Ամերիկյան վերլուծական կենտրոնի կարծիքով, ՀԱՊԿ-ում առկա տարաձայնությունների հետևանքով կազմակերպությունը չի քանդվի, սակայն, «հաստատ կթուլանա»:
Ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) վերաբերող վերլուծական հոդված է հրապարակել, որում, մասնավորապես, նշված է, թե Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ չեն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել Հայաստանի ներկայացուցչին:
«Արևմուտքում 2016-ի տնտեսական և քաղաքական ճգնաժամը նոր հեռանկարներ բացեց Ռուսաստանի համար, Մոսկվան ուժեղացրեց իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանը նոր ռազմաքաղաքական համաձայնագրեր կնքեց Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի հետ։ Սակայն, Ռուսաստանի հաջողությունը չի նշանակում ՀԱՊԿ-ի հաջողություն, որն ի սկզբանե ստեղծվում էր որպես հակակշիռ ՆԱՏՕ-ին»,- գրում է «Ստրատֆոր»-ը։
Հոդվածագիրը թվարկում է ՀԱՊԿ-ում առկա տարաձայնություններից մի քանիսը, այդ թվում նաև այն, որ անդամ երկրների ղեկավարներին արդեն երկու անգամ չի հաջողվել համաձայնության գալ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում: «Դեռևս 2015-ին ՀԱՊԿ-ի անդամները պայմանավորվել են, որ այդ պաշտոնը ռոտացիոն սկզբունքով երեք տարին մեկ անցնելու է անդամ երկրներից յուրաքանչյուրին։ Ըստ ռուսական այբուբենի, առաջինը Հայաստանն է, այսինքն՝ երկրները նախօրոք համաձայնվել են, որ Նիկոլայ Բորդյուժային պետք է փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը։
Կարդացեք նաև
Հոկտեմբերին Երևանում կայացած՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին բացակայում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իսկ դեկտեմբերին կայացած Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրանց բացակայությունները, որոշ տվյալներով, պատահական չէին»,- նկատում է ամերիկյան վերլուծական կենտրոնը:
Ըստ հրապարակման, Ռուսաստանը «կարծես թե» խոստացել է Հայաստանին, որ վերջինիս ներկայացուցիչը զբաղեցնելու է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Այդ քայլով Մոսկվան վերահաստատել է իր աջակցությունը Երևանին, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ չեզոք դիրքորոշում էր որդեգրել»,- գրում է «Ստրատֆոր»-ի վերլուծաբանը, միևնույն ժամանակ ընդգծելով՝ Ղազախստանն ու Բելառուսը մտերիմ կապեր ունեն Ադրբեջանի հետ, այդ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընդունելի համարել Հայաստանի ներկայացուցչին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: