Լրահոս
Օրվա լրահոսը

Վուրգավանի դպրոցում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Հունվար 11,2017 13:41

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի միջնակարգ դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա բացելու նպատակով, «Հայրենասեր» կազմակերպության առաջարկով, այս տարվա ամռանը կազմակերպեց դրամահավաք: «Հայրենասեր» կազմակերպության աջակցությամբ 2015թ. ամռանը հիմնանորոգվեց Վուրգավանի դպրոցը, որը ամերիկահայ բարերարներ Էլիզաբեթ և Աբրահամ Պողոսյանների անվամբ է:

Դպրոցի 5 համակարգ-դասարաններում այս ուստարում սովորում են 26 աշակերտ, աշխատում 12 ուսուցիչ: Հունվարի 10-ին, «Հայրենասեր»-ի համահիմնադիր ամուսիններ Ստեփան Սարգսյանի և Նելլի-Շուշի Մարտիրոսյանի ուղեկցությամբ, Վուրգավան այցելեցին ԻՏՁՄ համակարգող Սեդրակ Վարդանյանը, տեխ. գծով պատասխանատու Արծրուն Օրդյանը և իրավաբան Արկադի Սահակյանը՝ բերելով 2 համակարգիչ, 1 եռաչափ տպիչ, 1 շաղափող հաստոց, ռոբոտ-կոնստրուկտոր և լաբորատորիային անհրաժեշտ այլ պիտույքներ: Մինչ լաբորատորիայի բացումը՝ դպրոցի սաները հանդես եկան Սուրբ Ծննդին և Ամանորին նվիրված ուրախ հանդեսով, որին ներկա գտնվեցին նաև Վուրգավանի հարևան համայնքների դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ աշակերտներ: Այնուհետև ԻՏՁՄ համակարգող Սեդրակ Վարդանյանն անդրադարձավ իրենց աշխատանքներին, ներկայացրեց ծրագրերը՝ նշելով, որ նման լաբորատորիաներ հիմնականում բացում են ՀՀ սահմանամերձ համայնքների դպրոցներում և Արցախում: Տեղեկացրեց, որ միայն 2016թ. ստեղծվել է նման 128 լաբորատորիա: Իսկ 4 տարիների ընթացքում 194-րդը բացվեց Վուգավանում: Արցախում նման մեկական կենտրոններ կան նաև Ստեփանակերտում, Շուշիում, Վանքում և Ճարտարում:

Երևանում միայն 1 դպրոցում և պետական մանկավարժական համալսարանում կա այսպիսի լաբորատորիա: Այս կենտրոնները եզակի հնարավորություն են երեխաների համար՝ իրազեկվելու և ժամանակակից աշխարհում մրցունակ լինելու: Հավելեց նաև՝ նպատակադրված է մինչև 2019 թվականն այդպիսի լաբորատարիաների թիվը հասցնել 1200-ի: Ցուցադրվեց ֆիլմ, որը պատմեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (տնօրեն՝ Կարեն Վարդանյան) կողմից սահմանամերձ համայնքներում բացված ինժեներական լաբորատորիաների սաների մասին: Հաջորդ ֆիլմի հերոսները ԻՏՁՄ-ի ճամբարներում հանգստացող երեխաներն էին (մոտ՝ 700 հոգի):

Վուրգավանում գործող ինժեներական լաբորատորիան հիմնվել է բարերարներ Մարկ և Թալար Բերբերյանների նվիրատվության և ԻՏՁՄ միջոցների շնորհիվ: Լաբորատորիայի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին դպրոցի 2 աշակերտ, ովքեր պատրաստ են ընդգրկվել ՏՏ ոլորտի դասընթացներին: ԻՏՁՄ ներկայացուցիչները աշակերտներին և ուսուցիչներին բացատրեցին եռաչափ տպիչի և շաղափային հաստոցի աշխատանքը, հնարավորությունները:

«Հայրենասեր»-ի համահիմնադիր Ստ. Սարգսյանն ասաց, որ Վուրգավանի դպրոցն է ընտրվել լաբորատորիա հիմնելու համար, քանի որ այն ունի համապատասխան պայմաններ թե չափերի առումով, և թե տարածքադիրքային: Այստեղ խմբակներում կարող են ընդգրկվել նաև հարևան համայնքների 5-10-րդ դասարանների աշակերտները:


-Մեծ ցանկություն կար, որ Քաշաթաղում ևս լինի այն ամենը, ինչը կա Երևանում, իսկ տվյալ դեպքում այս տեխնոլոգիաները Երևանի դպրոցներում չկան: Ցանկություն, որ Քաշաթաղում ապրող ոչ մի ծնող, ոչ մի երեխա չմտածի, թե ապրելով Քաշաթաղում՝ կտրված է ավելի լավ ուսում ստանալու հնարավորությունից: Այս լաբորատորիան հենց այդ տրամաբանության մեջ է, -հավելեց Ստ. Սարգսյանը: -Մեծ հույս ունենք, որ սա թույլ կտա աշակերտներին ծրագրավորողի կրթություն ստանան, մասնակցեն մրցույթների, ճամբարների: 2 տարի կապի մեջ եմ եղել ԻՏՁՄ կազմակերպությունների հետ հենց այս ծրագիրը կյանքի կոչելու համար: Ապա շնորհակալություն հայտնեց նվիրատուներին և «Ղարաբաղտելեկոմ»-ի տնօրենությանը, որ դպրոցում համացանց միացրեց:

«Հայրենասեր» կազմակերպության շնորհիվ 2014-ին հիմնանորոգվեց Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում գտնվող Լեռնահովիտի դպրոցը, 2016-ին Հերիկում կառուցվեց նոր դպրոց, որը կոչվեց 2016թ. ապրիլյան պատերազմական իրադարձությունների ժամանակ մարտիրոսված զինվոր, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով:

Շուտով կսկսվի նաև արաքսամերձ Ալաշկերտ և Մուշ համայնքների համար նոր դպրոցական շենքի կառուցումը: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանն ուրախությամբ տեղեկացրեց, որ նույն օրը Բերձորի Վ. Թեքեյանի անվ թիվ 1 միջն դպրոցում վերաբացվեց 2 տարի առաջ գործող ՏՏ խմբակը, որը մասնագետ չլինելու պատճառով փակվել էր: Ասաց, որ դպրոցի՝ դասընթացներին մասնակից աշակերտները փորձել են սեփական ուժերի շրջանակներում վերաբացել խմբակը: Շնորհակալություն հայտնեց «Արմաթ»-ին՝ ՏՏ ոլորտում շրջանի դպրոցներին աջակցելու համար: Ներկա աշակերտներն ու ուսուցիչները մեծ սիրով ընդունեցին լաբորատորիայի բացումը, հետաքրքրվում էին սարքավորումների աշխատանքով, հնարավորություններով: Շատ աշակերտներ ցանկություն հայտնեցին մասնակցել խմբակների դասընթացներին:

Դպրոցի տնօրեն Մկրտիչ Փոթոյանը գոհ էր և «Հայրենասեր»-ից, որ հիմնանորոգեց դպրոցը և «Արմաթ»-ից՝ լաբորատորիան հիմնելու համար: Միջոցառմանը ներկա էին նաև շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, Վուրգավանի գյուղական համայնքի ղեկավար Գեորգի Խաչատրյանը:

 

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031