Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այդ անհասկանալի հարուստները

Հունվար 11,2017 10:07

Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասում է, որ մեզ` լրագրողներիս, դուր գալու համար նա չի հրաժարվի «բիզնես կարգով» շրջագայելուց, եւ «էկոնոմ կլասի» ու «բիզնես կլասի» տարբերությունը կվճարի սեփական գրպանից։ Ճիշտն ասած, ինձ դուր է գալիս նոր կառավարության անդամների անկեղծությունն ու պոպուլիզմի բացակայությունը։ Կոնկրետ այս դեպքում էլ պաշտոնյան իրավացի է այն առումով, որ եթե որեւէ բան մարդու «սրտից չի գալիս», ապա պետք չէ դա անել՝ զուտ ուրիշներին դուր գալու համար:

Բայց ես այլ բան եմ փորձում հասկանալ. իսկ ինչի՞ համար է պետք սկզբունքորեն, ի հեճուկս ամեն ինչի, երթեւեկել «բիզնես կլասով», եթե քեզ՝ որպես պաշտոնյա, հասնում է «էկոնոմ կլասը»։ Ի՞նչ է դա՝ ինքնահաստատման ձե՞ւ, ուրիշներից հետ չմնալու ձգտո՞ւմ, սեփական հարստությունն ի ցույց դնելու ցանկությո՞ւն։ Դե, իհարկե, բոլոր մարդիկ, այդ թվում հարուստներն ունեն իրենց տարօրինակությունները. կուզեմ՝ զուգարանակոնքս ոսկուց կսարքեմ, կուզեմ՝ ամեն օր կոկորդիլոսի միս կուտեմ, եթե այդ հնարավորությունն ունեմ։ Բայց՝ դա այն դեպքում, երբ ես մասնավոր անձ եմ։ Սահմանափակումները սկսվում են այն դեպքում, եթե ես պետական պաշտոնյայի կարգավիճակ ունեմ։

Ենթադրենք, ես պետական պաշտոնյա եմ, եւ ինձ պետք է սպասարկի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա։ Ես կարող եմ օգտվել այդ մեքենայից կամ կարող եմ, եթե մոտ եմ ապրում, ոտքով գնալ գործի՝ դա ճաշակի հարց է։ Բայց պետական էթիկայի տեսակետից ճիշտ կլինի՞, եթե ես «վճարեմ տարբերությունը» եւ հասնեմ նրան, որ ինձ սպասարկի «Մայբախը» կամ «Ֆեռարին»։ Կամ՝ եթե պետությունն ինձ տալիս է մեկ քարտուղարուհի, ապա ես, ի վերջո, կարող եմ ինքս ինձ համար սուրճ եփել, բայց չեմ կարող, ինձ թվում է, վարձել իմ հաշվին եւս երեք քարտուղարուհի, որ ամեն մեկը սուրճ եփի տարբեր ժամերի։
Հարուստներին հասկանալն ընդհանրապես ծանր գործ է։ Նրանց ինչի՞ն է պետք 4 հարկանի առանձնատունը։ Միաժամանակ երկու անկողնո՞ւմ են քնում կամ երկու խոհանոցո՞ւմ են նախաճաշում, մի քանի ցնցուղի տա՞կ են լողանում։ Այդ իրենց պալատներում հաստատ սենյակներ կան, որտեղ ոչ նրանք, ոչ էլ նրանց ընտանիքի անդամները չեն էլ մտել։ Բայց կրկնեմ՝ այդ անհասկանալի շքեղությունը հարցեր է առաջացնում, երբ խոսքը պետական պաշտոնյաների մասին է։ Նախ՝ այն պատճառով, որ Հայաստանն աղքատ երկիր է, եւ բոլորը, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են համեստ աշխատավարձ։ Երկրորդ՝ տեսնելով այդ ճոխ կյանքը՝ մարդիկ ձգտում են պաշտոնների՝ հենց այդ ճոխության պատճառով, ոչ թե պետությանը ծառայելու նպատակով։ Քանի մենք այս վիճակում ենք, մեզ պետք են եթե ոչ ժուժկալ, ապա, համենայնդեպս՝ զուսպ, ոչ աչքածակ պաշտոնյաներ։ Իսկ ավելի լայն իմաստով՝ նոր տեսակի վերնախավ։

