Այսօր Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ եւ գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ: Ըստ պարոն Կարապետյանի, նպատակն է՝ 2017 թ.-ի կտրվածքով պետբյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի ավելացումը: Նրա խոսքերով. «Անհրաժեշտ է երկամսյա ժամկետում ՀՀ առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների, տնտեսական զարգացման եւ ներդրումների, կրթության եւ գիտության, մշակույթի, պաշտպանության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, տրանսպորտի եւ կապի նախարարների ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկման արդյունքում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ եւ գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ` նպատակ ունենալով 2017թ. կտրվածքով պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի էական ավելացումը»,-նշեց վարչապետը:
Նա հանձնարարեց եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ` նպատակ ունենալով վարձակալությունից պետական բյուջեի մուտքերի էական ավելացումը եւ ծառայությունների մատուցման որակի բարելավումը, երկշաբաթյա ժամկետում ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված եւ ընդգրկվելիք առեւտրային կազմակերպությունների բաժնետոմսերի մասնավորեցման, ինչպես նաեւ պետական գույքի օտարման ցանկերը: Ըստ այդմ, եռամսյա ժամկետում ներկայացվելու են կանխատեսումներ մասնավորեցման ծրագրում ընդգրկված եւ ընդգրկվելիք առեւտրային կազմակերպությունների բաժնետոմսերի մասնավորեցումից, ինչպես նաեւ պետգույքի օտարումից 2017թ. սպասվելիք արժեքային գնահատականների վերաբերյալ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