Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ ապրելակերպը՝ ազգային ծրագիր

Հունվար 12,2017 13:30

Ֆիզկուլտուրան եւ սպորտը զարգացնելու եւ տարածելու նպատակով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ամեն տարի տարբեր ծրագրեր է իրականացնում, սակայն, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության վարչության պետ Լեւոն Վահրադյանը, 2017 թվականն էականորեն տարբերվելու է թե նոր նպատակային ծրագրերի իրագործման, թե հասարակության նոր շերտերի ընդգրկման առումով:

-Պարոն Վահրադյան: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը տարեվերջյան ասուլիսում առանձնահատուկ նշեց, որ մասսայական եւ մանկապատանեկան սպորտի զարգացումը 2017 թվականին առաջնային է լինելու նախարարության գործունեությունում: Կմանրամասնե՞ք:

-Կա վարչապետի՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասսայականացման եւ տարածման ազգային ծրագիր մշակելու մասին հանձնարարական, որի վրա նախարարությունն աշխատում է անցած տարվանից եւ որը իրականացվելու է սկսած 2017 թվականից: Ստեղծվել է մասնագետներով համալրված աշխատանքային խումբ: Այն մշակում է ծրագրերը, դրանց ներդրման ուղղությունները, չափորոշիչները, գնահատման համակարգը եւ այլ հարցեր, որոնք քննարկվում են 15-օրյա պարբերականությամբ հրավիրվող նիստերում:

-Ի՞նչ ծրագրեր են դրանք:

-Նախ ասեմ, որ աշխատանքային խումբը ուսումնասիրում է նաեւ նախկինում մասսայական սպորտի ուղղությամբ եղած միջոցառումների փորձը, արդյունավետության աստիճանը, դրանք համապատասխանեցնում է արդի պահանջներին եւ կազմում կոնկրետ առաջարկների փաթեթներ:

Նախկին ՊԱՊ համալիրի օրինակով մեկնարկելու է մի ծրագիր, որն ընդգրկելու է հասարակության ամենալայն շրջանակներն ու խավերը՝ յուրաքանչյուրի համար սահմանված համապատասխան նորմատիվներով: Ընդ որում, մշակվում են, այսպես կոչված, խրախուսանքներ, որոնք նորմաները հանձնողներին կտարանջատեն չհանձնողներից՝ նրանց համար որոշակի արտոնություններով:

Ներդրվելու է նաեւ դպրոցականների համար տարիքային խմբերի բաժանված 1-ից 3-րդ եւ 4-ից 7-րդ դասարանների մարզական խաղերը, որին նախատեսում ենք շուրջ 40 հազար աշակերտների մասնակցություն, ինչպես նաեւ 8-ից 12-րդ դասարանցիների սպարտակիադան՝ մոտ 55 հազար աշակերտների մասնակցությամբ:

Մշակման փուլում է հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագիրը, որտեղ վեց մարզաձեւերից կմրցեն ինչպես պետական, այնպես էլ հավատարմագրված բուհերի մոտ երեք հազար ուսանողներ:

Հատուկ ուշադրություն ենք սահմանում նաեւ տարեցների վրա, որոնց համար նախատեսվում են հանրապետական խաղեր չորս մարզաձեւերից:

-Իսկ կա՞ն ծրագրեր, որոնք իրականացվելու են մարզերում:

-Անշուշտ: Գյուղական մարզական խաղերը, որոնք կազմակերպվելու են գյուղական բոլոր համայնքներում: Հույս ունենք, որ այստեղ էլ մեծ ներգրավվածություն կլինի:

-Այս բոլորը ծրագրեր են, որոնք պետությունը կյանքի է կոչում իր քաղաքացիների համար: Բայց հայտնի է, որ ցանկացած նախաձեռնություն ավելի արդյունավետ է դառնում, երբ ինքդ ես անձնական օրինակ ցույց տալիս:

-Այս տարվանից սկսում ենք նաեւ պետական մարմինների աշխատակիցների ներգրավումը մասսայական սպորտ, որի առաջին քայլը կլինի արդեն փետրվար ամսին մոտ 200 մասնակիցների միջեւ հանրապետական մրցույթը մարտական ատրճանակով հրաձգությունից: Նախարարությունը կարեւորում է այն, որպեսզի երկրի յուրաքանչյուր քաղաքացի հասկանա ակտիվ կյանքի կարեւորությունը եւ ինքը առողջ ապրելակերպով զբաղվելու պահանջ ունենա: Դրա համար անհրաժեշտ է պատշաճ քարոզչություն իրականացնել եւ այստեղ մենք զգում ենք լրատվամիջոցների աջակցության կարիքը:

-Նախորդ տարիների ծրագրերը շարունակվելո՞ւ են:

-Պարտադիր: Ընդ որում, դրանց մեծ մասը ՀՀ նախագահի մրցանակի համար մրցույթներն են, որոնց քանակը եւ ընդգրկման աշխարհագրությունն ու մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

11.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031