Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիեւի «խաղաղասիրական» ծուղակը

Հունվար 11,2017 12:00

Ռուսաստանը` Ալիեւի «խաղաղասիրական հարթակի» պաշտպան

Ալիեւյան ռեժիմը չէր փոխվել

Տարիներ շարունակ բոլորն էին համոզվել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրում հայատյացության հետեւողական քաղաքականություն է վարում: Դրա ամենավառ ապացույցներից մեկն այդ երկրում պետական մակարդակով մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացումն էր, որը հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարեց Բուդապեշտում:

Ադրբեջանն ունի ԼՂՀ այցելած հարյուրավոր մարդկանց «սեւ ցուցակ», որոնք համարձակվում են Արցախ այցելել ու դրական լույսի ներքո ներկայացնել աշխարհին Արցախն ու արցախցիներին: Ադրբեջանի «սեւ ցուցակում» այսօրվա դրությամբ 623 օտարերկրացիներ կան` որպես «անցանկալի անձ»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար Բրունո Լե Ռուի անունն էր ժամանակին ներառել «անցանկալի անձանց» ցանկում, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է: Պատճառն այն է, որ Բրունո Լե Ռուն, լինելով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, 2015թ. սեպտեմբերին այցելել է Ղարաբաղ: Պաշտոնական Բաքուն վերջերս արձագանքելով Լե Ռուի նշանակմանը՝ ի դեմս ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւի, հայտարարել է, որ նա ներառված է Ադրբեջանի «սեւ ցուցակում», քանի որ Ֆրանսիայի խորհրդարանականի կարգավիճակով 2015թ. սեպտեմբերին «ապօրինի այց» է կատարել Ղարաբաղ եւ հանդիսանում է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի անդամ։

Վերջերս սկանդալային մեկ այլ իրադարձություն էլ տեղի ունեցավ: ՌԴ-ի ու Իսրայելի քաղաքացի, 40-ամյա Ալեքսանդր Լապշինը ձերբակալվեց Մինսկում՝ կնոջ հետ Բելառուսի մայրաքաղաք այցելելու հաջորդ օրը: Բելառուսի իրավապահները բլոգերին ձերբակալել էին Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ. ապրիլին եւ 2012թ. հոկտեմբերին Լապշինն այցելել էր Արցախ, այդ այցերի մասին գրառումներ էր արել իր բլոգում: Նա եւս հայտնվել էր Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

Պարզվեց՝ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչերի եւ երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: Ադրբեջանն այսքանով չբավարարվեց. Բաքուն պահանջում է արտահանձնել բլոգերին, եւ ըստ ադրբեջանական կայքերի վերջին օրերի հրապարակումների` Բելառուսում ձերբակալված Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին արդեն կարող է իրականացվել:

Հայտնի է, որ Լապշինը հանդես է եկել քննադատական հրապարակումներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասին: Ադրբեջան Լապշինի արտահանձնումը կանխելու նպատակով քայլեր էր ձեռնարկում Իսրայելի ԱԳՆ-ն: Հատկանշական է, որ Լապշինի ձերբակալությունը տեղի ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջան այցից մոտ երկու շաբաթ անց, որտեղ Ալիեւը Լուկաշենկոյին պարգեւատրեց Ադրբեջանի բարձրագույն պարգեւով՝ Հեյդար Ալիեւի անվան շքանշանով:

Նշյալ խայտառակ իրադարձությունը, ինչպես երեւում է, չի մտահոգել ՌԴ իշխանություններին, այլապես նրանք Բելառուսի դեսպանից բացատրություն կպահանջեին: Ռուսաստան-Ադրբեջան, Բելառուս-Ադրբեջան հարաբերություններն այն մակարդակի վրա են գտնվում, որ Արցախ այցելած բլոգերի ձերբակալությունը Ադրբեջանի պահանջով որեւէ խնդիր չի առաջացնում: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ-ին, ապա «Ազատություն» ռ/կ-ին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը հայտնել էր, թե ԱԳՆ-ն զբաղվում է Ադրբեջանի պահանջով Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով, սակայն հավելել էր. «…մեր գործողությունների մանրամասները, հասկանալի պատճառներով, առայժմ չենք կարողանում ներկայացնել»:

«Խաղաղասեր» Ալիեւի ծրագիր

Տարիներ շարունակ Ալիեւի վարած հայատյացության քաղաքականությունը, մի քանի հայտնի ադրբեջանցի իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ հալածանքները, մի քանի տասնյակ քաղբանտարկյալների առկայությունն այդ երկրում, միջազգային հանրության կոշտ գնահատականները` Ադրբեջանում բռնատիրության հաստատման բազմաթիվ փաստերը, Ալիեւին, թերեւս, ստիպեցին դիմել խորամանկ քայլի:

