Երևանի Պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնի դասախոս, երեք տարի առաջ Սիրիայից ՀՀ տեղափոխված Ավո Ավոշյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում խոսեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի՝ հունվարի 4-7-ը Սիրիա կատարած այցի մասին՝ առանձնացնելով Դամասկոսում նախագահ Բաշար Ասադի հետ զրույցը Սիրիական հակամարտության շուրջ: Ավո Ավոշյանը հատկապես կարեւորեց այն հանգամանքը, որ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վեհափառ հայրապետը մատուցել է Սուրբ ծննդյան պատարագ:
«Հինգ տարվա մղձավանջից հետո առաջին անգամ եկեղեցու զանգերը ղողանջեցին՝ ի նշան հաղթության: Արամ Առաջինի այցը հույս ներշնչեց ժողովրդին, ուժ տվեց: Նա իր աջակցությունը հայտնեց եւ հալեպահայերի գաղթօջախը վերականգնելու կոչեր հնչեցրեց»,-իր հերթին ասաց հալեպահայ լրագրող Սոսի Միշոյան-Դաբաղյանը:
Ավո Ավոշյանն ընդգծեց՝ Արամ Ա.-ն կարեւորել է ոչ միայն Հալեպի վերականգնումը, այլեւ հայ համայնքի վերակազմավորումը: Սոսի Միշոյան-Դաբաղյանն էլ տեղեկացրեց, որ Հալեպից Սիրիայի այլ շրջաններ գաղթած հայերը մտադիր են վերադառնալ Հալեպ. «Այն կենսունակ գաղթօջախ է»:
Կարդացեք նաև
Բանախոսները նշեցին, որ ներկայում հալեպահայերի ճշգրիտ թիվ չկա, այն տատանվում է 6-8 հազարի սահմաններում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