Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ղուկասյանը պատրաստ է «կիսվելու» երեք մասի

Հունվար 12,2017 14:00

Օպերային թատրոնի նորանշանակ գլխավոր պրոդյուսերը՝
իր, «ՀայՖեստի», ուսանողների եւ նոր պաշտոնի մասին

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախորդ տարվա վերջին հրամաններից էր մեզ մոտ եւ արտերկրում ճանաչված պրոդյուսեր, «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Արթուր Ղուկասյանին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր պրոդյուսերի պաշտոնում նշանակելը:

Հիշեցնենք, որ հիշյալ փառատոնը միայն 2016թ. հյուրընկալեց 20 երկրից 250 մասնակիցների եւ երեւանյան 12 բեմահարթակներում ցուցադրվեց ավելի քան 50 ներկայացում: Թատերասերներն էլ հնարավորություն ունեցան դիտելու բազմաժանր ներկայացումներ՝ դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, կրկեսային եւ այլն: Ընդ որում, ներկայացումները, ինչպես միշտ, կայացան ոչ միայն դահլիճներում, այլեւ բացօթյա: Իսկ հրավիրված էին իսկապես հեղինակավոր արվեստագետներ, մենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ մի շարք երկրներից՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Չեխիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Մերձբալթյան երկրներից…

«Առավոտը» հանդիպեց Արթուր Ղուկասյանի հետ եւ մինչ Ազգային օպերային թատրոնի հետ կապված հարցերը, հետաքրքրվեցինք՝ չի՞ կարծում, որ մեկ շաբաթը («ՀայՖեստն» անցկացվում է հոկտեմբերի 1-8-ը) փոքր ժամանակահատված է նման ծավալուն միջոցառման համար: Նաեւ հիշեցրինք, որ ինքը նախորդ փառատոներից մեկի ժամանակ հայտնել էր հետեւյալ միտքը. «դաժան է, սպիտակ մազերս ավելանում են, բայց հանդիսատեսը, համոզված եմ, բարձր բավականություն է ստանում»:
Մեր զրուցակիցը պատասխանեց. «Մազերի մասով իսկապես այդպես է: Ինչ վերաբերում է փառատոնի տեւողությանը, օրինակ, Շոտլանդիայի Էդինբուրգում ավանդաբար անցկացվող հայտնի թատերական փառատոնին տրամադրված է նույնպես կարճ ժամանակահատված, բայց մի տարբերությամբ. այնտեղ 24 օրվա ընթացքում միաժամանակ աշխատում է 327 հարթակ… Նրանց եւ մեր նպատակն է, որ հանդիսատեսը ունենա բազմաժանր ներկայացումներ դիտելու ընտրություն»:

Գայթակղիչ էր տեղեկանալ նաեւ, թե, օրինակ, մեր եւ Էդինբուրգում անցկացվող փառատոներին ինչ չափի գումար է հատկացվում, ինչի մասին պրոդյուսերը երբեք չէր բարձրաձայնել: Պարոն Ղուկասյանը հայտնեց, որ Վիեննայում անցկացվող թատերական կամ Չեխովյան հայտնի փառատոները նույնիսկ ֆինանսական ճգնաժամի պայմաններում կազմում են մի քանի միլիոն դոլար. «Չեխովի փառատոնին, որ լավ ժամանակներում տրամադրվում էր 12 մլն, ճգնաժամի շրջանում գումարն իջեցվել է մինչեւ 5 մլն դոլար: Վիեննայինը, փաստորեն, վերջին շրջանում նույնպես իջեցված է՝ 14 մլն: Նույնը Զալցբուրգի օպերայի եւ բալետի հռչակավոր փառատոնի մասին է՝ 30-ից իջեցվել է շուրջ 25 միլիոնի: Ինչ վերաբերում է երեւանյան «ՀայՖեստին», մենք պետությունից ստանում ենք 30 միլիոն դրամ, իսկ, օրինակ, Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնը, դարձյալ իր պետությունից, ստանում է 1,5 մլն դոլար: Ասեմ ավելին՝ մերը, փաստորեն, երեւանյան փառատոն է, ինչը քաղաքապետարանից ստանում է զրո դրամ: Իսկ օրինակ՝ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանը, որն, ի դեպ, կոչվում է ոչ թե քաղաքապետարան, այլ կառավարություն, երեւանյան «ՀայՖեստին» մասնակցել ցանկացողների համար հատուկ բյուջե է առանձնացրել»:

