Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռացող Բորդյուժայի վերջին լավությունը ԼՂՀ-ին

Հունվար 12,2017 12:00

Բորդյուժան նման հայտարարությամբ հանդես կգա՞ր,
եթե նրա պաշտոնավարումը չավարտվեր 2 օր անց

Տարեվերջին` դեկտեմբերի 29-ին, Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկեցին դիվերսիոն ներթափանցման փորձ: Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ կրեց, զոհվեցին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը:

Հայաստանի սահմաններում արձանագրված լարվածության առիթով հասարակությունը, փորձագետները, լրատվամիջոցները բազմիցս բարձրացրել են ՀԱՊԿ-ի անտարբերության հարցը: Ընդ որում, պետք է նախեւառաջ արձանագրել, որ ՀԱՊԿ-ից արձագանք ակնկալելն ամենեւին չի նշանակում, որ Հայաստանում օրուգիշեր երազում են, որ ՀԱՊԿ-ական զորքեր հայտնվեն հայ-ադրբեջանական սահմանին ու ՀՀ անվտանգությունն ապահովեն: Հայկական բանակից բացի՝ որեւէ այլ երկրի զորքերի հնարավոր մասնակցությունը ՀՀ անվտանգության ապահովման հարցում ուղղակի անընդունելի է:

ՀԱՊԿ-ից սպասելիքները միմիայն մեկ հարցում են` Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ ձեռնարկվող սանձարձակ գործողությունները Հայաստանի սահմանների նկատմամբ հասցեական դատապարտվելո՞ւ են, թե՞ ոչ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արձագանքեց Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից դեկտեմբերի 29-ին ձեռնարկված դիվերսիոն գործողությանը:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունում առանձնահատուկ տագնապով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մերձակայքում տեղի ունեցած զինված միջադեպի մասին տեղեկությունը: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղի ունեցած այդ գործողությունները գնահատում ենք սադրիչ, հատկապես այս տարվա ապրիլին ԼՂՀ-ում ծանր սպառազինության եւ զրահատեխնիկայի կիրառմամբ տեղի ունեցած բավական լուրջ միջադեպի ֆոնին: Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաեւ մի շարք պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի շնորհիվ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես կակտիվանա: Սակայն վերջին շրջանում կրակի դադարեցման պայմանավորվածության պարբերական խախտումների մասին տարածաշրջանից ստացվող տեղեկությունները, ինչպես նաեւ զինծառայողներին մահվան հանգեցրած՝ դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը լուրջ մտահոգություն են առաջացնում»,- ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության մեջ նշել էր Բորդյուժան:

Այն, որ Բորդյուժան «սադրիչ» է որակել Հայաստանի տարածքում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը, թեեւ չէր մատնանշել սադրանքի հեղինակին, եւ որ օգտագործել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը, սա պաշտոնական Երեւանը մեծ ձեռքբերում գնահատեց: Բորդյուժան ոչ թե վրիպել է, այլ կոնկրետ ազդակ է ուղարկել Ադրբեջանին՝ «Ազատությանը» վստահեցրել էր ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Եթե նախկինում թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ համանախագահ երկրները, թե՛ միջազգային հանրությունը ԼՂ կարգավորման մասին խոսելիս, ղարաբաղյան կողմի մասին խոսելիս նշում էին Լեռնային Ղարաբաղ եզրույթը, ապա հիմա հենց ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում կարող ենք ռուսերենով կարդալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ես չեմ կարծում, որ սա վրիպում է, ես կարծում եմ, որ սա հստակ ազդակ է, եւ առաջին անգամ ՀԱՊԿ-ի նման կառույցը, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, օգտագործում է ԼՂՀ եզրույթը: Եվ սա խիստ ազդակ է՝ ուղղված Ադրբեջանին»:

