Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չենք հրաժարվում Սայաթ-Նովայից եւ Փարաջանովից կամ ինչո՞ւ չդատապարտեցինք Քիմ Քարդաշյանին

Հունվար 11,2017 13:11

«Պետական քաղաքականությունը եւ այն բառամթերքը, որն օգտագործվում է իշխող վարչախմբի կողմից, տարածում է խավարամտություն, կեղծ ազգայնականություն եւ երբեմն ունի ֆաշիստական դրսեւորումներ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Խառն ամուսնությունները Հայաստանում և հանրության վերաբերմունքը. արձագանքներ Մարաշլյան ֆոտոստուդիայի լուսանկարի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը։ Խոսքը սեւամորթ տղամարդու եւ հայ կնոջ ընտանիքի հրապարակված լուսանկարի մասին է, որը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների տեղիք տվեց:

Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է 2012 թվականին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի ունեցած հրապարակային ելույթները`դաշնակցությանը հարող երիտասարդների կողմից DIY ակումբի հրկիզման փաստի առնչությամբ: Արծվիկ Մինասյանը հայտարարել էր`ինքը համոզված է, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով: «Ցանկացած առողջ երկրում նման խտրական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչը դուրս կշպրտվեր ասպարեզից»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը` նկատելով, որ մինչ օրս Արծվիկ Մինասյանը տարբեր բարձրաստիճան պաշտոններ է վարել, այժմ էլ նախարար է:

«Սինջար» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին իր խոսքում նկատեց, որ այս խնդիրը եզդիական համայնքում էլ կա. արգելում են կնոջ ու տղամարդու արտահամայնքային ամուսնությունները: «Սա կրոնական խնդիր է, կրոնավորները պետք է մտածեն համապատասխան փոփոխության մասին: Մարդու անձնական դաշտ մտնել, ոչ ոք իրավունք չունի: Յուրաքանչյուրն էլ պետք է հարգի դիմացինի անձնական կյանք ունենալու խնդիրը եւ որեւէ մեկը սահմանը չպետք է անցնի ու միջամտի մարդու անձնական կյանքին»:

Նա կարծում է, որ այդ ընտանիքի դեպքը հստակ ինդիկատորի դեր խաղաց, քանի որ միշտ հայտարարում ենք, թե Հայաստանում խտրականություն չկա, նման խնդիրներ չկան. «Հիմա շատ ակնհայտ դարձավ, որ կան եւ ինչ ուղղությամբ պետք է աշխատանք տանել»:

Բանախոսի կարծիքով, հասարակության վերաբերմունքը մի քանի տարիների կտրվածքում առաջխաղացում է արձանագրել, բայց դա պետության եւ իշխանության ձեռքբերումը չէ, այլ մարդկանց, իրավապաշտպանների, որոնք աշխատանք են տանում այդ ուղղությամբ:

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համակարգող Անահիտ Չիլինգարյանն այս ամենում օրենսդրական բացի եւ պետական քաղաքականության բացակայության խնդիր է տեսնում: Ըստ նրա, չկա պետական մարմինների կողմից մշակված եւ իրականացվող հստակ քաղաքականություն, ինչն էլ բերում է անպատժելիության: Արդարադատության նախարարությունում դեռ մտածում են`պետ՞ք է առանձին օրենք, թե`ոչ: Համենայնդեպս, ամեն ինչ դեռ մշակման փուլում է:

Ուշագրավ է, որ տարիներ առաջ նման քննադատության չարժանացավ մեկ այլ հայուհի`Քիմ Քարդաշյանը, երբ իր սեւամորթ ամուսնու եւ երեխայի հետ Հայաստանում էր: Զարուհի Հովհաննիսյանն ասում է`երեսպաշտությունն ակնհայտ էր, որովհետեւ Քիմ Քարդաշյանը համայնքի սեփականությունը չէր: Ավելին, նա համայնքին դիվիդենտներ էր բերում եւ ըստ այդմ, նաեւ «ապրանքի» գինն է բարձրանում: Այլապես, նա առաջարկում է լինել ազնիվ եւ հրաժարվել Լոռու քաղկեդոնական դավանանքի շրջանին վերաբերող բոլոր հուշարձաններից, այդ թվում Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցուց, որի պատկերագրությունը գնահատվում է որպես հայ քաղկեդոնական առանձնահատուկ արվեստի հուշարձան՝ կատարված բյուզանդական որմնանկարչության օրինակով։

