Ապրիլի երկուսին ԱԺ ընտրություններին քվեարկած ընտրողների ցուցակների սկանավորման ու հրապարակման որոշումը կրկնաքվեարկությունները կանխարգելող մեխանիզմ է: Այս կարծիքին է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Ցանկացած անձ, որը կուզենա այլ անձի փոխարեն քվեարկել, պետք է հաշվի առնի, որ վաղը կամ վաղը չէ մյուս օրը կարող է դա բացահայտվել, ու ինքը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվի: Նախկինում, իհարկե, տեսել ենք քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպքեր, չնայած, ինչպես արդեն տեսել ենք, քրեական պատասխանատվությունն ավարտվում է տուգանքով եւ ոչ մի ընտրակեղծարար չի հայտնվել ճաղերի հետեւում, բայց, ամեն դեպքում, դժվար գտնվի մեկը, որը մեծ եռանդով իր անձնագրի մեջ դատվածության կնիք կուզենա տեսնել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա որոշումն իսկապես կանխարգելելու է, ստիպելու է մարդկանց մի քանի անգամ մտածել, նոր գնալ կրկնաքվեարկության փորձի»,- Aravot.am-ին ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ իշխանություններն այս մեխանիզմի ներդրման հարցում փոխեցին իրենց մոտեցումը, քանի որ, ի սկզբանե, պնդում էին, որ ընտրողների ցուցակների հրապարակումը անձնական տվյալների գաղտնիությունն է խախտում. «Իհարկե, սրանով ընտրությունները կդառնան թափանցիկ, հակառակը պնդել հնարավոր չէ, բայց արդյոք ընտրությունները իրապես կլինեն շատ ավելի լավը, այստեղ կասկածներ կան: Դժվար է վստահությամբ ասել, որ ընտրությունները կլինեն արմատապես ավելի լավը, ու հանրային կարծիքները, տրամադրություններն արտացոլված կլինեն մանդատների բաշխման մեջ: Այս ընտրություններում հիմնական խնդիրը կայանալու է ոչ թե տեղամասային ընտրական հանձնաժողովներում կեղծիքներ իրականացնելով, ինչպես եղել է վերջին քսան տարիներին, այլ ընտրական համակարգում: Իշխանությունները փորձում են ստեղծել մի համակարգ, որի սահմաններում կարելի է վերարտադրվել ու հանրային տրամադրությունները չարտացոլող արդյունքներ ունենալ, բայց միաժամանակ տեղամասերում չգնալ կեղծիքների»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