Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուպատոսարանի հայ աշխատակցի աշխատանքային գրքույկի «հյուպատոս» բառից հետո դրված ստորագրությունն ո՞վ է դրել, պարոն հյուպատոս

Հունվար 11,2017 10:36

Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանի մասին նույնիսկ ֆեյսբուքյան էջում կա

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է պատասխանող Անտոնիո Դոմենիկոյի Մոնտալտոյի պատասխանը՝ կապված հայցվոր, ռեժիսոր, Իտալիայի հյուպատոսարանի նախկին աշխատակից Արման Մազմանյանի հայցի հետ: Դատական նախնական թվով երրորդ նիստը նշանակվել է հունվարի 25-ին, դատավոր Մ.Գեւորգյանի նախագահությամբ:

Ա. Մազմանյանին 2015թ. սեպտեմբերին բանավոր տեղեկացրել են աշխատանքից ազատման մասին: Նա աշխատում էր Իտալիայի հյուպատոսարանում, որպես հյուպատոսական ծրագրերի համակարգող՝ 2006թ. փետրվարի 1-ից: Հյուպատոսարանը գտնվում էր Գյումրի քաղաքում:

Ա. Մազմանյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, թե հյուպատոսից խնդրել է իրեն տրամադրել աշխատանքից ազատման հրամանը: Նա ցանկացել էր նաեւ իմանալ ազատման պատճառները: Մեր հարցին, թե արդյոք աշխատանքային հարաբերությունները կարգավորվե՞լ են պայմանագրով, Ա. Մազմանյանն ասաց, թե իրեն աշխատանքի են ընդունել թիվ մեկ հրամանով:

Ա. Մազմանյանը դիմել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին (դեսպանատունն, ի դեպ, գտնվում է Երեւանում), որը գրավոր պատասխանել է, թե այդ հարցով պետք է դիմել հյուպատոսին:

Ա. Մազմանյանն ասում է, որ չստանալով այդպես էլ պաշտոնական գրավոր պատասխան, դիմել է անգամ Իտալիայի նախագահին, Իտալիայի արտաքին գործերի նախարարին: Վերջինիս աշխատակիցները տեղեկացրել էին, թե հայցվորին հյուպատոսարանը կտրամադրի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Այդպես էլ չստանալով իր ազատման հրամանն ու հիմքերը՝ ՀՀ քաղաքացին դիմել է ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերը:

Անցյալ տարվա դեկտեմբերին նախնական դատական նիստի ժամանակ դատարանը ստացել էր հայցադիմումի պատասխանը:

Հյուպատոս Անտոնիո Դոմենիկոյի Մոնտալտոն գրել է. «Ես հանդիսանում եմ Իտալիայի պատվավոր հյուպատոս: Սակայն Իտալիայի պատվո հյուպատոսարան գոյություն չունի: Այդ է վկայում նաեւ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված տեղեկանքը, այն մասին, որ 2016թ. դեկտեմբերի 5-ի դրությամբ պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ Իտալիայի պատվո հյուպատոսարան գրանցված-հաշվառված չէ: Ուստի ես՝ որպես Իտալիայի պատվո հյուպատոս, չէի կարող հանդիսանալ գործատու եւ արձակեի հրամաններ, այդ թվում՝ աշխատանքի ընդունման եւ ազատման»:
Լուսանկարում պատկերված Ա. Մազմանյանի աշխատանքային գրքույկում առկա հրամանը, սակայն, մեզ այլ բան է հուշում: Ի դեպ, հենց այդ գրքույկի «հյուպատոս» բառից հետո դրված ստորագրությունը հյուպատոսն ասում է, թե իրենը չէ: Ուրեմն ո՞վ է դրել այդ ստորագրությունը, ինչպե՞ս եւ ի՞նչ կարգավիճակով է Ա. Մազմանյանն ամեն օր գնացել աշխատանքի՝ մեկ այլ պետության տարածք հանդիսացող աշխատատեղ:
Ի դեպ, ֆեյսբուքյան էջում անգամ այն գրանցված է որպես հյուպատոսարանի պաշտոնական էջ:

Հյուպատոսը հայտնել էր, թե իր կողմից չի խախտվել ՏԱ օրենքը: Մասնավորապես, 9-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ տեղեկատվություն տնօրինողը՝ տեղեկություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններ, եւ դրանց պաշտոնատար անձինք են, իսկ դրանցից որեւէ մեկն իր պնդմամբ՝ հյուպատոսը չի հանդիսանում:
Տեղեկատվություն տնօրինող չլինելու պատճառաբանությամբ էլ հրաժարվել է պատասխանել իր նախկին աշխատակցին: Սակայն եթե անգամ ընդունենք, որ նա տեղեկատվություն տնօրինող չէ, եւ չի տրամադրում տեղեկությունները, ապա մի՞թե ՀՀ քաղաքացին պաշտպանված չպիտի լիներ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, գործատու-աշխատող իրավահարաբերությամբ:

Ստորագրության «մեղադրանքի» հետ կապված՝ Ա. Մազմանյանը դիմել է նաեւ դատախազություն:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

 

«Առավոտ»

11.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031