Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսինս դարձել է 44 կիլոգրամ». Սարի թաղի դեպքերով կալանավորվածի առողջական վիճակը ծանր է

Հունվար 11,2017 17:33

Սարի թաղում հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կալանավորված Սարի թաղի բնակիչ Էդուարդ Զեյթունյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Aravot.am-ի հետ զրույցում նրա կինը՝ Լալա Բեռնեցյանը, ահազանգեց, թե ամուսինն այնքան վատ առողջական վիճակում է գտնվում, որ նրա քաշը հասել է 44 կիլոգրամի: Լալա Բեռնեցյանն ամուսնուն տեսակցել է երեկ ու նկատել, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Իմ ամուսինն ունի առողջական լուրջ խնդիրներ՝ սրտի, ճնշման, ողնաշարի: Բացի այդ նա հոգեբանորեն ահավոր ճնշված է: Ամուսինս մեր ընտանիքի միակ կերակրող ձեռքն է, ու հիմա ես ու որդիս ապրում ենք ծայրաստիճան վատ վիճակում, անգամ այս ցրտին չունենք վառելիք. իմ երեխայի հետ մենակ եմ մնացել»:

Տիկին Բեռնեցյանը նշեց, թե ամուսնու առողջական վիճակն այնքան վատ է, որ անգամ դեկտեմբերի 16-ին նշանակված դատական նիստի ժամանակ դահլիճում վատացել է, ինչի պատճառով նիստը մեկ ժամով հետաձգվել է:

Լալա Բեռնեցյանը դժգոհ է դատական գործընթացից, նշեց, թե դատական նիստերը ծաղրի են նմանվում: Այնուհետև հավաստիացրեց, որ ձերբակալված 10 տղաներից որևէ մեկը գործողություն չի կատարել, ավելին, ոստիկանների վրա ձեռք բարձրացնողները գտնվում են ազատության մեջ:

Տիկին Բեռնեցյանը վիրավորված է նաև պատասխանատու մարմինների անտարբերությունից: Նա հայտնեց, որ իրենց բազմաթիվ բողոքները մնացել են անպատասխան: Իսկ երեկ, երբ գնացել էր Նուբարաշեն ՔԿՀ ամուսնու հետ տեսակցության, վերջում պարզվել է, որ ՄԻՊ-ի ներկայացուցիչներ են եղել այնտեղ, սակայն ըստ Լալա Բեռնեցյանի՝ ՔԿՀ-ի աշխատակիցները միտումնավոր իրենց տեղյակ չեն պահել այդ մասին, որպեսզի բողոքներ չհղեին ՄԻՊ ներկայացուցիչներին: Նա դժգոհ է նաև ամուսնու խցային պայմաններից: Մեզ հետ զրույցում այս առիթով մանրամասնեց. «12-14 հոգի նստած են մեկ խցում, ահավոր պայմաններ են: Ամուսնուս տարել են 56 խուցը, որտեղ մի քանի անգամ դատված մարդիկ կան, և նրանց հետ լեզու գտնելը շատ դժվար է: Չգիտեմ՝ ամուսնուս ինչ դեղեր են տալիս. օրերով քնած է»:
Տիկին Բեռնեցյանը պահանջում է ազատ արձակել ամուսնուն՝ հաշվի առնելով նրա առողջական ծայրահեղ վատ վիճակը: Իսկ դատական գործերը, ըստ նրա, ընթանում են խախտումներով. «Իմ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատական նիստերին հարցեր է բարձրացնում, ինչը դատավորը չի ընդունում, տուժողներին վկաներից ոչ ոք չի ճանաչում, նախաքննական մարմնում ցուցմունք տվողները մի բան են ասում, դատարանում՝ այլ, չեն կարողանում հիմնավորել իրենց ցուցմունքները: Դատախազ Գևորգ Գևորգյանն էլ ցուցմունք տվողին ասում է՝ բերանդ փակիր: Մեր տղաների վրա 5-10 տարի հոդված է դրված. սարքովի գործեր են»:

Լալա Բեռնեցյանը տեղեկացրեց, որ իր ամուսնու գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 23-ին՝ ժամը 12.00-ին: Նա նշեց. «Ես ուզում եմ հաշվի առնեն, որ իր անչափահաս երեխան մնացել է անտեր և հաշվի առնեն իր առողջական խնդիրները: Մեր դատավոր տիկին Դանիբեկյանը թող ընդունի մեր փաստաբանի միջնորդությունը, ամուսինս, վերջապես, դուրս գա, աշխատի, իր ընտանիքին ապահովի: Չեմ էլ պատկերացնում` ինչպես կարող է նա այդ վիճակում աշխատել»:
Aravot.am-ը Լալա Բեռնեցյանի ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ ստացավ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից: Պարոն Ղլեչյանը տեղեկացրեց, որ Էդուարդ Զեյթունյանի առողջականը վիճակը նորմալ է, նա անցել է բժշկական զննում, ինչպես նաև ԷԿԳ հետազոտություն, որից հետո նրան նշանակվել է համապատասխան դեղորայքային բուժում ու իր դեղերն այս պահին ստանում է: Անդրադառնալով խցի վերաբերյալ հնչեցված դժգոհություններին` Գոռ Ղլեչյանը հավաստիացրեց, թե խցում նորմալ պայմաններ են. բնակվում է 11 հոգի: Այնուհետև նշեց, եթե ցանկանում են խուցը փոխել, կարող են դիմում գրել, որի հիման վրա խուցը կարող են փոխել:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031