Դեկտեմբերի սկզբին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին մի իրադարձության մասին: Պարզվեց՝ Ադրբեջանում գործում է այսպես կոչված` «Խաղաղասեր Ադրբեջան» ծրագիրը` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարթակը», որը, ինչպես հայտնում էին ադրբեջանական լրատվական կայքերը, «բաց է քաղաքացիական հասարակական ինստիտուտների, ոչ կառավարական կազմակերպությունների, փորձագետների, գիտնականների, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ այլ երկրների հասարակական քաղաքացիների համար…»: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` «հարթակը մշտական համագործակցություն կհաստատի երկու երկրների հասարակայնության ներկայացուցիչների հետ, կզբաղվի ժողովրդական դիվանագիտությամբ»: Բնականաբար, հարթակի տեքստում չէին մոռացել հիշեցնել պաշտոնական Բաքվի ցանկալի պահանջները ԼՂ հարցում` «Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ էին անում ձեռնարկել համալիր միջոցառումներ` ԼՂ մարզին հարակից 7 շրջանների ազատման, բռնի տեղահանվածների` իրենց տներ վերադարձի համար»: Ասվում էր նաեւ, թե «հարթակը քայլեր է ձեռնարկելու Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների հաշտեցման ուղղությամբ»:

Վստահաբար ոչ պատահականորեն` «հայկական կողմից հարթակի ստեղծման նախաձեռնողներն էին Վահե Ավետյանը, Վահան Մարտիրոսյանը, Սյուզան Ջաղինյանը»: Այնուհետեւ պարզ դարձավ, որ հարթակ-ծրագրի «հայ մասնակիցները» զբաղված են հայերի «որսով» ու որոշների դեպքում «հաջողություն» են գրանցում. ինչ-որ հայ ակտիվիստների անուններ էին հայտնվում ադրբեջանական կայքերում եւ տեղեկություններ այն մասին, թե այս կամ այն հայն էլ է միացել «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարթակին»:

Ի դեպ, հարկ է նշել, որ Բաքվում հայտնված հայերին Հայաստանում ոչ ոք չի ճանաչում, նրանք Հայաստանում, հայաստանյան մամուլով երբեք չեն արտահայտել այն դիրքորոշումները, որոնք անգիր արած արտահայտում են Բաքվում:

Այն, որ սա Ալիեւի ստեղծած նախաձեռնությունն է` Բաքվում չթաքցրեցին էլ, մոռանալով, որ «հասարակական ինքնաբուխ ջանքերն» այդքան բացահայտ չպետք է վայելեն իշխանությունների աջակցությունը, վստահությունն ու համակրանքը: Դեկտեմբերի սկզբին Համբուրգում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նստաշրջանի շրջանակներում ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ազայ Գուլիեւը հայտնեց, թե իբր «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարթակը» քննարկվել է ԵԱՀԿ ԽՎ-ի բյուրոյի նիստում»: Գուլիեւն անգամ կոչ էր արել ԵԱՀԿ Մինսկի խմբին «համագործակցել այդ հարթակի հետ», «օգտագործել նրա պոտենցիալը»: Նույն Գուլիեւն օրեր անց արդեն Ադրբեջանի խորհրդարանում էր կոչ անում իր գործընկերներին «աջակցել հայ-ադրբեջանական խաղաղասիրական հարթակին»:

Ռուսները սկսեցին պաշտպանել Ալիեւի ծրագիրը

Եթե Ադրբեջանի իշխանությունների պահվածքը միանգամայն հասկանալի է, սեփական ծրագիրը աշխարհին ցույց տալու նպատակ են հետապնդում, իսկ Հայաստանում բուռն բանավիճում են` արհամարհե՞լ Բաքվում հայտնված հայերին ու նրանց գործունեությունը, թե՞ շարունակել ամենախիստ ձեւով դատապարտել նրանց, հանկարծ պարզ դարձավ, որ ռուս գործիչներ, այն էլ ոչ պատահական մարդիկ, «պաշտպանում են» Ադրբեջանի` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարթակը»:

