Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման Չիկագոյում հանդես է եկել հրաժեշտի ելույթով՝ հայտարարելով, որ նախագահի պաշտոնը լքում է լավատեսական տրամադրվածությամբ, հաղորդում է CNN-ը: «Ապագան լավ ձեռքերում է»,- ասել է նա:
Մասնավորապես, իր խոսքում Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը աշխարհի ամենաազդեցիկ երկիրն է:
«Մեր հակառակորդները՝ Ռուսաստանը և Չինաստանը, չեն կարող հաղթել ԱՄՆ-ին աշխարհում ունեցած ազդեցության տեսանկյունից, բայց մենք չենք կարող նահանջել և որևէ խոշոր երկրի թույլ տալ վախեցնել փոքր հարևաններին»,- ասել է նա: Ընդ որում, Օբաման շեշտել է, որ ԱՄՆ-ը գործում է օրենքի շրջանակներում:
Խոսելով ԱՄՆ-ի առաջ կանգնած սպառնալիքների մասին՝ Օբաման առանձնացրել է արմատականներին և բռնակալներին:
Կարդացեք նաև
«Համաշխարհային կարգին մարտահրավեր են նետում: Նախ՝ դաժան արմատականները, որոնք հայտարարում են, որ խոսում են իսլամի անունից: Վերջին շրջանում՝ օտարերկրյա մայրաքաղաքների ավտոկրատները, որոնք ազատ շուկաները, բաց ժողովրդավարությունը և քաղաքացիական հանրությունն ինքնին դիտում են որպես սպառնալիք իրենց իշխանությանը»,- ասել է Օբաման:
Օբաման հիշեցրել է, որ իր ղեկավարության տարիներին ոչ մի արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն հարձակում չի գործել ԱՄՆ-ի վրա, ընդ որում, իշխանությունները դադարեցրել են խոշտանգումները և աշխատանքներ տարել՝ Գուանատանմոյի ռազմական բանտը փակելու ուղղությամբ: «Չնայած Բոստոնը և Օրլանդոն (նկատի ունի Բոստոնի և Օրլանդոյի ահաբեկչությունները-խմբ.) մեզ հիշեցնում են այն մասին, թե որքան վտանգավոր է արմատականացումը, մեր իրավապահ մարմինները ավելի արդյունավետ և զգոն են, քան երբևէ»,- ասել է նա:
Օբաման նաև նշել է, որ վերջին 8 տարիներին ինքը հասել է նրան, որ ԱՄՆ-ը ահաբեկչության դեմ պայքարը դնի ամուր իրավական հիմքի վրա: «Ուստի մենք դադարեցրել ենք խոշտանգումները, աշխատել Գուանտանամոյի բանտը փակելու ուղղությամբ, բարեփոխել ենք հետախուզությանը վերաբերող մեր օրենքները՝ պաշտպանելու համար անձնական կյանքի և քաղաքացիական ազատությունների իրավունքները»,- ասել է նա:
Անդրադառնալով հունվարի 20-ին սպասվող իշխանափոխությանը՝ Օբաման հայտարարել է, որ կապահովի իշխանության «սահուն» անցում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:
«10 օրից աշխարհը կտեսնի մեր ժողովրդավարության տարբերակիչ առանձնահատկությունը. իշխանության խաղաղ փոխանցում մի ազատ ընտրված նախագահից մյուսին»,- ասել է նա:
«Իշխանության փոխանցում» արտահայտության վրա հավաքված ամբոխը դժգոհությամբ բղավել է, սակայն Օբաման կոչ է արել մարդկանց հանդարտվել, ինչի համար ծափահարությունների է արժանացել:
«Ես խոստացել եմ նորընտիր նախագահ Թրամփին, որ իմ աշխատակազմը կապահովի իշխանության այնքան հարթ անցում, որքան որ հնարավոր է, ինչպիսին որ նախագահ Բուշն ապահովեց ինձ համար»,- ասել է նա:
Իր ելույթում Օբաման նաև շնորհակալություն է հայտնել կնոջը՝ Միշել Օբամային՝ 8 տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար:
«Դու ինձ համար եղել ես կրկնօրինակման օրինակ, դու ստիպել ես ինձ հպարտանալ, և քեզնով հպարտացել է ամբողջ երկիրը»,- ասել է նա:
Կնոջ մասին խոսելիս Օբաման հազիվ է կարողացել զսպել արցունքները, մինչդեռ Միշելը շատ հանգիստ է իրեն պահել:
«Վերջին 25 տարիներին դու եղել ես իմ կինը, իմ երեխաների մայրը, բայց գլխավորը՝ իմ ընկերը»,- ասել է Օբաման:
Վերլուծաբանները նկատում են, որ Օբամայի պաշտոնավարման 8 տարիները Սպիտակ տանն անցել են առանց սկանդալների, իսկ ԶԼՄ-ներում Օբամաների կյանքի մանրամասների մասին արտահոսք չի եղել:
Շնորհակալություն հայտնելով կնոջը՝ Օբաման դիմել է նաև սրահում ներկա ավագ դստերը՝ 18-ամյա Մալիին (մյուս դուսրտրը՝ Սաշան, ներկա չի եղել): «Ինչ արել եմ իմ կյանքում, ամենամեծ հպարտությունը զգում եմ այն բանի համար, որ ես ձեր հայրն եմ»,- ասել է Օբաման:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