Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսարանի հյուպատոսական ծրագրերի նախկին համակարգող, ռեժիսոր Արման Մազմանյանը՝ դժգոհելով, որ մինչ օրս չի կարողանում հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյից պարզաբանել, թե ինչո՞ւ է իրեն ազատել աշխատանքից: Նա գրավոր դիմել է հյուպատոսին՝ խնդրելով տրամադրել աշխատանքից ազատման հրամանը, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել: Ավելին, հյուպատոսարանում չեն վճարել նրա վերջին ամսվա աշխատավարձը, որը կազմել է 250 հազար դրամ ու չեն կատարել վերջնահաշիվ:
Արման Մազմանյանը, որն արդեն իսկ հարցազրույց է տվել Aravot.am կայքին, նշելով, որ ստիպված դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ու Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին, այսօր հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց հյուպատոսի՝ Հայաստանում ծավալած գործունեությունից: Բանն այն է, որ Արման Մազմանյանը 10 տարի շարունակ աշխատել է հյուպատոսարանում, ունի աշխատանքային գրքույկ, որտեղ կա ընդունման հրաման՝ կնիքված ու ստորագրված հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի կողմից: Սակայն, երբ Արման Մազմանյանը դատի է տվել հյուպատոսին՝ պարզաբանելու իրեն ազատելու հիմքը, պարոն Մոնտալտոն, նիստերին չներկայանալով, հայցադիմումի հետ կապված դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ հյուպատոսարան գոյություն չունի, Մազմանյանի աշխատանքային գրքույկի մեջ եղած ստորագրությունն էլ իրենը չէ (Տես փաստաթղթում): Նա գրել է.«Ես հանդիսանում եմ Իտալիայի պատվավոր հյուպատոս: Սակայն Իտալիայի պատվո հյուպատոսարան գոյություն չունի: Այդ է վկայում նաեւ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված տեղեկանքը, այն մասին, որ 2016թ. դեկտեմբերի 5-ի դրությամբ պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ Իտալիայի պատվո հյուպատոսարան գրանցված-հաշվառված չէ: Ուստի ես՝ որպես Իտալիայի պատվո հյուպատոս, չէի կարող հանդիսանալ գործատու եւ արձակեի հրամաններ, այդ թվում՝ աշխատանքի ընդունման եւ ազատման»: (Տես փաստաթղթերում):
Արման Մազմանյանը դիմել է Շիրակի մարզի դատախազություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպե՞ս եղավ, որ ստորագրությունը հյուպատոսինը չէ, երբ հյուպատոսը իր իսկ ստորագրությամբ իրեն տեղեկանքներ է տրամադրել ու ինչպե՞ս է, որ Գյումրիում բոլորին հայտնի Իտալիայի հյուպատոսարանը, որի շենքի վրա մի ժամանակ փակցված էր Իտալիայի դրոշը, գերբը, գրված էր՝ Իտալիայի հյուպատոսարան, հանկարծ դադարեց գոյություն ունենալ:
Արման Մազմանյանի փաստմամբ, հյուպատոսարանը ունի գրադարան, այդ կառույցում իտալերեն լեզվի դասընթացներ են կազմակերպվել, հետաքրքիր մշակութային ծրագրեր են իրականացնում:
Aravot.am-ը բանախոսից հետաքրքրվեց, թե քանի՞ աշխատակից ունի չակերտավոր ասած գոյություն չունեցող հյուպատոսարանը: Պարզվում է, որ Գորկու փողոց 3-րդ նրբանցք, 36 տանը տեղակայված հյուպատոսարանում աշխատել են հյուպատոսը եւ ինքը. թարգմանիչ-գործավարուհին էլ այլ տեղ է աշխատում. զբաղեցնում է հիմնադրամի տնօրենի պաշտոն: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հյուպատոսը թաքցնում Գյումրիում հյուպատոսարան ունենալու փաստը, հետաքրքրված կա՞, արդյո՞ք իրեն որպես «լեւի» հաստիք չի պահել՝ խուսափելով կենսաթոշակային ֆոնդ մուծվող սոցվճարներից, հարկային պարտականություններից: «Ճշտել եմ, որ իմ աշխատած տաս տարիների ընթացքում ոչ մի սոցվճար չի կատարվել եւ հնարավոր եմ համարում, որ հյուպատոսը հենց այդ պատճառով է հերքում հյուպատոսարան ունենալու ակնհայտ փաստը, այսինքն չկա կառույց, չկան հարկային պարտականություններ: Ես աշխատավարձ ստացել եմ առձեռն»:
Ի դեպ, Արման Մազմանյանը փաստում է, որ կան հեռուստատեսային բազմաթիվ ռեպորտաժներ, որոնք լուսաբանում են Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանի գործունեությունը: Կա նաեւ հարցազրույց հյուպատոսի հետ, որը պատմում է, թե ինչպես է ստեղծվել հյուպատոսարանը Գյումրիում: Ավելին, հյուպատոսարանը ֆեյսբուքյան էջ ունի: Արման Մազմանյանի փաստմամբ, Իտալիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում նշված է, որ Իտալիան երկու դիվանագիտական կառույց ունի Հայաստանում, մեկը Իտալիայի դեսպանատունն է Երեւանում, մյուսը՝ հյուպատոսարանը Գյումրիում:
Մենք եղանք Իտալիայի հյուպատոսարանում, սակայն երկհարկանի շենքի դռները փակ էին, եղանք նաեւ Գյումրիում հյուպատոսին պատկանող «Վիլա Կարս» հյուրատանը, որտեղից տեղեկացրեցին, որ հյուպատոսը ամսի վերջին նոր կլինի Հայաստանում, նրա հեռախոսահամարն էլ անհասանելի էր:
Նշենք, որ այս պատմությանը տեղյակ են թե՛ Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան, թե՛ արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին, թե ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Ջիովանի Ռիչիուլին, սակայն վերջիններս Արման Մազմանյանի հարցին ի պատասխան՝ նշում են, որ հյուպատոսը կտրամադրի բոլոր փաստաթղթերը: Իսկ հյուպատոսը, որը 2015 թվականի սեպտեմբերի վերջերին առանց բացատրության աշխատանքից ազատել է Արման Մազմանյանին, այդպես էլ լռում է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