Չնայած նրան, որ այս ձմռանն ավելի շատ տեղումներ եղան եւ փողոցներում, մայթերին ավելի շատ էին սառցե թմբերը, ձյան կուտակումները, սակայն այս օրերին ավելի քիչ մարդ է դիմել շտապօգնությանը` տրավմաներ ստանալու գանգատով: Այսօր այս մասին ասաց Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը: Ըստ նրա, տրավմաների թիվը նախորդ տարիներին ավելին է եղել՝ 2016-ի եւ այս տարվա առաջին օրերի համեմատությամբ, որոնց թվում են նաեւ ավտովթարներից կոտրվածքները: Տիկին Ստեփանյանի տվյալներով, դեկտեմբերի 30-ից մինչ օրս գրանցվել է տրավմաների 24 կանչ:
Շտապօգնության պատասխանատուն նաեւ ասաց, որ սննդային թունավորումների դեպքեր էլ չեն գրանցվել եւ տոնական օրերը համեմատաբար հանգիստ են անցել: Այս ամանորյա տոներին կանչերի թիվը նախորդ Ամանորի համեմատությամբ նվազել է: Այս տոներին կատարել են 7 հազար 544 կանչ, որը 971-ով պակաս է անցած տարվանից:
Անցյալ տարի ընդհանուր առմամբ կատարել են 247 հազար 496 կանչ, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 49 հազար 432 քաղաքացի: Մանուկների համար կանչերը կազմել են 25 հազար 270, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 9 հազար 109 երեխա: Թագուհի Ստեփանյանի ներկայացմամբ, ճիշտ է, նախորդ տարվա համեմատությամբ շտապօգնության կանչերի թիվը աճել է, բայց նվազել է սրտանոթային հիվանդություններով պայմանավորված կանչերի թիվը: Նրա տեղեկացմամբ, բարձրացել է սուր շնչառական հիվանդությունների եւ տրավմաների քանակը:
2015-ի համեմատությամբ, 2016-ին կանչերի թիվը 9 հազար 286-ով աճել է, ինչը տիկին Ստեփանյանը պայմանավորում է ծառայության նկատմամբ վստահության բարձրացմամբ. «Շտապօգնությունը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, դեղամիջոցներով եւ կարծում եմ, որ բժիշկներն էլ պատշաճ ձեւով կատարում են իրենց աշխատանքը»:
Այս պահի դրությամբ, Երեւանում սպասարկում է 36 շտապօգնության մեքենա: Ծառայության տնօրենն ասաց, որ միջինը օրական կատարում են 700-750 կանչ, սակայն հիվանդանոց տեղափոխվում է 120-150 հիվանդ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