Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արտաքին քաղաքականության մերձավորարեւելյան վեկտորը 2016-ին

Հունվար 11,2017 15:00

Մերձավորարեւելյան տարածաշրջանը կարեւոր տեղ է զբաղեցնում ՀՀ արտաքին քաղաքականության համատեքստում: Մերձավոր Արեւելքի երկրների հետ ամուր հարաբերությունների կարեւորությունը պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ` Հայաստանը մերձավորարեւելյան տարածաշրջանի անմիջական հարեւանն է, եւ հարեւան տարածաշրջանում տիրող անկայունությունը կամ դրա ազդեցության հնարավորությունը անտեսել չի կարելի: Երկրորդ՝ Հայաստանը Մեծ Մերձավոր Արեւելքի մաս է կազմում, եւ ցանկացած անկայունություն լուրջ մարտահրավեր է Հարավային Կովկասում փխրուն խաղաղության պահպանման համար: Երրորդ՝ Մերձավոր Արեւելքում ծավալվող գործընթացներն էական ազդեցություն ունեն միջազգային քաղաքականության վրա, եւ Հայաստանը չի կարող անմասն մնալ տեղի ունեցող իրադարձություններից: Եվ, իհարկե, Մերձավոր Արեւելքի հետ Հայաստանի սերտ կապերը պայմանավորված են նաեւ այնտեղ հայկական համայնքների դարավոր առկայությամբ, որոնք իրենց գործուն մասնակցությունն ունեն տարածաշրջանի քաղաքական, հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքում:

Հենց այս առաջնահերթությունները նկատառելով՝ Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում դիվանագիտական հարաբերություններ է հաստատել տարածաշրջանի բազմաթիվ երկրների հետ: Ընդ որում, համագործակցության շրջանակը շատ լայն է՝ քաղաքականից մինչեւ առեւտրատնտեսական եւ մշակութային: Իհարկե, դժվար է մերձավորարեւելյան տարածաշրջանի մասին խոսել որպես մեկ միասնական միավորի: Տարածաշրջանի երկրների հետ ունեցած Հայաստանի հարաբերություններն ու դրանց օրակարգը տարբեր երկրների պարագայում տարբեր են:

2016 թվականին ՀՀ մերձավորարեւելյան քաղաքականության օրակարգային խնդիրներից էր սիրիական հակամարտությունը: 2011 թվականից Սիրիայում շարունակվող ճգնաժամը լուրջ մարտահրավերներ ստեղծեց Հայաստանի համար Դամասկոսի հետ համագործակցության տեմպը պահպանելու եւ խորացնելու, ինչպես նաեւ սիրիահայ համայնքի պաշտպանությունն ապահովելու տեսանկյունից: Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է այդ թվում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից: Հայաստանը ելնում է նրանից, որ «սիրիական ճգնաժամը հնարավոր կլինի լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի միջեւ երկխոսության եւ ահաբեկչության դեմ ընդհանուր դիրքորոշման եւ պայքարի արդյունքում»: Միեւնույն ժամանակ Հայաստանը փորձում է իր նպաստը բերել Սիրիայում մարդասիրական աղետի հաղթահարմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով նաեւ սիրիահայության անվտանգության ապահովման հարցերը:

Ակտիվ ջանքեր են գործադրվում Ծոցի արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունները նոր՝ ավելի գործնական մակարդակ տեղափոխելու, ինչպես նաեւ քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու եւ համընդգրկուն փոխգործակցություն զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես, նոյեմբերին կայացավ ՀՀ նախագահի այցը ԱՄԷ: Ուշադրության կենտրոնում էին հատկապես առեւտրատնտեսական կապերի ընդլայնումն ու նոր ներդրումների ներգրավումը: Ծոցի երկրների հետ կապերն ամրապնդելու այս գործընթացը սկսվել է դեռեւս 2009 թվականից, երբ կայացավ ՀՀ նախագահի այցը Քուվեյթ:

Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների խորացման հնարավորությունն իրականում հեռանկարային է, քանի որ դրան խոչընդոտող որեւէ լուրջ խնդիր, ըստ էության, չկա: Ընդ որում, հաշվի առնելով այս երկրների գերակշիռ մասի ռեսուրսներն ու այն հանգամանքը, որ նրանց արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է կապիտալի արտահանումը, ավելի քան իրատեսական է նրանց հետ համագործակցության խորացումը հատկապես ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հարցում:

Վերջին շրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի գործուն քայլերի հետեւանքով բավական բացասական միտում է նկատվում, որը վտանգավոր է ինչպես մերձավորարեւելյան երկրների հետ ՀՀ հարաբերությունների պահպանման եւ զարգացման, այնպես էլ այդ երկրներում հայերի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: Խոսքն այն մասին է, որ որպես հարթակ օգտագործելով իսլամական մի շարք կազմակերպություններ՝ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են թշնամանքի պատրանք ստեղծել Հայաստանի եւ իսլամական աշխարհի միջեւ, ինչը, իհարկե, անտրամաբանական է՝ հաշվի առնելով իսլամական բազմաթիվ երկրների հետ Հայաստանի ունեցած ամուր հարաբերությունները: Հայաստանի նախաձեռնողականությունն ու հետեւողականությունը մերձավորարեւելյան ուղղությամբ լավագույն միջոցն են կանխելու նշված մարտահրավերը: Տարեցտարի Մերձավոր Արեւելքի երկրների հետ Հայաստանի զարգացող եւ ընդլայնվող կապերը տեսանելի են դարձնում այս քաղաքականության արդյունավետությունը:

Ամփոփելով՝ նշենք, որ հաշվի առնելով մերձավորարեւելյան տարածաշրջանի կարեւորությունը՝ Հայաստանը պետք է շարունակի զարգացնել ամուր հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ՝ հստակ գիտակցելով աշխարհաքաղաքական նոր իրողություններում մերձավորարեւելյան երկրներից յուրաքանչյուրի հետ հետեւողական աշխատանքի եւ առանձին մոտեցման անհրաժեշտությունը:

 

 

«Առավոտ»

ԱՐՓԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Հայացք» կիրառական
քաղաքականության
եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ

10.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031