Օրինակ է բերում Սայաթ-Նովային, որն ապրել և ստեղծագործել է Վրաստանում, գրել հավասարապես երեք լեզվով՝ ընդ որում ստեղծագործական առաջին քայլերն արել է թուրքերեն, ապա նաև հայերեն ու վրացերեն, սիրել վրաց արքայադստերը և այդ սիրուն նվիրել բազմաթիվ երկեր։ Օրինակ է բերում Սերգեյ Փարաջանովին, որը սեռական այլ կողմնորոշում ուներ, բաց կյանք էր վարում, ինչի համար խորհրդային տարիներին դատապարտվել է ազատազրկման։ Մինչդեռ, հիմա ասվում է, իբր այդ ամենը նրան մեղսագրվել է`դատապարտելու համար: «Ես կարծում եմ, որ մենք երեսպաշտ ենք, շատ ավելի օգտակար կլինի, որ վերջ տանք երեսպաշտությանն ու նայենք իրականության աչքերին»,- ասում է իրավապաշտպանը` հավելելով` կենցաղավարական ազգայնականություն ենք վարում`բավական կեղծ մեթոդներով:

Իրավական կարգավորումներ վիճելի հարցերին, բանախոսների կարծիքով, այժմ անհնար է գտնել: «Օրենքի գոյությունը չի ապահովում իրավական մթնոլորտի առկայությունը: Օրինակ՝ շատ եզդի ընտանիքներ իրենց աղջիկներին ութերորդ դասարանից հետո դպրոց չեն ուղարկում`ասելով ավանդույթն է այդպիսին, բայց պետությունը չի բռնում նրանց ձեռքը` ասելով, որ կան օրենքներ, որոնց առջեւ ձեր ավանդույթները չեն գործում եւ մեզ անգրագետ քաղաքացիներ պետք չեն»,-ասում է Բորիս Մուրազին:

Իսկ հարցը`հասարակության ո՞ր հատվածն է դեմ խառնամուսնություններին, նրանք անգամ վտանգավոր են համարում, քանի որ դա մարդու իրավունքների կոպիտ խախտում են որակում: Խնդիրը դիտարկում են պետության վերաբերմունքի տեսանկյունից: Իսկ այդ տեսանկյունից, ըստ Զարուհի Հովհաննիսյանի, խավարամտությունը բավական ձեռնտու է իշխանությանը, ինչը գործիք է դառնում իշխանությունը վերարտադրելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Սովորական կրկեսը, նորէն…

    Եթէ մի օր հասկանաք որ խնդիրը այս կամ բանը ընելը չէ, անձնական-սեփական կյանքում,այլ զանոնք որպէս փրովոկացիա հրապարակի վրայ ցուցադրելը, որպէս պայքարի դրոշ պարզելը, գաղափարական «դատ»ի վերածելը…
    ոհ, բայց թէ որ այդ բոլորը հասկանաք, գո՛րծ չէք ունենար…
    եւ դրսից ճոխ դրամաշնորհներ ալ չէք ստանար…
    հմմմ

    Իսկ այդ բաղդատականները բացահայտօրէն irrelevant են:
    Սայաթ-Նովայի ժամանակ հայ ազգություն տակաւին գոյություն չունէր, Փարաջանովը իր անձնական կեանքը երբեք հանրային խնդրի չէր վերածած, անտեղի ցուցադրության ճամբով զայն մեծամասնության պարտադրելու, համայն Ընկերության կոկորդից վար զօրով խրելու համար,
    իսկ Քարտաշյանը արդէն միայն անունով հայ է, այդ բոլորս լաւ գիտենք, առաւել՝ անոր հանդէպ հանդուրժողության պատճառը այն է նաեւ որ իր համբավի շնորհիւ ան օգտակար է մեզի, ազգին: Այո, շահագործում ենք զինք: Սակայն ոչ մեր անձնական հաշւոյն…

    Ձեր այս ծայրահեղ եւ խորապէս անհեթեթ կեցվածքները կարող են միայն հակա-արտադրողական լինել, Հայաստանում:

    Նաեւ նկատի ունեցէք թէ պահպանողականությունն ալ Օրէնքի դէմ չէ,
    արգիլված չէ,
    այդ ալ տարրական իրաւունք է:

    Հիմա շարունակեցէք վլվլուկը… Զվարճալի է…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031