Օրերս պաշտպանության նախարարն է նաեւ նշել, որ գոհ է դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունից։ Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Նիկոլայ Բորդյուժան արտահայտվել է ոչ միայն իր անունից. «Գլխավոր քարտուղարի հայտարարությունը, կարծում եմ, շատ հստակ էր։ Գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ-ի կարեւորագույն ինստիտուտներից է, եւ նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում նա արտահայտում է կազմակերպության կարծիքը, որեւէ ավելացնելու բան այդ առումով չունեմ»։
Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության առիթով չուշացավ պաշտոնական Բաքվի արձագանքը: Նույն օրը Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն տարածեց հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպի վերաբերյալ` Բորդյուժայի մեկնաբանությունը որակելով որպես «սուբյեկտիվ» եւ «անընդունելի», քանի որ նա օգտագործել է ԼՂՀ հապավումը. «Դա հակասում է կազմակերպության մասնակից երկրների պաշտոնական դիրքորոշմանն ու բանակցային գործընթացի էությանը, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ ՀԱՊԿ-ի ղեկավարը որեւէ հայտարարություն անելուց կամ մեկնաբանություն տալուց առաջ պետք է լավ գնահատեր ու վերլուծեր իրավիճակը»։

Այս հայտարարությունից հետո Բաքուն անցավ գործի: Ադրբեջանական կայքերը մեկը մյուսի հետեւից սկսեցին ՀԱՊԿ-ական երկրների ներկայացուցիչների «պարզաբանումներ» հրապարակել: Մեկ Ղազախստանի ՊՆ-ի միջազգային կապերի բաժնից մեկնաբանում էին, թե` «որեւէ մեկին չենք լիազորել ՀԱՊԿ-ի անունից նման չհամաձայնեցված հայտարարություն անել»: Ապա` նույնաբովանդակ «պարզաբանում» նաեւ Ղրղըզստանի ՊՆ-ից էին ներկայացնում, իհարկե, չմոռանալով այդ երկրների` Ադրբեջանի հետ «ռազմավարական» հարաբերություններ ունենալու ու Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մասին հիշատակել:

Դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ նոր հայտարարությամբ, որում ավելի խիստ էին: Այս հայտարարության մեջ արդեն ՀԱՊԿ անդամներից համապատասխան արձագանք էին ակնկալում Բորդյուժայի հայտարարության առիթով՝ նրան մեղադրելով «Հայաստանի հանդեպ առանձնահատուկ համակրանք ունենալու» մեջ, ու շեշտում էին, թե Բորդյուժան «փորձել է կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ հիշեցնելով, որ այդ հայտարարությունը «հակասում է կազմակերպության այլ անդամների ունեցած դիրքորոշմանը, որոնք պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Բաքվի բարձրացրած աղմուկը, սակայն, այնքան էլ արդյունք չտվեց: Ադրբեջանական կայքերը դեկտեմբերի 30-ին տեղեկացնում էին, որ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է, սակայն նաեւ դժգոհում էին, որ ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակցին տված մեկնաբանությունում բացակայում են Ն. Բորդյուժային դատապարտելու խոսքերը, եւ չկա «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության»` Բաքվի համար խիստ սպասելի նախադասությունը:

Նշենք, որ վերոնշյալ հայտարարության մեջ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արել կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանման ստանձնած պարտավորություններին եւ անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: ՌԴ ԱԳՆ-ի` ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակցին տված մեկնաբանությունում նաեւ ասվում էր. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, ապա ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ արտահայտված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Երեւանում` հոկտեմբերի 14-ին»:

Ի՞նչ էր ասվում անցյալ տարի Երեւանում ընդունված ԼՂ խնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ: «Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը եւ խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը: Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ասվում էր հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այս հայտարարության ընդունումն այնքան էլ հարթ պայմաններում չընթացավ: Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում չնայած կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները հավանություն էին տվել ԼՂ խնդրի վերաբերյալ պետությունների ղեկավարների հայտարարության տեքստին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, թե տվյալ հարցով հայտարարություն երեւանյան գագաթնաժողովը չի ընդունի: ԼՂ հարցով հայտարարության տեքստ չհրապարակվեց նույն օրը գագաթնաժողովի ավարտին: Ամփոփելով ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ խնդրին անդրադառնալով, ըստ էության, շարադրեց վերոհիշյալ հայտարարության դրույթները:

