Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ապրելու բանաձեւն ենք փնտրում, թե Սեւակից հետո ոնց ապրենք»

Հունվար 12,2017 16:00

Հերոսացած զինվոր Սեւակ Խաչատրյանի ընտանիքում
նրա զոհվելուց հետո անգամ «բարի լույսն» է փոխվել

Ապրիլյան պատերազմից հետո՝ սեպտեմբերի 25-ին Ղարաբաղում մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1997թ. ծնված, ապրիլյան պատերազմում արիության, գերազանց ծառայության համար շքանշանի արժանացած Սեւակ Հովհաննեսի Խաչատրյանը:
Մենք այցելեցինք Արմավիրի մարզի Արեւիկ գյուղ՝ Սեւակի ծնողներին: Եղբոր պատմելով՝ իրենց ընտանիքում Սեւակի մահից հետո ամեն ինչ է փոխվել, անգամ տանը «բարի լույսի» ձեւն է փոխվել. «Ամեն առավոտ արթնանում ենք ու մեկս մյուսիս հարցնում ենք՝ երազում Սեւակին տեսե՞լ ես: Մի ժամանակ շատ հաճախակի էի տեսնում երազումս: Մի օր երազում հարցրեցի՝ Սեւակ, հոգի կա՞, ասեց՝ հա, ախպերս, 100 տոկոս կա: Հարցրեցի՝ բա ո՞նց անեմ տեսնեմ, ասեց՝ որ կնեղվես, ինձ կանչի»: Սեւակի ընտանիքի անդամները նրա մահից հետո մի եկեղեցուց մյուսն են վազել, վիշտը փարատելու համար տարբեր քահանաներից հետաքրքրվել են՝ մահից հետո կյանք կա՞, Սեւակը հնարավո՞ր է նորից ապրի: Այդ օրը Սեւակը դարձյալ եղբոր երազում է հայտնվել՝ զինվորական հագուստով, ու ծիծաղել. «Ես ձեր հետ եմ, ինձ որտե՞ղ եք ընկած ման գալիս»:

Սեւակը եղել է դիրքի ավագի օգնականը, դեպքի օրը այցելել է տարբեր դիրքեր, որ տեսնի, թե ինչ խնդիրներ ունեն, ինչով կարող են օգնել: Հանկարծ նկատել է հակառակորդի կողմից ինչ-որ տարօրինակ շարժ: Բարձրացել է ու սկսել ուշադիր հետեւել: Կողքի զինվորներին զգուշացրել է: Հարցրել են՝ Սեւա՛կ, ի՞նչ ես տեսնում, ի՞նչ է եղել, Սեւակը պատասխանել է՝ «մի րոպե, հեսա կասեմ՝ ինչ է լինելու», ու չի հասցրել: Վիրավորված վիճակում Սեւակը հասցնում է փոխանցել մորը, որ «սա հարձակում էր թշնամու կողմից»: Նրան սպանել է թշնամու դիպուկահարը: Ծառայակիցները վստահ են, որ հակառակորդի հետախույզները թիրախավորած են եղել բանակում աչքի ընկնող Սեւակին, ուզել են ոչնչացնել: Նա քարտեզներից է օգտվել, կարողացել է թռչող սարք չեզոքացնել:

Հայրը խորը կսկիծով պատմեց, թե ինչպես է իմացել որդու մահվան գույժը. «Արեւոտ, լավ օր էր, Սեւակիս լուրը ստանալուց հետո օրը փոխվեց, մեզ համար դարձավ մառախուղ, ցուրտ, երբ հոգուդ ներսում սառում է ամեն ինչ, աչքիդ առաջ մառախուղ է միայն, մթագնում է ուղեղդ, դու չգիտես՝ ինչ է տեղի ունենում: Դա երբեւիցե չեմ ցանկանա որեւէ մեկը զգա: Ինչքան էլ բացատրեմ, ոչ մեկը թող չզգա, դա կհասկանան այն ծնողները, որոնք կորցրել են զինվոր բալա: Սեպտեմբերի 25-ից հետո մեզ համար ամեն օրը նույնն է, ոչինչ չի փոխվում»:


Մայրը արցունքն աչքերին հիշում է իր վերջին հեռախոսազրույցը որդու հետ. «Ասեց՝ մա՛մ ջան, օրերը շուտ-շուտ անցնում են, գլորվում են, շուտով կգամ: Դա էր իմ վերջին խոսելը: Ամռանը պիտի տանը լիներ, արդեն 1.3 տարի ծառայել էր: Իր մահվան լուրը ստանալու դեպքից մեկ օր առաջ «Դիրքերում» հաղորդաշարն էինք դիտում: Հանկարծ հպանցիկ լսեցինք, որ հաղորդման ժամանակ ասացին՝ սերժանտ Խաչատրյանը պատրաստվում է մարտի: Ուրախացանք, ասեցինք՝ մեր Սեւակն է: Հաջորդ օրը որոշեցինք կրկնությունը նայել, որ համոզվենք՝ մե՞ր Սեւակն է, թե՞ ոչ: Ժամը 3-ն էր, պարզվում է՝ այդ ժամին արդեն «Հորիզոնը» հայտարարել էր, որ Սեւակս չկա, զոհվել է»:

