Կառավարությունը նախատեսում է թույլատրել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը հանել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգից:
Ըստ նախագծի, գույքի որոշ մասը պետք է ամրացվի պետական գույքի կառավարման վարչությանը, որոշը՝ պաշտպանության նախարարությանը: Պետական գույքի կառավարման վարչությանն են անցնում Լոռու եւ Կոտայքի մարզերի, Երեւանի, Մասիսի կայարանները:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից, ըստ նախագծի, դուրս են գալիս Քոբերի «Թումանյանի հրակայուն իրերի» ԲԲԸ տանող մերձատար գիծը, Վանաձորի «Հացամթերումների բազա» տանող մերձատար գիծը, Սպիտակի Շաքարի գործարանի մերձատար գիծը, Գյումրիի հացի փռի մերձատար գիծը, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ տանող մերձատար գիծը, «Արմավիրի հացաընդունման» ԲԲԸ տանող մերձատար գիծը, Երասխի «Հայկոպ» բազա տանող մերձատար գիծը, Արտաշատի բամբակի գործարան տանող մերձատար գիծը եւ այլն: Թվով 56 գծեր կառավարության որոշմամբ դուրս կգան կոնցեսիոների կազմից: Այս ընկերության կազմից նախատեսվում է հանել նաեւ թվով 20 սարքավորումներ:
Կարդացեք նաև
Իսկ ՊՆ-ին են անցնում գնացքի մարդատար վագոնի անջատող վահանակներ, հեռահաղորդակցային փայտյա հենասյուներ, հագուստներ, փայտյա երկաթգծեր՝ որպես վառելափայտ, եւ այն: Այս բոլոր իրերը օգտագործված են: ՊՆ-ի էն փոխանցվում նաեւ ԳԱԶ-5312 մակնիշի 1989 թվի արտադրության ավտոմեքենան:
Կառավարություն ներկայացրած նախագծի համաձայն, նախատեսվում է թույլատրել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին համաձայնություն տալու «Հարավկովկասյան երկաթուղու» առաջարկին՝ իրեն փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված հետագա շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը քանդել:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը այս նախագծով նախատեսված որոշ գույքի քանդման վերաբերյալ առարկություն է ներկայացնել: Մասնավորապես. «Առաջարկում են նախագծին կից ցանկերում առկա լրիվ մաշված, հաշվեկշռային արժեք չունեցող շարժական գույքը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնելու փոխարեն դուրս գրել, քանի որ նշված գույքը նեղ մասնագիտական է, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է, գտնվում է ՀՀ մարզերի տարբեր կայաններում եւ դրանց տեղափոխումը պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ, իսկ օտարումն անիրատեսական է:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը ամրացվող գույքը թեպետ բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է, հետագա շահագործման համար ըստ նշանակության ոչ պիտանի, սակայն այն իրենից արժեք է ներկայացնում եւ ենթակա է օտարման, ինչի արդյունքում թեկուզեւ քիչ քանակությամբ, սակայն կավելանա պետական բյուջեի մուտքերը: Օտարման գործընթացի ավարտից հետո միայն կարելի է չիրացված գույքի դուրս գրումը հիմնավորել ու այն սահմանված կարգով դուրս գրել»:
Ֆինանսների նախարարությունը եւս առարկություն է ներկայացրել՝ գումար հատկացնելու վերաբերյալ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