Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու հայաստանյան քաղաքական ուժերին 4-5 ամսում չի հաջողվում կողմնորոշվել` ում հետ եւ ինչպես մասնակցել ընտրություններին. «Հայկական ժամանակ»

Հունվար 12,2017 10:52

Հայաստանի գրեթե ողջ ոչ իշխանական քաղաքական համայնքը ընդհատակյա հանդիպումների մեջ է: Թերեւս Երեւանի բոլոր անկյուններում օրվա բոլոր ժամերին երկուսից հինգ հոգանոց խմբերով հավաքվում են` տալիս- առնում, հավանական սցենարներ գծագրում, հետո ցրվում են, ամեն մեկը այլ խմբի հետ է հանդիպում, նախորդ խմբի հետ ունեցած զրույցը պատմում, հետո էլի վերադառնում եւ այսպես շարունակ: Եվ գործընթացներն այդպես էլ ընդհատակից դուրս չեն գալիս: Սույն պրոցեսներին մասնակից տարբեր քաղաքական գործիչներ լրագրողների հարցերին մեկ պատասխան ունեն`մի քիչ էլ համբերեք, երբ վերջնական հայտարարի գանք, հայտարարություն կանենք:

Հանրությունը վաղուց արդեն սպասում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, Սեյրան Օհանյանի շուրջ հնարավոր դաշինքի ձեւավորման մասին հայտարարությանը, ընտրությունների մասնակցության ձեւաչափի մասին ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՎ-ի, այլ կուսակցությունների հայտարարություններին:  Ծառուկյանի եւ Քոչարյանի հայտարարություններն, ընդ որում, մի քանի անգամ հետաձգվել են:

Հարց է առաջանում` որն է խնդիրը, ինչու հայաստանյան քաղաքական ուժերին 4-5 ամսում չի հաջողվում կողմնորոշվել` ում հետ եւ ինչպես մասնակցել ընտրություններին: Ինչո՞ւ է Ծառուկյանն ասում `«երկու օրից կլինի իմ հայտարարությունը», հետո պարզվում է՝ երկու ամսից կլինի կամ նորից չի լինի: Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի խոսնակն ասում, որ Քոչարյանը 2017-ի խորհրդարանական ընտրությունների մասին կխոսի դեկտեմբերի կեսերին, դեկտեմբերի վերջին ասում է, որ կխոսի Ամանորից հետո, իսկ Ամանորից հետո ասում է, որ Քոչարյանի խոսքը շատ չի ուշանա:

Ակնհայտ է, որ նման հետաձգումները, դաշինքների շուրջ ամիսներ տեւող քննարկումներն ունեն կոնկրետ պատճառներ: Այդ պատճառները չեն կարող լինել քաղաքական ուժերի եւ տարբեր քաղաքական գործիչների տեսակետները, պետության համար կարեւոր խնդիրների լուծման մասին տարբեր մոտեցումները: Ճիշտ է, երեկ քննարկման թեմա էր, թե պե՞տք է արդյոք «Ժառանգությունը» քաղաքական ճանապարհ անցնի «Մարտի 1-ի» ոճրագործության մեղսագործներից Վարդան Օսկանյանի հետ, թե՝ ոչ, սակայն սա բուն պրոցեսներից դուրս քննարկում էր: Իրականում Հայաստանի քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները իրար մինչեւ արմատներ գիտեն, եւ եթե արդեն մի քանի ամիս քննարկում են ընտրություններին միասին մասնակցելու հարցը, նշանակում է՝ իրար հետ խնդիրներ չունեն:

Այդ դեպքում ո՞ւմ կամ ինչի՞ են սպասում քաղաքական ուժերը, որպեսզի կայացնեն իրենց վերջնական որոշումները, տան խոստացած հարցազրույցներն ու անեն իրենց հայտարարությունները: Արդյո՞ք սա այն դեպքը չէ, երբ արտաքին ուժերն են ձգձգումների պատճառը:

Հայաստանի քաղաքական ուժերը հակում ունեն իրենց գործողությունները եւ ներհայաստանյան զարգացումները Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ կապելու, նրանց հարաբերություններով պայմանավորելու, շատ հաճախ նաեւ նրանց ներկայացուցիչների հետ համաձայնեցնելու: Իսկ ներկայում Արեւմուտքը զբաղված է այլ առաջնահերթություններով, ԱՄՆ-ի վարչակազմն ընդհանրապես հնից նորի տրանսֆորմացիայի փուլում է, Ռուսաստանն էլ Հայաստանի գործող իշխանության հետ բազմաթիվ չլուծված ընթացիկ խնդիրներ ունի:

Թերեւս կուսակցություններն ու քաղաքական ուժերը սպասում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի ազդակներին, որոնք վերոնշյալ պատճառներով ուշանում են:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031