«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ իր դեմ քաղաքական պատվեր է իրականացվում
– Լրատվամիջոցները գրեցին, որ Ձեր մասնակցությամբ հայտնի միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել: Ի՞նչ փուլում է այն:
– Ես նույնպես լրատվությունից եմ տեղեկացել քրեական գործ հարուցելու մասին: Այս պահին տեղեկություն չունեմ, թե ի՞նչ փուլում է այն գտնվում:
– Սպասո՞ւմ էիք նման զարգացումների:
Կարդացեք նաև
– Անսպասելի ոչինչ չեմ տեսնում: Կարող եմ միայն ենթադրել, թե ինչպիսի բացատրություններ եւ ցուցմունքներ կարող են տրված լինել: Բայց, քանի որ այս միջադեպը բավականին լայն հասարակական հնչեղություն ունեցավ, կարծում եմ, քրեական գործի ընթացքը հնարավորություն կտա մանրամասն եւ հրապարակային բացահայտել, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել:
– Մտահոգություններ կան, որ Ձեր պատգամավորական անձեռմխելիությունը կարող է որոշակիորեն խոչընդոտել գործի անաչառ եւ անկողմնակալ քննությանը:
– Ծանոթ եմ այդ մտահոգություններին: Բայց ովքեր հետեւել են իմ քաղաքական հետագծին կամ կենսագրությանը, կհամաձայնեն, որ առիթը բաց չեմ թողել հայտնելու իմ անհամաձանությունը`պատգամավորին անձեռմխելիությամբ օժտելու սահմանադրական դրույթին: 1995 թվականին, երբ ՀՀ Գերագույն խորհրդում քննարկվում էր Սահմանադրության նախագիծը, ես, որպես, սահմանադրական հանձնաժողովի անդամ, հանդես եկա այլընտրանքային հատուկ կարծիքով: Առաջարկություններից մեկն էլ այն էր, որ նախագծից հանվի պատգամավորին անձեռմխելիությամբ օժտելու հոդվածը: Ինչը, ցավոք, չընդունվեց: Նույն առաջարկությանմբ հանդես եմ եկել նաեւ 1998-2000 թվականներին, երբ ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ էի: Այդ առաջարկը նույնպես չընդունվեց:
Քրեական գործի առկայության դեպքում, կարծում եմ, հենց սկզբից պատգամավորին պետք է զրկել անձեռմխելիությունից: Այդ կարծիքին եղել եմ միշտ: Նաեւ կարծում եմ, որ պատգամավորական անձեռմխելիությունից զրկելը կազատի ինչպես ինձ, նաեւ ԱԺ-ին, ավելորդ եւ անիմաստ շահարկումներից, ինչը հաճախակի եմ նկատում շահագրգիռ լրատվամիջոցի էջերում:
– Ի՞նչ արդյունք եք ակնկալում այս գործից ընդհանրապես:
– Այդ ակնհայտ քաղաքական սադրանքը պետք է դիտարկել նախընտրական փուլի տրամաբանության շրջանակներում: Իսկ թե ո՞վ է իջեցված պատվերի հիմնական կատարողը եւ ի՞նչ խնդիրներ է փորձում դրանով լուծել`չնայած ամբողջ պատկերն ինձ համար տեսանելի է, բայց չեմ ուզում այս պահին վերջնական գնահատական տալ: Կարծում եմ, առաջիկայում ամեն ինչ կպարզվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