Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազանի գործը չէ, թե ով է դատարան դիմում, ով՝ ոչ». Էդմոն Մարուքյան

Հունվար 11,2017 12:58

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը չի ցանկանում պատասխանել Գուգարքի թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կողմից իր հասցեին հնչած վիրավորանքներին:

Հիշեցնենք, որ սրբազանը Էդմոն Մարուքյանի հասցեին այսպիսի արտահայտություն էր արել. «Թե Մարուքյանն ինչու որոշեց սրբազանի անունը հոլովել և փորձել սրբազանի անվան հետ խաղալ, դա արդեն խոսում է իբրև քաղաքական գործիչ դեռահասության մասին»:

«Ազատության» հետ զրույցում Գուգարքի թեմի առաջնորդը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հեռակա բանավեճին, այսպիսի կարծիք էր հայտնել. «Այո՛, տեր եմ իմ ասած խոսքերին և շարունակելու եմ հորդորել՝ միացեք: Ընդամենը այս երիտասարդ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը կայանալու խնդիր ունի: Եվ ցավում եմ, որ ես չեմ կարողացել նրա հոգևոր դաստիարակությամբ զբաղվել: Հիմա ես իմ սխալս պետք է ուղղեմ և նրան հայրաբար հորդորեմ, որ ազնիվ, արդար, բարոյական ճիշտ ճանապարհով ինքը իր կարիերան, իր կուսակցական քաղաքական գործունեությունը և կենսագրությունը կառուցի, այլապես ծուռ-մուռ երկար չի կարող գնալ: Եվ իրապես հայրաբար նրան այստեղից էլ հորդորում եմ՝ Էդմո՛ն, արի՛ ինձ մոտ: Ես քեզ ներում եմ և ամեն ինչ կանեմ, որ դու ճիշտ ճանապարհի վրա կարողանաս շարունակել քո քաղաքական գործունեությունը: Քեզ կօգնեմ իմ խորհուրդներով, խրատներով, որպեսզի զեղծարարությունների հետ գործ չունենաս: Եվ ո՛չ դու, ո՛չ էլ մյուս կուսակցությունները»:

Aravot.am-ը պարոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պատկերացնում հեռակա այս բանավեճի հանգուցալուծումը, պարոն Մարուքյանը պատասխանեց. «Արդեն մի քանի առիթով ասել եմ, որ այդ վիրավորանքներին չեմ պատասխանելու: Պարզ է, որ նման վիրավորանքներով մեծ հաշվով որևէ խնդիր չի լուծվում: Սրբազանը վնասում է  ինքն իրեն: Ես որևէ բան անել չեմ կարող, քան որպես քրիստոնյա ուղղակի չպատասխանել ու աղոթել նրա համար»:

Հիշեցրինք, որ սրբազանը պատրաստվում է իր սխալն ուղղել և հայրաբար հորդորել է Էդմոն Մարուքյանին,  որ «ազնիվ, արդար, բարոյական ճիշտ ճանապարհով ինքն իր կարիերան, իր կուսակցական քաղաքական գործունեությունը և կենսագրությունը կառուցի, այլապես ծուռ-մուռ երկար չի կարող գնալ»: Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ ծուռ-մուռ եմ գնում: Դա ընդամենը գնահատական է:  Իմ գնահատականն էլ այն է եղել, որ ինքն անաչառ ու օբյեկտիվ չէ»:

Գուգարքի թեմի առաջնորդը նաև կոչով էր հանդես եկել ուղղված Էդմոն Մարուքյանին: Նա պարոն Մարուքյանին հորդորել էր. «Էդմո՛ն, արի՛ ինձ մոտ: Ես քեզ ներում եմ և ամեն ինչ կանեմ, որ դու ճիշտ ճանապարհի վրա կարողանաս շարունակել քո քաղաքական գործունեությունը: Քեզ կօգնեմ իմ խորհուրդներով, խրատներով, որպեսզի զեղծարարությունների հետ գործ չունենաս: Եվ ո՛չ դու, ո՛չ էլ մյուս կուսակցությունները»:

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ սրբազանի մոտ գնալու կարիք չկա: Այնուհետև նա հավաստիացրեց. «Բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ իմ կյանքում երբևէ զեղծարարությամբ զբաղված չկամ ու չեմ, կրկնում եմ, վիրավորանքներին ու զրպարտանքներին չեմ պատասխանում: Մոտ գնալ-չգնալու խնդիր չեմ տեսնում: Ես միշտ էլ գնում եմ եկեղեցի, չի բացառվում, որ մի պատարագի ժամանակ հանդիպենք, բայց սրբազանի մոտ առանձնահատուկ գնալու խնդիր չունեմ»: Էդմոն Մարուքյանը վստահեցնում է, որ ինքը որևէ կերպ իր հայտարարություններով չի վիրավորել սրբազանին. «Ես ասել եմ, որ սրբազանի կոչն ու ելույթը օբյեկտիվ ու անաչառ չեն եղել, նա մեր աչքերում կորցրել է օբյեկտիվ դիտորդ լինելու հանգամանքը ու նրան կոչ եմ արել մնալ հոգևոկանի կոչմանը հավատարիմ ու հարց բարձրացրել, թե ինչու է մտել քաղաքական գործընթացների մեջ: Իմ կոչն ամբողջությամբ ուժի մեջ է: Որքան  ինքը կոչ անելու իրավունք  ունի որպես հոգևոր իշխանության ներկայացուցիչ, այնքան էլ ես՝ որպես աշխարհիկ իշխանության ներկայացուցիչ: Փառք Աստծո, ՀՀ-ն աշխարհիկ պետություն է: Ես այդ վիճաբանությունը չեմ շարունակում, բայց նա արդեն տարբեր հարցազրույցներում տարբեր վիրավորանքներ է հնչեցնում իմ հասցեին»:

Մեր այն հիշեցմանը, թե իր հասցեին հնչած այն քննադատություններին՝  ինչո՞ւ է քաղաքապետի ընտրություններից հետո ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին օրհնել, Սեպուհ արքեպիսկոպոսը պատճառաբանել էր, թե  «Քաղաքապետը եթե ընտրված չէ, ինչու չեն բողոքարկել, ինչու դատարան չեն գնացել և այս քաղաքապետի ընտրությունը չեղյալ չի համարվել, որն էլ ես նկատի ունենալով՝ չգնայի և չօրհնեի այդ քաղաքապետին», պարոն Մարուքյանն ի պատասխան նշեց, թե այդ հարցը հոգևորականի տիրույթում չէ. «Երեք խմբակցություններ հայտարարում են, որ մանդատագողություն է տեղի ունեցել, որ ընտրությունները կեղծված են, ինքը դրանից հետո առանց այդ մարդկանց կարծիքը լսելու գնում, օրհնում է, դա նշանակում է, որ նա միակողմանիորեն տրամադրված է դեպի ՀՀԿ-ն: Դրանից հետո նրա հասցեին քննադատություններ չենք հնչեցնում, ու մի քիչ էլ ժամանակ է անցնում, նա է մեզ կոչ անում, թե միասնաբար պետք է համախմբվեք քաղաքապետի շուրջ: Սրբազանի գործը չէ, թե ով է դատարան դիմում, ով՝ ոչ: Դա ընդհանրապես իր տիրույթում չէ: Սրբազանը չի որոշում՝ ովքեր դիմեն դատարան, ովքեր՝ ոչ: Մենք գիտենք՝ երբ, ինչ ու ոնց ենք անում և մենք երբևէ եկեղեցու գործերին չենք խառնվել , չենք ասել՝ ինչ անեն հոգևորականները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031