Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

21-ամյա երիտասարդի մահվան գործով մեկ տարուց ավելի է՝ մեղադրանք չի առաջադրվել

Հունվար 12,2017 14:30

Ամանորից առաջ «Առավոտի» խմբագրություն էր այցելել Վայոց ձորի բնակչուհի Զարուհի Մակարյանը: Նա 2015 թվականի նոյեմբերի 26-ին Երեւանի Գ. Չաուշի փողոցում վրաերթից մահացած Հրայր Զաքարյանի մայրն է: Վերջինս անհանգստացած է քրեական գործի նախաքննության ձգձգման, որդու կյանքը խլած վարորդի ազատության մեջ գտնվելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա.Գասոյանի վարույթում է գտնվում թիվ 60114915 քրեական գործը:

Ըստ այդ գործի նախաքննության տվյալների, Գ. Չաուշի փողոցի 12/3 հասցեի մոտ «Օպել» մակնիշի 34 QT 351 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Սենեքերիմ Եսոյանը, վրաերթի է ենթարկել փողոցը հատող երիտասարդին՝ Հրայր Զաքարյանին:
Ըստ քննչական կոմիտեի քննիչի՝ «տուժողին անզգուշությամբ պատճառվել են մարմնական վնասվածքներ, ով «Արմենիա» հանրապետական բուժկենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է»:


Ըստ տուժողի լուսանկարում պատկերված մահվան վկայականի, Հրայրը ստացել էր «կյանքի հետ անհամատեղելի կոպիտ մարմնական վնասվածքներ»:
Քննիչ Ա.Գասոյանի որոշմամբ տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Հրայրի հայրը՝ Հարությունը, իսկ նրանց ներկայացուցիչն է փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մերի Ալավերդյանը:
Տուժողի մայրը տեղեկացնում է, որ որդին աշխատել է Կոմիտասի վրա գտնվող «Սիթի» խանութում:

Նրանք ընտանիքով տեղափոխվել էին Երեւան, վարձակալել Հյուսիս-արեւմտյան թաղամասում բնակարան, որտեղ ըստ «Վան» համատիրության կողմից տրված վկայագրի, բնակվել են հինգ անձով: Ընտանիքի հայրը բանվոր է «Երեւան ջուր» ընկերությունում, ապրում են սոցիալապես անապահով վիճակում:
«Սիրտս ասես զգար: Ժամը տասի կողմն էր, երբ որդիս զանգեց, ասելով՝ դուրս եմ եկել աշխատանքից, գալիս եմ տուն, ճաշը տաքացրու: Ուշանում էր, ես մյուս տղայիս ասացի՝ զանգի նրան: Քիչ հետո զանգեցին տղայիս, թե Հրայրը հեռախոսը կորցրել է, եկեք վերցրեք: Պարզվեց, չեն ցանկացել վատ լուրը միանգամից հայտնել. տղաս հիվանդանոց չհասած՝ մահացել է»: Մեր հարցին, թե փողոցը, արդյոք, լուսավորվա՞ծ է եղել, մայրն ասում է՝ փողոցում լույս կար:


Տիկին Զարուհին նամակներ է գրել հանրապետության նախագահին, վարչապետին, սակայն նամակն ուղարկել են ՀՀ ոստիկանություն, ում, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանության գործողություններից իր դժգոհությունն էր հայտնել տուժողի մայրը:
Նրանց մինչ օրս ասում են, թե փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ, ինչը չի համոզում տուժողի ծնողներին, քանի որ դեպքից անցել է մեկ տարի երկու ամիս:
Դեպքի վայրի մոտակա խանութները, բենզալցակայանը, որոնք նախնական տեղեկատվության համաձայն ունեցել են տեսախցիկներ եւ դա կարող էր օգնել նախաքննական մարմնին, հրաժարվել են ծնողներին տրամադրել տեսանյութը:
Որդին դեպքից մեկ տարի առաջ վերադարձել էր զինծառայությունից, ստացել շնորհակալագրեր Լեռնային Ղարաբաղի ՊՆ զորամասերից մեկի հրամկազմից՝ բարեխիղճ ծառայության համար:

 

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

«Առավոտ»

11.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031