Ծնողներին Սեւակի մահվան լուրը հայտնել են ոչ թե ՊՆ-ից, այլ բարեկամներից մեկն է ասել ու բավականին անփութորեն՝ այնպես, որ մինչեւ հոգու խորքը վիրավորել է նրանց: Մեկ այլ ազգական վառել է տան բակի լույսը՝ իբրեւ սգո նշան, ու մոր խոսքերով՝ այդ օրվանից ընդմիշտ մթնել է իրենց օրը:

Այս օրերին տոների կապակցությամբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շնորհավորական նամակ է ուղարկել Սեւակի ծնողներին՝ նշելով, որ խոնարհվում է իսկական հայորդի Սեւակ Խաչատրյանի հերոսական ուղու առաջ, տոնական տրամադրության հետ մեկտեղ հիշում ու վերարժեւորում են ապրիլյան պատերազմը՝ հիշելով ու մեծարելով Սեւակին ու նրա ընկերներին:

Ծնողները պատմեցին տարիներ առաջ Սեւակի ու այն ժամանակ դեռ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հանդիպումը նախագահականում: Սեւակը փայլուն ունակությունների տեր է եղել, հաղթել է դպրոցական մի շարք օլիմպիադաներում, «Մեղու», «Կենգուրու» մրցույթում ու որպես մարզի լավագույն աշակերտ՝ նախագահը հյուրընկալել է նրան իր նստավայրում: Ընդունելությունից հետո Վիգեն Սարգսյանը երկար զրույց է ունեցել Սեւակի հետ եւ ապշել՝ այդ տարիքում այդքան բարձր ինտելեկտի եւ համեստության վրա: Հոր պատմելով՝ «Երբ նախագահական պիտի գնար, կինս ասաց՝ Սեւակ ջան, բա մի նոր հագուստ չառնե՞նք: Սեւակը բարկացավ, թե՝ նորմալ է, պապ, հագուստ չունե՞մ: Ինչ ունեմ, դա կհագնեմ: Սեւակս ուրիշ էր, տարբերվում էր իր տարիքի տղաներից»:

Ստեփանակերտում, մինչ զորամասերում զինվորներին տեղաբաշխելը, բարձրահասակ, թիկնեղ զինվորներին առանձնացրել են: Սեւակը ամիսներ անց պատմել է, որ երբ նոր են բերել Երեւանից, զորքը շարել են, ու գնդապետը Սեւակին ասել է՝ դու չես մասնակցի վիճակահանությանը, գեղեցիկ սպայի կեցվածք ունես, կգնաս պատվո պահակախումբ: Սեւակը հրաժարվել է, ասել է՝ չեմ ուզում, ուզում եմ պաշտպանական գնալ: Գնդապետը զարմացել է, ասել է՝ գիտե՞ս ինչքան մարդ է ուզում, խնդրում, որ այդ զորամաս գնա, Սեւակը անդրդվելի է մնացել:

Ծնողները վստահ են, որ պատահական ոչինչ չի լինում կյանքում: Սեւակի ծննդյան օրը փետրվարի 1-ին է, սակայն այնպես է ստացվել, որ իր մահվանից առաջ շփոթմունք է եղել, եւ զորամասի հրապարակում հրամանատարական կազմը ծնունդից ամիսներ առաջ շնորհավորել է Սեւակի ծննդյան օրը՝ կարծես իմանալով, որ Սեւակը իր տարեդարձի օրը չի լինելու:

Սեւակի բացակայության հետ ծնողները ոչ մի կերպ չեն հաշտվում: Ասում են՝ հաց անգամ ուտելիս ամաչում ենք, անհարմար ենք մեզ զգում: Սեւակի ծնողները զարմանում են, երբ այս կամ այն զինվորի անունը շահարկելով՝ օգնություններ են ստանում: Նրանց խոսքերով՝ «Մենք ոչ մի բանի կարիք չունենք, մեզ ոչինչ պետք չէ»: Սեւակի հոր դիտարկմամբ՝ «Սեւակիս անունը պիտի ոսկե տառերով գրվի, ես երբեք իր անունը չեմ շահարկի՝ օգնություն ստանալու համար: Ես երբեմն մտածում եմ՝ ինքը երեւի մեր որդին չի, իրեն Աստված էր ուղարկել ու Աստված էլ տարավ իր մոտ: Պարզապես հիմա մենք ապրելու բանաձեւն ենք փնտրում, թե Սեւակից հետո ոնց ապրենք: Մենք մի վայրկյանում կորցրինք մեր կյանքի երջանկությունը»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

11.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031