Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները

Հունվար 12,2017 14:19

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Արթիկի դպրոցի հանրությանը հայտնի խնդրին, հանձնարարականներ է տվել դպրոցների շենքային պայմանների վերաբերյալ: «Հանձնարարում եմ  Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝    ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ՝ երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ: Երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ»,-նշել է վարչապետը՝ հավելելով. «Կարծում եմ՝ հանձնարարությունը պարզ է. կոնկրետ Արթիկում մենք ունենք օպտիմալացնելու և նորմալ պայմաններ ապահովելու հնարավորություն, որովհետև մնացած դպրոցները թերբեռնված են, և կան դպրոցներ, որոնց պայմանները բարվոք չեն»:

Հաստատվել են ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

 Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ այն ընդգրկում է 140 գերակա խնդիր և 160 միջոցառում: Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ առաջին անգամ գերակա խնդիրներում նախատեսվել են նաև ենթախնդիրներ՝ սահմանելով դրանց կատարման ժամկետները:

Հաստատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի «Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017թ. նախահաշիվը: Որոշման համաձայն՝ նախահաշվից 1,700.0 հազ. եվրո կհատկացվի ՀՀ-ում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը ՄԱԶԾ-ի կողմից համակարգելու, ՀՀ կողմից ծրագրի իրագործման ծախսերը ֆինանսավորելու նպատակով:

Սպառած բնական գազի չափաքանակը կներառվի ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում

Ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման և վճարման գործընթացի հետ կապված հարաբերությունները կատարելագործելու և հստակեցնելու, ինչպես նաև դրանց հասցեականությունը մեծացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Տարվա ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի չափաքանակը կարող է կիրառվել որպես ընտանիքի անապահովության գնահատման ցուցանիշ, ուստի որոշմամբ առաջարկվում է այն ներառել ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում: Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և տարբեր եղանակների ընթացքում ընտանիքների կողմից բնական գազի սպառման տարբեր քանակը (բնակարանի ջեռուցման համար), առաջարկվում է 2017թ.-ի ընթացքում իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի uպառած բնական գազի սահմանային չափաքանակի կիրառման փորձնական ծրագիր: Ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո հնարավոր կլինի ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն բնական գազի սպառման տարեկան (12 ամիսների) սահմանային չափաքանակի մասին, որն ավելի ճշգրտորեն կբնորոշի ընտանիքի կենսապայմանները: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Կարապետյանը նշել է , որ սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ գին սահմանելու վերաբերյալ քննարկումների ժամանակ նախարարության ներկայացրած ցուցակում եղել են սոցիալապես անապահով որոշ ընտանիքներ, որոնք միջինից ավելի շատ գազ են սպառում:  «Կարծում եմ՝ հայտանիշերը մեզ լրացուցիչ հնարավորություններ կտան ցուցակում ընդգրկել ճիշտ համապատասխան շերտը»,-նշել է գործադիրի ղեկավարը:

Գործադիրը հավանություն է տվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին: Ծրագիրն ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն:

Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի

Գործադիրը հավանություն է տվել «Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնավորման համաձայն, Հայաստանի Հանրապետության և ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ, մասնավորապես՝ ԱՄԷ Դուբայ քաղաքի միջոցով: Ներկայում Դուբայն աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: Ըստ տեղեկությունների՝ ԱՄԷ-ում, մասնավորապես, Դուբայում բնակվում է մոտ Հայաստանի 2500-3000 քաղաքացի: Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն:

Շարունակվում է պետական կառավարման ապարատի օպտիմալացումը

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ինչպես նաև պետական կառավարման ապարատի օպտիմալացման, պետբյուջեից կատարվող ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է համապատասխան որոշումներ: Նախատեսվում է լուծարել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ը: Որոշման արդյունքում կտնտեսվի 9 մլն 200 հազար ՀՀ դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կլուծարվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Արդյունքում՝ առկա 13 հաստիքի և մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետևանքով կտնտեսվի մոտ 35 մլն ՀՀ դրամ:

 Այլ որոշումներ

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝  նախատեսվում է, որ 16 տարին լրացած քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի և դրա երկարաձգման վերաբերյալ նշումները կկատարվեն նրա ցանկությամբ՝ այդ մասին համապատասխան դիմում և պետական տուրքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում:

Գործադիրն ընդունել է նաև «Գույք ամրացնելու և շահագործման համար  ոչ  պիտանի անշարժ գույքը քանդելու մասին» որոշում, որի նպատակը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից հանվող գույքի հետագա կարգավիճակի որոշումն է:

Նիստի ավարտին վարչապետը անդրադարձել է նաև Ամանորի հանգստյան օրերին և առաջարկել  քննարկել դրանք կրճատելու հարցը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031