Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանն իր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ գյուղի երաժշտական դպրոցը եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ գյուղի գլխավոր փողոցն անվանակոչել էր իր անունով:
Սա բուռն քննարկումների եւ քննադատությունների տեղիք էր տվել սոցցանցերում եւ հասարակության շրջանում:
Aravot.am-ը Ֆրոնտիկ Թեւոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է իրեն զգում այս ամբողջ աղմուկից հետո, արդյոք չի՞ զղջացել, որ նման նվեր է արել իր ծննդյան տոնի կապակցությամբ: Նա պատասխանեց. «Ես չեմ փոշմանել, ինչ ուզում են, թող անեն: Տեղյակ եմ աղմուկին, հա, ի՞նչպես պիտի վերաբերվեմ, չեմ իմանում դրան ինչ անուն տալ: Այդ օրինակը մեզ մոտ մինչեւ հիմա եղել է, կար, նույն Ցոլակ Մանվելիչի անունով անվանակոչություն է եղել, երբ ինքը կենդանի մարդ էր, նրա անունով անվանակոչվել է փողոց, մշակույթի տուն: Այն փողոցը, որտեղ ես ապրում եմ, առանց այդ էլ մարդիկ ասում էին Թեւոսյանի փողոց: Եվ ժողովուրդը հավաքվել է, դիմում են գրել ավագանուն, ավագանին էլ որոշում է կայացրել՝ իմ 30 տարվա աշխատանքային օրվա եւ նաեւ 70 ամյակի կապակցությամբ: Մնացածը ինչ ուզում են անեն: Մի հատ այդպիսի խոսք կա, ասում են՝ չոր կեղտը չի կպնի մարդուն: Ես էն մարդն եմ, որ ինչքան էլ ուզենան վարկաբեկեն, ինձ կեղտ չի կպնի, չեն վարկաբեկի, որովհետեւ ամբողջ հանրապետությունն ինձ գիտի: Նոր քիչ առաջ ինձ զանգել է 92 տարեկան մարդ՝ նախկին Կուրորտ սովետի նախագահ, որ ես 15 տարուց ավելի աշխատել եմ կուրորտային սիստեմում, 86 թվից եկել եմ Նոր Գեղի: Ես ունեմ 4 տղա, 10 թոռ, 4 ծոռ եւ այլն, թոռներ եմ պսակել, այսօր էլ թող էդ աղմուկը հանեն: Թեւոսյանը դրանով չի ճանաչվում: Թեւոսյանը ճանաչվում է իր մարդկային հարաբերություններով, կամեցողությամբ»:
Մեր հարցին՝ կառավարությունն ինչպե՞ս է արձագանքել այդ որոշմանը, արդյո՞ք հաստատել է այդ անվանակոչությունը՝ գյուղապետը պատասխանեց, որ ինքնակառավարման մարմիններում անվանակոչություններն անում է ավագանին. «Թե կառավարությունն ինչ է որոշում, ինչ է անում, այնտեղ ինչ-որ մի հատ կետ են գտել: Ավագանին որոշում է, ուղարկում է մարզպետարան, մարզպետարանն էլ՝ նախարարություն: Դրանից 10 տարի առաջ նման որոշում եղել է Ցոլակ Մանվելի Խաչատրյանի անունով անվանակոչել այն թաղամասը, որը ինքն է կառուցել: Թող կառավարությունն այն ժամանակ ասեր, որ գիտես ինչ կա, որոշում կա, որ կենդանի մարդու անունով անվանակոչություն չի արվելու: Անցել են տարիներ, նոր…կներեք, չեմ ուզում անպատվեմ, ձայնագրում եք»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ եք Դուք վրդովվել՝ նա պատասխանեց. «Գիտեք ինչ, 70 տարեկան մարդ եմ, ամբողջ օրը այգիներում էշություն ենք անում եւ այլն»:
Ֆրոնտիկ Թեւոսյանը վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ օրենքի շրջանակներում են արել. «Ախպեր, տենց կետեր չկան: Հիմա մարզպետի ամբողջ իրավաբանները խառնվել են իրար, տարածքային կառավարման նախարարության հետ քննարկում են, նայում են, որ այդպիսի կետ չկա ու մենք սխալ չենք, ավագանին սխալ որոշում չի կայացրել»:
Ֆրոնտիկ Թեւոսյանի խոսքերով՝ ինքն արժանի է. «Ես չեմ ուզում ինձ գովամ, թող գան ժողովրդի մեջ մտնեն, հարցնեն: Հազարից մեկը կարող է ինչ-որ բան ասի: 999-ին ես կամեցողություն եմ արել, օգնել եմ: Մեր գյուղում արտագաղթ համարյա չկա, որովհետեւ աշխատատեղ կա: Հազար ու մի հարցերով գալիս են գյուղապետարան, օգնում եմ: Ոչ մի գյուղում չկա, որ ավագանին որոշում կայացրած լինի, որ թաղումների ժամանակ օգնեն 30 հազարով, 40 հազարով, միշտ մեր գյուղապետարանը թաղումներին փող է տվել: 30 տարի հենց այնպես չի աշխատել Թեւոսյանը»:
Մեր հարցին՝ Նոր Գեղիի փողոցն ու երաժշտական դպրոցը Ձեր անունով անվանակոչելով՝ Դուք ի՞նչ եք ստացել, շոյվե՞լ է Ձեր անձնական փառասիրությունը՝ գյուղապետը պատասխանեց. «Ախպեր, ոչ մի բան էլ չեմ ստացել, հենց էսօր էլ թող գան հանեն էդ: Հենց էսօր էլ թող գան հանեն կամ հետադարձ որոշում կայացնեն: Ինձ համար էդ ոչ տաք է, ոչ էլ սառը: Ես սուրբ Հովհաննես եկեղեցի եմ կառուցում, ամեն օր առավոտները գնում եմ այնտեղ մոմ եմ վառում, օրհնում եմ ու գալիս եմ աշխատանքի»:
Մեր դիտարկմանը, որ նույն Կոտայքի մարզի եւ այլ մարզերի գյուղապետերի հետ ենք խոսել, այնքան զարմացած էին իր այդ անվանակոչության հետ կապված՝ Ֆրոնտիկ Թեւոսյանն արձագանքեց. «Ապշած կարող են լինել, իմ կոլեգաներն են, չեմ ուզում…բայց ՀՀ-ում ես չեմ իմանում քանի գյուղապետ կա, որ 30 տարի համայնքի ղեկավար է: 10 տարվա կամ 5 տարվա բանը պարզ չի՞, որ պիտի ասի՝ ոնց կարող են իմ անունով կոչել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը` hetq.am –ից
Հիշեցնում է Վասիլի Շուկշինի՝ ՛՛Մուժիկ Դերյաբին՛՛ պատմվածքը:
Մարազմ է սա…