Բայց կոնկրետ «բիզնես կլասով» թռչելու պարագայում բացառված չէ, որ կա պետական անհրաժեշտություն. ո՞վ գիտի, գուցե օդանավի այդ մասն ավելի շուտ է տեղ հասնում։

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Խնդրին խորքը այն է թէ մարդկային էակների չախչախիչ մեծամասնությունը իրենք իրենց եւ ուրիշների արժէքը չափում են բացառապէս նյութական չափանիշներով: Ոչ-նիւթական, «մարդկային արժէք» ըսվածը, դարձած է չեղյալ հղացք: Այլեւս մի քիչ ճիգ իսկ չեն թափում այդ ուղղութեամբ ձեւակերպություն իսկ անելու համար:

    Կար ժամանակ, երբ այս ախտը վերաբերում էր աւելի շուտ եւ շատ՝ որոշ տարիք մը բոլորած մարդոց(=կին&տղամարդ) : Ներկայ ժամանակներին, կանուխ տարիքից իսկ շատեր դատարկվում են արդէն իրենց մարդկային բարոյական միջուկից, դառնում են նյութամոլ, իրենք զիրենք եւ բոլոր ուրիշները բնորոշում, սահմանում են միայն նյութական տվեալներով: Տեսնելով կարգ մը երեխաների վիճակը, կարելի է նոյնիսկ ասել թէ ոմանք համարյա թէ ծնվում են այդպէս:

    Իսկ միայն նյութ դիզած մարդիկը չեն որ այդպէս են: Նոյնիսկ անոնք որոնք բան չունին ցուցադրելիք, չեն հաջողած հասնիլ վիճակի մը որ հարստություն ունենան ցուցադրելիք, իրենց մէջ կը կրեն այդ ուղղությամբ ծանր բարդոյթներ:

    Այս բոլորը այժըմ դարձել է «նորմալ»… Ոչ թէ այլեւս ամօթ չէ այդպէս լինել, այլ այդպէս չլինելն է որ՝ կամ հիմարություն է, կամ ել… կասկածելի, չասելու համար անհաւատալի:

    Արդարեւ, այս կացության մէջ, եթէ գտնվի անձ որ, առանց անպայման լիովին անտեսելու նյութականի կապված իրականությունները, նաեւ իր մէջ պահպանում է ոչ-նյութական մարդկային արժէքների ըմբռնողությունը, զանոնք նկատում է որպէս էական չափանիշ՝ ճշդելու համար կյանքում իր վարքագիծը, եւ ըստ այնըմ դիրքորոշվելու համար ուրիշների նկատմամբ, արդէն… չեն հաւատում որ ան այդպէս է… Նրա մօտ փնտռում են գետնաքարշ հաշիվներ, նրա վերագրում են երեւակայական հետին շահագրգռություն, ինքնասէր միտումներ, թաքնված նյութապաշտ նպատակներ, եւայլն. Եւ եթէ այդ ել չստացվի, զայն դասակարգում են որպէս անխելք:

    Մեր ազգին եւ մեր երկրին համար, բառին ծայրագոյն իմաստով՝ ողբերգական է այս վիճակը:

  2. Լավատես says:

    Առողջ պետական համակարգում հարստացած մարդը նույնքան արժեք է, ինչքան տաղանդավոր գիտնականն ու բանաստեղծը կամ էլ բարձր պաշտոնի զինվորականը: Հիվանդ պետական համակարգում հարստացածը կամ կաշառքով կրթություն ստացածը կամ նման ձեւով բարձր զինվորական պաշտոն ստացածը՝ դա չի նշանակում, որ հարստանալը կամ բարձր պաշտոն ստանալը վատ բան է, պարզապես պետական համակարգը բուժման կարիք ունի: Իսկ բուժումը շատ պարզ է՝ երբ իսկական մաքուր մտավորականի համար պետական համակարգում ծառայելը ընկալվի այնպես, ինչպես իսկական զինվորի համար բանակում ծառայելը՝ այսինքն՝ պաշտպանել սեփական ազգի շահերը այլ ազգերի շահերի գոյության պայմաններում: Մեր մաքուր մտավորականությունը պետք է հասկանա՝ պետական համակարգը՝ դա ռազմավարական ամենակարեւոր բարձունքն է եւ եթե ինքը չգրավի մեր պետական համակարգը, այն կգրավեն այլ ազգերի շահերը պաշտպանող հայկական ազգանունները վարկաբեկող թափթփուկները:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031