Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճաժամկետ ու լոկալ պատերազմ կազմակերպելու համար Ադրբեջանն ունի բավարար ռեսուրսներ

Հունվար 12,2017 15:30

Ինչու է հավանական, որ Ադրբեջանն այս տարի էլ
կարճաժամկետ պատերազմ կսկսի

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը կանխատեսում է, որ այս տարի էլ Ադրբեջանը կգնա արկածախնդրության եւ հնարավոր է՝ կրկին պատերազմ հրահրի: Տնտեսագետն այսպիսի եզրահանգման է եկել` ուսումնասիրելով Ադրբեջանի 2017 թվականի բյուջեն: Մեսրոպ Առաքելյանի ներկայացմամբ՝ Ադրբեջանի տնտեսությունն առաջիկա երկու տարիներին գտնվելու է վատագույն վիճակում, քանի որ նրա բյուջեն գրեթե 2,5 անգամ կրճատվել է` 23 միլիարդ դոլարից դառնալով 9 միլիարդ: Պարոն Առաքելյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի միջազգային պահուստները կրճատվել են ավելի քան 10 մլրդ դոլարով, անընդհատ արժեզրկվում է ազգային դրամը` մանաթը, քանդվում է ֆինանսական համակարգը։ Առկա է լուրջ սոցիալական դժգոհություն։

«Արդյունքում առաջիկայում կրկին ականատես ենք լինելու ռազմական արկածախնդրության, ինչը հնարավորություն կտա իր տնտեսական խնդիրները շեղել նոր պատերազմով»,- ասում է պարոն Առաքելյանը։

«Առավոտի» հետ զրույցում տնտեսագետը մանրամասնում է. «Ադրբեջանի բյուջետային եկամուտների ավելի քան 50 տոկոսը ձեւավորվում է նավթի վաճառքից: Մինչեւ 2014 թվականի վերջը նավթի գները բավականին բարձր էին՝ 120 դոլարի սահմաններում, եւ այդ ընթացքում Ադրբեջանի պետական բյուջեն հասնում էր մոտ 25 միլիարդի, ինչը մոտ 10 անգամ ավելի էր, քան Հայաստանի պետական բյուջեն, սակայն 2015-ից սկսած` նավթի գների կտրուկ նվազումը խնդիրներ առաջացրեց Ադրբեջանի ողջ տնտեսությունում, մասնավորապես` եկամուտների էական կրճատումը բերեց նրան, որ 2017 թվականին արդեն Ադրբեջանն իր բյուջետային եկամուտները կանխատեսում է ընդամենը 9 միլիարդի շրջանակներում, այսինքն` մոտ 2,5 անգամ պակաս, իսկ նման անկումը էական խնդիրներ է առաջացնում ամբողջ տնտեսության համար, մասնավորապես` ամբողջ բյուջետային ծախսերի տեսանկյունից լուրջ խնդիրներ կունենան»:

Պարոն Առաքելյանի խոսքով՝ նավթի արժեզրկման պատճառով Ադրբեջանում երկու տարի առաջ սկսված խնդիրները շղթայական տարածվում են ամբողջ տնտեսությունում` ֆինանսական համակարգում, ինչը նաեւ բերում է ազգային արժույթի` ադրբեջանական մանաթի կտրուկ արժեզրկման. «Մեկ դոլարը եթե մինչ այդ մեկ մանաթի շրջանակներում էր, այժմ արդեն մեկ դոլարի գինը գերազանցում է 1,8 մանաթը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական ծախսերին, ինչը վերջին տարիներին բավականին մեծ էր եւ գրեթե հասնում էր Հայաստանի ամբողջ պետական բյուջեի մակարդակին, ապա, ըստ տնտեսագետի, Ադրբեջանը ներկայիս բյուջեով երկարաժամկետ հատվածում իրեն չի կարող թույլ տալ ռազմական այնպիսի ծախսեր, ինչպիսին անում էր նախկինում. «Հետեւաբար, հաշվի առնելով այդ հեռանկարները, ինչպես նաեւ տնտեսությունում առկա լուրջ խնդիրներն ու հասարակության շրջանում դժգոհությունները, քանի որ արժեզրկման արդյունքում գնաճ է տեղի ունենում, ֆինանսական համակարգում են խնդիրներ առաջանում, բազմաթիվ բանկեր են արդեն փակվում, եւ, բացի այդ, Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի ֆինանսատնտեսական հետաքրքրությունները գնալով կնվազեն, Ադրբեջանը կփորձի առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում հասնել առավելագույնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից` առաջին հերթին փորձելով խաղաղ ճանապարհով ստանալ առավելագույնը եւ այդ ընթացքում, ինչու չէ, նաեւ հասարակությանը սոցիալական խնդիրներից շեղելու նպատակով նաեւ որոշակի ռազմական գործողությունների կդիմի, ինչպես եղավ նախորդ տարվա ապրիլին»:

Մեսրոպ Առաքելյանը վերլուծելով հարեւան երկրի բյուջեն՝ փաստում է, որ բյուջետային եկամուտները կտրուկ նվազել են, ինչի հետեւանքով պետական ոլորտներում որոշակի ծախսերի կրճատումներ են տեղի ունեցել, բացի այդ՝ աղքատության շեմը բարձրացել է եւ էլի կբարձրանա: Ազգային արժույթի արժեզրկման արդյունքում տեղի է ունեցել ներմուծվող ապրանքների գնաճ:

Ըստ մեր զրուցակցի՝ ֆինանսական շուկայում արդեն իսկ խնդիրներ են առաջացել, եւ որոշ բանկեր չեն կարողանում վճարել քաղաքացիների ավանդների սպասարկումը: Ի դեպ, Ադրբեջանում նույնպես տրանսֆերտները կրճատվել են՝ ոչ այնքան, որքան Հայաստանում, սակայն այս խնդիրն էլ իր հետեւանքն է թողել այս երկրի քաղաքացիների սոցիալական վիճակի վրա:

«Առավոտի» հարցին, թե բյուջեի կրճատման պարագայում Ադրբեջանը կարո՞ղ է իրեն թույլ տալ պատերազմել՝ հաշվի առնելով, որ պատերազմը հսկայական ռեսուրսներ է պահանջում եւ նաեւ այն, որ ապրիլյան պատերազմում Ադրբեջանը ռազմական տեխնիկայի առումով ֆինանսական մեծ կորուստներ ունեցավ, պարոն Առաքելյանն ասաց, որ վերջին տարիներին կատարած ռազմական ծախսերը Ադրբեջանին հնարավորություն են տվել կուտակել այն մակարդակի ռազմական տեխնիկա, որով կարճաժամկետ ու լոկալ պատերազմ կազմակերպելու համար Ադրբեջանն ունի բավարար ռեսուրսներ, քանի որ այդ տարիներին կուտակած տեխնիկան ամբողջովին չի օգտագործել:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

11.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031