Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ եւ կանանց 72-րդ առաջնությունները:
Երկու առաջնություններում էլ հանդես են գալիս 10-ական լավագույն շախմատիստներ, բացի ազգային հավաքականների հիմնական անդամներից: Ու չնայած դրան, տղամարդկանց առաջնությանը տրվել է ՖԻԴԵ-ի 14-րդ կարգ (2577 միջին գործակից), որը Հայաստանի առաջնությունների ռեկորդ է:
Տղամարդկանց եւ կանանց առաջնություններում չեմպիոնի կոչումը նվաճողները կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականները եւ մեր երկիրը կներկայացնեն թիմային առաջնություններում, իսկ 1-ից 3-րդ տեղերն զբաղեցնողները միանգամից հանրապետության բարձրագույն խմբի հաջորդ առաջնության եզրափակիչներին մասնակցելու իրավունք կստանան:
Երեկ բացման արարողության ժամանակ ՀՇՖ 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել օրերս կյանքին հրաժեշտ տված հանրապետության ութակի չեմպիոն, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի հիշատակը եւ բոլոր մասնակիցներին հետաքրքիր պայքար մաղթեց: Իսկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Թավադյանը շախմատիստներին տեղեկացրեց, որ մրցանակային եռյակներում տեղ զբաղեցնողները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ֆեդերացիայի հաշվին, իսկ 4-ից 7-րդ տեղերը միջազգային մրցաշարերին մասնակցելու համար ֆեդերացիայից կստանան 1000-ական եվրո:
Այնուհետեւ, կանանց եւ տղամարդկանց առաջնությունների գլխավոր մրցավարներ, միջազգային կարգի մրցավարներ Ջուլիետա Նահատակյանը եւ Աշոտ Վարդապետյանը շախմատիստներին ծանոթացրին կանոնակարգին, որից հետո անցկացվեցին վիճակահանությունները: Ըստ այդմ, մեկնարկային տուրերում միմյանց հետ խաղալու են հետեւյալ զույգերը:
Կանայք
Մարիամ Ավետիսյան-Սիրանուշ Ղուկասյան
Արմինե Բաբայան-Աննա Սարգսյան
Արփինե Գրիգորյան-Նարինե Գասպարյան
Մարիա Գեւորգյան-Սուսաննա Գաբոյան
Աննա Հայրապետյան-Նարե Առաքելյան
Տղամարդիկ
Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան
Տիգրան Հարությունյան-Արման Փաշիկյան
Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան
Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Լ. Պետրոսյան
Հովհաննես Գաբուզյան-Կարեն Գրիգորյան
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
12.01.2017