Լրահոս
Օրվա լրահոսը

Ռացիոնալ մտածողության մասին

Հունվար 12,2017 10:07

Իլհամ Ալիեւի ռացիոնալ կամ ոչ ռացիոնալ մտածողության մասին վեճն ինձ այնքան հետաքրքիր թվաց, որ ես էլ ինձ թույլ կտամ մի քանի նկատառում հայտնել: ՀՀ առաջին նախագահը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մտածողությունը ռացիոնալ է, իսկ Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսները, բերելով բարոյական, արժեքային եւ այլ տեսակի փաստարկներ, իրենց անհամաձայնությունն են հայտնում:

Ի՞նչ ենք հասկանում ռացիոնալ մտածողություն ասելով։ Կոնկրետ Իլհամ Ալիեւը, վստահ եմ, ուտելիքով պատառաքաղը տանում է դեպի բերանը, ոչ թե դեպի ականջը։ Չեմ կասկածում նաեւ, որ նա չի փորձում վերնաշապիկը ոտքերին հագցնել։ Բայց խոսքը քաղաքական եւ պետական գործչի ռացիոնալիզմի մասին է, որն է, ինչպես նշում է ինքը, առաջին նախագահը` «իրականությունը ճիշտ գնահատելու եւ երեւույթների պատճառահետեւանքային կապը ընկալելու ունակությունը»։ Հիտլերը 1933 թվականին ցանկանում էր ստեղծել «Երրորդ ռեյխը»։ Նա ճի՞շտ էր գնահատել իրականությունը։ Ինձ թվում է՝ ոչ. նրա նպատակն անհեթեթ ցնդաբանություն էր, որն արժեցել էր միլիոնավոր մարդկանց կյանք։ Լենինը ձգտում էր համաշխարհային հեղափոխությամբ համախմբել Երկրագնդի բոլոր պրոլետարներին եւ դրանով նոր, ավելի արդար աշխարհակարգ ստեղծել։ Նա ընկալո՞ւմ էր պատճառահետեւանքային կապերը։ Դարձյալ՝ ոչ։ Եվ հակառակ օրինակը. Ստալինը, որը նախորդ երկուսին չէր զիջում մարդակերությամբ, նպատակ էր դրել դաժան բռնապետություն հաստատելով՝ մոդեռնիզացնել երկիրը, դարձնել այն արդյունաբերական, իսկ ռազմական առումով` գերտերություն։ Դա ռացիոնալ նպատակ էր, եւ դաժանությունը, սրիկայությունը եւ նենգությունը չեն կարող «չեղարկել» այս փաստը:

Այդ ամենը հաշվի առնելով՝ դառնանք Իլհամ Ալիեւի մտածողությանը: Արդեն պարզեցինք, որ ռացիոնալիզմը «չեզոք է» բարի կամ չար, արդար կամ անարդար նպատակների հանդեպ: Բայց եկեք պարզենք` արդյո՞ք իրատեսական են այդ պետական գործչի նպատակները: Ակնհայտ է, որ նրա նպատակն է զենքի ուժով «վերանվաճել» Արցախը, եւ այդ նպատակն իրականացնելու համար նա նախապատրաստվում է նոր արյունալի բախումների: Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ Ալիեւը ճիշտ է գնահատում իրավիճակը եւ ընկալում է պատճառահետեւանքային կապերը: Ինձ թվում է` ոչ. նա սխալ է հաշվարկել իր երկրի տնտեսական, քաղաքական եւ ռազմական ռեսուրսները:

Մեր եւ Ադրբեջանի պարագայում խնդրի ռացիոնալ լուծումը խաղաղ, փոխզիջումային ճանապարհն է` այն պարզ պատճառով, որ մեր երկրների միջեւ չկա ռեսուրսների այնպիսի շեշտակի տարբերություն, որը կար, ասենք, Մեծ Բրիտանիայի եւ Արգենտինայի միջեւ (ֆոլքլենդյան ճգնաժամի ժամանակ, 1982) կամ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008 թվականի ամռանը: Նրանք, ովքեր ասում են, թե այդպիսի շեշտակի տարբերություն կա, պարզապես զբաղվում են քարոզչությամբ:

