Վրաստանը և «Գազպրոմ-էքսպորտ» ընկերությունը համաձայնեցրել են նոր պայմանագիր, որով Վրաստանը դրամական փոխհատուցում կստանա՝ իր տարածքով դեպի Հայաստանի ռուսական գազի փոխադրման համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
«Գազպրոմ-էքսպորտի» հետ բանակցությունների մի քանի փուլից հետո, հաշվի առնելով գոյություն ունեցող պարտավորությունները, մենք կարողացանք համաձայնեցնել օպտիմալ առաջարկ: Կառավարությունը քննարկել է այդ առաջարկը և որոշել ձևակերպել համաձայնագիրը: Ըստ պայմանագրի՝ Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակրից չի աճում, փոխվում է միայն վճարման ձևը, ինչը ենթադրում է Հայաստան տեղափոխվող գազի դիմաց անցնել ֆինանսական վճարի: Ինչ վերաբերում է փոխադրման արժեքին, այն կլինի Եվրոպայում ամենաբարձր արժեքներից մեկը»,- կառավարության նիստից հետո ասել է Կալաձեն լրագրողներին:
Նախարարը հավելել է, որ համաձայնագիրը կնքվում է երկու տարով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ սեզոնային դեֆիցիտի ժամանակ, Վրաստանը կարող է ստանալ լրացուցիչ գազի ծավալ ցածր գնով՝ 185 դոլարով (215-ի փոխարեն):
Ավելի վաղ «Գազպրոմ-էքսպորտը» հայտարարել էր, որ ընկերությունը փաթեթային առաջարկ է արել Վրաստանին՝ այդ երկրի համար ապահովելու երաշխավորված եկամուտ գազի տեղափոխման ծառայություններից:
Կարդացեք նաև
««Գազպրոմ-էքսպորտի» կողմից վրացական կողմին արվել է փաթեթային առաջարկ օպտիմալ և փոխշահավետ պայմաններով, որոնք թույլ կտան վրացական կողմի համար ապահովել երաշխավորված եկամուտ գազի փոխադրման ծառայություններից և բարձրացնել Վրաստանի գազամատակարարման հուսալիությունը»,- ասել էր ընկերության գլխավոր տնօրենը:
Հիշեցնենք, հունվարի 10-ին Մինսկում տեղի են ունեցել «Գազպրոմ-էքսպորտի» գլխավոր տնօրեն Ելենա Բուրմինստրովայի և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հանդիպումը՝ Վրաստանի տարածքով Հայաստանին գազ մատակարարելու պայմանները համաձայնեցնելու վերաբերյալ:
Վրաստանը ռուսական գազ չի գնում՝ սկսած 2007թ.: Վերջին տարիներին Վրաստանի գազամատակարարման 88%-ն իրականացնում է Ադրբեջանը, իսկ 12%-ն ապահովվում է Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխվող ռուսական գազի հաշվին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