Կատակեցինք, թե՝ ինչպես ասում են, դեղի համար ունեք մի քանի սեւ մազ, դրանք էլ Երեւանի օպերային թատրոնում կանհետանան եւ կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվեցինք՝ փաստորեն Արթուր Ղուկասյանը «կիսվելու» է երեք մասի՝ «ՀայՖեստ» փառատոն, 2011 թվականից Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում դեկանի պաշտոն եւ նոր աշխատանք օպերային թատրոնում: Իսկ լրջորեն հարցրինք, թե օպերայում ո՞րն է լինելու գլխավոր պրոդյուսերի առաջին աշխատանքը: Նկատենք, որ պրոդյուսերը Երեւանի թատերական ինստիտուտում դոցենտ է, դասախոսում է 2002 թվականից, իսկ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանում՝ պրոֆեսոր:

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ պրոդյուսերի աշխատանքը վերջնական արդյունքում «ապրանք» ստեղծելն է, հետո էլ հայտնեց ընդամենը հետեւյալը. «Օպերային թատրոնի հետ կապված ես պարտավորված ու պատասխանատու եմ բոլոր նախագծերի համար, բոլոր միջազգային կապերի համար, իհարկե՝ համագործակցելով թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի հետ: Ցանկացած երկրի համար թանկ հաճույք համարվող օպերային թատրոնը պետք է ուրախանա կամ ցնծություն ապրի ոչ թե կայացած մեկ օպերային կամ բալետային ներկայացման համար, այլ պետք է հասնի այն մակարդակին, որ խաղացանկում տեղ գտած ներկայացումները հետաքրքրեն նաեւ արտասահմանցիներին, որոնք հատուկ այս կամ այն բեմադրությունը դիտելու համար ժամանեն Երեւան: Վստահորեն կարող եմ ասել, որ «ՀայՖեստ» փառատոնը իսկապես այսօր արդեն հասել է այն որակին, որ մրցում է դրսի ցանկացած փառատոնի հետ»: Ժպտալով էլ, թե ինչ վերաբերում է իր սեւ մազերի անհետանալուն եւ երեք մասի կիսվելուն, ասաց՝ «սեւ մազերս թող անհետանան, դա հոգ չէ, ու պատրաստ եմ, ինչպես ասացիք, կիսվել երեք մասի, կավելացնեի միայն լիարժեք բառը, այո, ոչ մի աշխատանքս էլ չի տուժի»:

Արթուր Ղուկասյանին հիշեցրինք, որ 2016-ը հաջողակ տարի էր օպերային թատրոնի համար. ամռանը թատրոնն ընդգրկվել է «Օպերա Եվրոպա» կազմակերպության ցանկում, որտեղ կա 110 թատրոն՝ 33 երկրից, իսկ աշնանն էլ՝ Ռուսաստանի երաժշտական թատրոնների ասոցիացիայի (ՌԵԹԱ) կազմում, որը միավորում է 45 խոշոր երաժշտական թատրոններ: Մեր զրուցակցին հայտնեցինք նաեւ, որ մինչ Ամանոր օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը «Առավոտին» վստահեցրել է, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայի Գելիկոն օպերայի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բերտմանի հետ, ավելին՝ ստորագրվել է փաստաթուղթ ընթացիկ թատերաշրջանի ավարտին մեր թատրոնում Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը» բեմադրելու մասին, ինչը կիրականացնի ռեժիսոր Վասիլի Բարխատովը, նկարչական ձեւավորումն էլ՝ հայտնի թատերական նկարիչ Զինովիյ Մարգոլինը, եւ մի կարեւոր հանգամանք եւս՝ բեմադրության ֆինանսական ծանրաբեռնվածությունը կթեթեւանա ՌԵԹԱ-ին անդամկցելու շնորհիվ: Այս առիթով օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսերն ասաց, որ դա միանշանակ ողջունելի է: Բայց կուզենար, որ Երեւանում գործունեություն ծավալած Բրիտանական խորհրդի օրինակով, որը մեր զրուցակցի որակմամբ ընտիր է աշխատում, հայերս էլ դրսում ունենայինք նման կազմակերպություն. «Մերը միայն մեր նախարարությունն է…»:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ թատերական ինստիտուտի իր ուսանողներին, նկատելով, որ գոնե մենք չենք հանդիպել ինստիտուտն ավարտած մեկ մասնագետի, որն աշխատի թատերարվեստի ոլորտում իբրեւ մենեջեր կամ պրոդյուսեր: «Իրավացի եք: Շրջանավարտները պարզապես չեն ցանկանում գնալ թատրոն. պատճառը ցածր վարձատրությունն է, նախընտրում են գովազդի ոլորտը, տուրիզմը… Նույնիսկ շրջանավարտներիցս մեկը բացել է հարսանյաց սրահ… Հասկանալի է, որ նրանց ստիպել չենք կարող, ինչպես ասում են՝ թատերարվեստում փողը քիչ է, գլխացավանքը՝ շատ»,- ասաց պարոն Ղուկասյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

11.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031