Մի խոսքով՝ ինձ թվում է, որ Իլհամ Ալիեւի մտածողությունը ռացիոնալ չէ: Եվ նա այդ առումով միայնակ չէ. Հայաստանում նույնպես կան իռացիոնալ մտածող բազմաթիվ մարդիկ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. մի ոմն քաղաքացի says:

    Այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյամ

  2. Ռացիոնալ կամ հրաշալի հայերենով բանայնական մտածելակերպը բնորոշ է ծանր հոգեկան հիվանդությամբ չտառապող ցանկացած մարդու, քանի դեռ խնդիրը չի վերաբերում նրա բարդույթներին կամ վախերին։ Ալիևին լավ չեմ ճանաչում, բայց կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանը, իրոք ունենալով կուռ վերլուծական միտք, կարծում է, թե ինքն էլ շատ ռացիոնալ է, այնինչ նրա կարևորագույն որոշումներն ընդունվել են անձնական իռացիոնալ վախերի թելադրանքով։ Ես կարող եմ սա ապացուցել, եթե ինձ ՙՙազգովին խնդրենՙՙ։)))

  3. Հ.Շ. says:

    Օգտակար կը լինի նկատի առնել թէ, այժմու իրականության մէջ, կարելի է ըստ էութեան համամիտ լինել Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտնած կարգ մը կարծիքների հետ, սակայն դէմ լինել անոնց հանրային արտահայտման: Որովհետեւ այդ արտահայտումը ոչ միայն օգուտ չունի, այլ վնասակար է: Եւ վնասակար է ոչ միայն արտաքին գետնի վրայ, այլ նաեւ ներազգային – այդ ալ՝ համահայկական մասշտաբով -: Այս մէկ կէտն է որ Առաջին Նախագահը տակաւին չի հասկանում:

  4. bzjackal says:

    Ալիևի’ տարածքները “զենքի ուժով վերանվաճելու” նպատակը Ձեզ համար “ակնհայտ” է, իսկ մի ուրիշի համար’ ոչ: Թե որ տեսակետն է “ռացիոնալ” մտածողության արդյունք, դժվար է ասել ու երևի հնարավոր էլ չէ այս դեպքում:
    Այլ կերպ ասած’ Դուք կարող եք ակնհայտ համարել “Ձեր տարբերակը” և, հետևաբար, Ալիևին’ ոչ ռացիոնալ: Իսկ եթե այդ տարբերակը ճիշտ չէ (ինչը ժամանակը կամ փորձը կարող է ցույց տալ), ապա ձեր դատողությունները կստացվեն սխալ, իսկ որոշների տեսակետից’ նաև իռացիոնալ:
    ԼՏՊ-ը, ինչքան հիշում եմ, ինքը նշել էր, որ Ալիևի “զենքի ուժը” հեռանկարային չէ ու այս համատեքստում էլ խոսում էր նրա մտածողության ռացիոնալությունից:

  5. Լավատես says:

    Ինձ դուր է գալիս ձեր պապենական տունը կամ ձեր այլ սրբություն եւ կարծում եմ ՝լուծումը խաղաղ, փոխզիջումային ճանապարհն է՝: 🙂

    Ոչ թե փոխզիջումային, այլ փոխշահավետ: Բայց ուժեղ քոչվորի միակ շահը դա մակաբուծությամբ զբաղվելն է թույլ տեղաբնիկի հաշվին ու նրա ունեցած չունեցածը յուրացնելն է, իսկ ուժեղ տեղաբնիկի շահը թույլ քոչվորից քոչվորական էությունը վերացնելու ու տեղաբնիկի մշակույթ սերմանելու մեջ է: Կարճ ասած, եւ տեղաբնիկների համար եւ քոչվորների համար լավն ու փոխշահավետը նա է, երբ տեղաբնիկները շատ անգամ ավելի շատ տեղաբնիկ են, քան քոչվորները՝ քոչվոր:

  6. Samvel Jeshmaridian, PhD says:

    Do you know that the organizer of 10/27/1999 was Ilham’s Father = Mr. Aliyev? When you learn that , you can understand the meaning of “rational” in the Text and in the Context!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031