեսնում այս գլոբալ խնդրի մեջ ինչ-որ բացառություններ ներառել: «Մի բան է, երբ տոննաներով միս է գնվում բանակի համար, կամ շաքարավազ`գինու գործարանի համար, այլ բան է, երբ գնումները կազմում են շատ փոքր գումարներ`1000, 20 000, 50 000 դրամ եւ այլն: Դրանք նախօրոք`մեկ տարի առաջ պլանավորել`դեռ չիմանալով ի՞նչ կերպ դա կպատկերացնի նկարիչը, ինչպե՞ս դա կերեւա բեմում, ի՞նչ փոփոխության կենթարկվի ընթացքում: Ստացվում է`օրենքի խախտում: Ոչ խոշոր խախտում, բայց… Ես էլ ինձ համարում եմ պարկեշտ քաղաքացի եւ չեմ ուզում չխախտել օրենքը»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով`եթե օրենքը մշակելիս լսեին մեր կարծիքը, վստահ եմ, որ փոփոխություններ կլինեին, քանի որ սա այն սկզբունքային հարցը չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031