Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման խորհրդատու ընկերության հետ մեկնարկային հանդիպումը

Հունվար 12,2017 11:41

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ձևավորման «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյի հետ: Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման խորհրդատու ընկերության հետ մեկնարկային հանդիպմանը մասնակցել են նաև ենթախորհրդատուներ «Ամերիա» ՓԲ և «Ֆիմոշնս» ընկերությունների ներկայացուցիչները: Ընկերության հետ կնքված պայմանագրով առաջիկայում կմշակվի երթուղային նոր ցանց, ինչպես նաև` ինտեգրված սակագնի և տոմսային համակարգ:

Կարևորելով մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ստեղծման անհրաժեշտությունը՝ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ տրանսպորտային բարեփոխումները մայրաքաղաքի բնակչությանը հուզող ամենակարևոր խնդիրներից են, որի մասին վկայում են վերջին սոցհարցումները, ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի համար խնդրի լուծման գործնական փուլին անցնելը նաև օրակարգային է: Վահե Նիկոյանը նաև մանրամասնել է մայրաքաղաքում երթուղային ցանցի խնդիրները, ներկայացրել նախորդ խորհրդատուի կողմից կատարված աշխատանքը:

«Գործող տրանսպորտային համակարգն արդյունավետ չէ, և շուրջ 2 տարի առաջ այս ուղղությամբ սկսված գործընթացի արդյունքներն ու ձեռքբերումները մեզ համար, ցավոք, բավարար չեն: Այժմ, նոր խորհրդատուի առկայությամբ մենք ակնկալում ենք, որ բարեփոխումները կմտնեն գործնական փուլ և դրանք առաջին հերթին պետք է սկսվեն երթուղային նոր ցանցի տեխնիկական մշակումից: Նշեմ, որ կան որոշակի ուսումնասիրություններ, այդ թվում ուղևորահոսքի և առկա վիճակի վերաբերյալ: Մենք գնում ենք համակարգային բարեփոխումների և ակնկալում ենք ունենալ լիարժեք, արդյունավետ ցանց, որը հիմնված կլինի մանրամասն ուսումնասիրությունների վրա, հնարավորին կբացառվեն կրկնվող երթուղագծերը՝ դրանով իսկ բարձրացնելով արդյունավետությունը: Բացի այդ, կարևոր է, որ, մեր բնակչությանը հնարավորին քիչ անհարմարություններ պատճառելով, ձևավորենք և ունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխանող և առավելագույն արդյունավետ երթուղային նոր ցանց», – ընդգծել է Վահե Նիկոյանը՝ հատկանշելով, որ քաղաքապետարանն իր լիազորության շրջանակում պատրաստակամ է աջակցելու աշխատանքներին:

«Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ ընկերությունը, սկզբնական ուսումնասիրման փուլում ծանոթանալով գործող ցանցին և խնդիրներին, առաջիկա ամիսներին դրանք կամփոփի և կկազմի երթուղային նոր ցանցի նախնական առաջարկը:

Հանդիպմանը նշվել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ կձևավորվի նաև միջգերատեսչական հանձնաժողով: Ընկերության կողմից մշակված առաջարկները ներկայացվելու են նաև հանրային քննարկման՝ հաշվի առնելու, թե որքանով են դրանք արդյունավետ և ընդունելի բնակչության համար:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Խորհրդային տարիներին Մոսկվա քաղաքում երթուղային տաքսիները ուղևորներին սպասարկում էին մետրոի ծայրամասային կայարաններից դեպի ծայրամասային միկրոշրջաններ:
    Դա հնարավորություն էր տալիս մետրոն ծանրաբեռնված շահագործել,քաղաքի կենտրոնում ավելորդ ծանրաբեռնվածություն չստեղծել և պայմաններ ստեղծել մետրոի նոր կայարաններ կառուցել…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031