Սակայն, ի վերջո, ՀՀ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում, ինչպես նաեւ ՀԱՊԿ Հայաստանի մշտական ներկայացուցչությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հոկտեմբերի 14-ով թվագրված հայտարարությունը:

Այսպիսով, դեկտեմբերի 30-ին ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակցին տված մեկնաբանությունում ՌԴ ԱԳՆ-ի արձագանքի վերաբերյալ Բաքվի դժգոհությունը միանգամայն սպասելի էր, որովհետեւ դրանում հիշատակվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հոկտեմբերի 14-ի հայտարարությունը, որում ոչ միայն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններն էին շեշտադրվում, այլեւ ՀԱՊԿ աջակցությունն էր արձանագրվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին, ինչպես նաեւ ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշման իրավունքին:

Սակայն Բորդյուժայի հայտարարության առիթով թե՛ պաշտոնական Երեւանի հիացմունքը, թե՛ պաշտոնական Բաքվի հիստերիան, ըստ էության, 2 օրվա կյանք ունեցան: Բորդյուժան, թերեւս, նման հայտարարությամբ հանդես չգար, եթե նրա պաշտոնավարման ժամկետը չավարտվեր այդ հայտարարությունից ընդամենը 2 օր անց:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները հունվարի 1-ից փոխանցվել են նրա տեղակալ Վալերի Սեմերիկովին։ Այդ որոշումը կայացվել էր ՀԱՊԿ խորհրդի՝ դեռեւս 2015թ. դեկտեմբերի 21-ի որոշման հիման վրա, որով Բորդյուժայի պարտականությունները երկարաձգել էին եւս մեկ տարով՝ մինչեւ 2017-ի հունվարի 1-ը։ Իսկ թե մինչեւ երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Վալերի Սեմերիկովը՝ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռ 2015թ. ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր ՀՀ ներկայացուցչին, սակայն որոշում էր կայացվել հարցը մեկ տարով հետաձգել: Հոկտեմբերին ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովում հայտարարվեց, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կլուծվի հաջորդ՝ սանկտպետերբուրգյան գագաթնաժողովին, բայց այդ հարցը այդտեղ էլ չքննարկվեց: Իսկ վերջերս Բորդյուժան լրագրողներին հայտնեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը կդիտարկվի գալիք ապրիլին կայանալիք գագաթնաժողովին։

Այն, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ վերապահումներ, լուրջ առարկություններ ունեն Հայաստանի ներկայացուցչի հարցում, վաղուց արդեն գաղտնիք չէ: Բայց սա թերեւս մի իրավիճակ է, որը Հայաստանի համար ավելի շահեկան է: Ով գիտե, թե Հայաստանի համար ինչպիսի ոչ նպաստավոր քաղաքականություն կարող է վարել ՀԱՊԿ-ը ՀՀ ներկայացուցչի պաշտոնավարման դեպքում: Թեկուզ ՌԴ-ՆԱՏՕ սրված հարաբերությունները, դրանք կարող են ավելի ցայտուն արտահայտվել նաեւ ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա: Այս առումով ՀԱՊԿ-ում ղեկավար դեր ստանձնելով` Հայաստանը կարող է հայտնվել ոչ այնքան նպաստավոր պայմաններում:

ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի քմահաճությունները ՀԱՊԿ-ում մինչ օրս ավելի բարյացակամությամբ են անցել, քան Հայաստանի կողմից այդ կառույցից ակնկալիքները: Թերեւս միակ բացառությունը Բորդյուժայի տարեվերջյան հայտարարությունն էր, այն էլ՝ դա ընդամենը հեռացող պաշտոնյայի գնահատական էր, վերջին լավությունը ԼՂՀ-ին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 11.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031