Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ

Հունվար 12,2017 11:43

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարություն է տարածել՝ դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Եվրոպայի խորհուրդն ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում և մշտապես աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք հակամարտության մարդասիրական ասպեկտով: Ես քաջատեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի խախտումը հանգեցրել է զոհերի, և որ Հայաստանի զինված ուժերը մինչ այժմ շարունակում են պահել մարտերում զոհված ադրբեջանցի զինծառայողի դին: Ես կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և լիարժեք կերպով պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ վերադարձնել մարմինը՝ համաձայն 2010թ. Աստրախանի գագաթաժողովի համաձայնության՝ հաշվի առնելով հարցի մարդասիրական բնույթը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ ադրբեջանական ուժերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով զոհվել էր 3 հայ զինվոր: Ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ ՊՆ-ի, ունեցել էր 7 զոհ, ընդ որում զոհերից մեկի մարմինը մնացել է Հայաստանի տարածքում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031