Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանն առաջարկում է ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ

Հունվար 12,2017 14:12

Ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու համար այսօր կառավարության այս տարվա առաջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարականներ տվեց: Վարչապետը հանձնարարեց համատեղ ուսումնասիրել եւ 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել` ըստ առանձին ապրանքների: Նրա խոսքերով, մասնավորապես, պետք է դիտարկել փոխարինման մեխանիզմները, տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ առաջինը, համարժեք փոխարինող ապրանքներ, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ ու մրցունակ ներմուծվողների նկատմամբ:

«Շուկայական մեխանիզմներով պետք է հնարավոր դարձնել ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ ներմուծվող ապրանքների կրճատման հաշվին: Ապրանքներ, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է, դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում: Ընդ որում, այդ ապրանքների արտադրությունը կազմակերպման կամ արտադրական հզորությունների ավելացման համար կատարվելիք ներդրումները կարելի է հետ բերել միջին ժամկետում»,- ասաց վարչապետը:
Նա նաեւ էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ հանձնարարականներ տվեց: Նա էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման եւ բնական պաշարների, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին հանձնարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով, ուսումնասիրել եւ եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ էներգետիկ համակարգի մինչեւ 2036 թվականի զարգացման ուղիները» ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն՝ նպատակ դնելով նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրություն ունենալ:

«Ելնելով դրանից՝ կարեւորենք տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը եւ ներքին հնարավորությունների օգտագործումն ու դրա արդյունքում տարածաշրջանի էներգետիկ եւ էլեկտրաէներգայի առեւտրի հնարավորությունների ընդլայնումը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Երկրորդ, նրա խոսքով, պետք է հաշվի առնել ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության տենդենցները, դեպի Իրան եւ Վրաստան էլեկտրահաղորդման նոր հզորությունների կառուցման ուղղությամբ էլեկտրաէներգետիկ համակարգում իրականացվող լայնածավալ ներդրումները, ինչպես նաեւ հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի զարգացման եւ դրանից բխող հանրապետության էներգետիկ անկախության ամրապնդման, էներգետիկ անվտանգության, համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը:

«Խոսքը գնում է այն մասին, որ մենք պետք է ունենանք հստակ ծրագիր՝ հասկանալով, թե ինչ հզորությունների կարիք ենք ունենալու, ինչ հնարավորություններ ենք ունենալու արտահանելու եւ այդ առումով պետք է ունենանք հստակ ծրագիր՝ գնալու առաջ»,- ասաց վարչապետը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031