Պաշտպանողներից մեկը ռուսական պետական քարոզչամեքենայի ամենահայտնի աստղ, «Գրիբոյեդով» ակումբի կուրատոր Դմիտրի Կիսելյովն էր, որը ադրբեջանական հարթակի ստեղծումը «շատ լավ գաղափար» անվանեց, որին, պարզվեց, նա «ողջ ոգով աջակցում է»: Ադրբեջանական haqqin.az-ին Կիսելյովը համոզմունք է հայտնել, թե ադրբեջանցիներն ու հայերը վաղուց պետք է անցնեին այդ խնդրի լուծմանը. «Հաշտության ցանկացած նախաձեռնություն պետք է ողջունել: Ինձ համար շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են երբեմնի բարեկամ ժողովուրդները պատերազմում միմյանց դեմ: Ես ոչ միայն աջակցում եմ, այլեւ ողջունում եմ այդ հարթակի ստեղծումը եւ իմ մասով պատրաստ եմ ցանկացած աջակցություն ցուցաբերել: Կարծում եմ՝ ով ցանկանում է խաղաղություն, պետք է աջակցի քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները՝ ուղղված հայերի եւ ադրբեջանցիների հաշտությանը»:

Մի քանի օր անց ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում ի հայտ եկավ մեկ այլ ռուսաստանցու դիրքորոշում: Այս անգամ ՌԴ դաշնային խորհրդի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Մորոզովն էր, որն էլ նշեց. «Դա հիանալի գաղափար է»: Նա էլ բացատրում էր, թե որքան լավ է, որ քաղաքացիական հասարակությունը այդպիսի քայլի է դիմում, ու «եթե երկու ժողովուրդները նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ երկխոսեն, ԼՂ խնդիրն ավելի արագ կկարգավորվի»:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ պաշտոնական Մոսկվան պաշտպանում է Ադրբեջանի` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարթակը»՝ այն պարզ պատճառով, որ դրանք պաշտպանող ռուսները իշխանություն են, նրանք առանց Կրեմլի «դաբրոյի» նման հայտարարություններով հանդես չէին գա:

«Խաղաղասեր Ադրբեջան» ծրագրի խորքերը

Ապրիլյան ռազմական գործողություններով Ադրբեջանը թե ինչ ծրագրեր ուներ եւ ինչ հակահարված ստացավ՝ այդ մասին շատ է խոսվել ու գրվել: Ամիսներ անց Ադրբեջանի իշխանությունն այլ գործիքով որոշեց` «խաղաղություն պարտադրել» Հայաստանին:

Ընդ որում, պետք է նկատել, որ տարիներ առաջ «խաղաղասեր» Ալիեւի ամենադաժան պատժին արժանացան նախկինում Հայաստան ժամանող, միջազգային տարբեր ծրագրերում հայերի հետ շփվող մի քանի ադրբեջանցիներ, որոնք իսկապես ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցներ էին եւ հավատում էին ժողովրդական դիվանագիտությանը: Դրանցից ամենահայտնիները Արիֆ եւ Լեյլա Յունուսներն էին, Ռաուֆ Միրկադիրովը, որոնք հայտնվեցին բանտերում` «Հայաստանի օգտին լրտեսության» մեղադրանքով, այնուհետեւ, ի վերջո, լքեցին Ադրբեջանը:

Ժողովրդական դիվանագիտության իրական քայլերը, որոնք մինչեւ ապրիլյան պատերազմն իրականացվել են, եթե Հայաստանի իշխանությունները միանգամայն հանգիստ էին վերաբերվում, ապա Ադրբեջանի իշխանություններն առավելապես ոչ միայն անտեսել են դրանք, այլեւ համառ ու դաժան պայքար մղեցին այդ մարդկանց դեմ: Ռուսական կողմն էլ առանձնապես հետաքրքրություն չէր ցուցաբերում: Բայց հանկարծ ամեն ինչ փոխվեց: Այսօր այլ է պատկերը Բաքվի` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարթակի» դեպքում. այս ձեւաչափի թե՛ ադրբեջանցիներն են, պարզվում է, «հայրենասեր», թե՛ հայերը` «ճիշտ ու արդար»` ըստ ադրբեջանական եւ ռուսական քարոզչության:

Իրականում, սակայն, ալիեւյան ռեժիմի հաշվարկներն ավելի խորն են: Բաքվում հայտնված հարթակի հայ «մասնակիցների» վերաբերյալ ամենախիստ գնահատականները, նրանց ֆիզիկապես ոչնչացնելու կոչերը Հայաստանից Բաքվի կողմից անմիջապես միջազգային հանրությանը ներկայացվելու են` «հայերը երբեք խաղաղություն չեն ցանկացել», «հայերի նպատակը պատերազմն է», «տեսեք, թե ինչպես են ցանկանում ոչնչացնել խաղաղություն ցանկացողներին»՝ նմանատիպ «արդարացումներով»:

Ալիեւի նպատակը Հայաստանն Ադրբեջանի հետ նույն նժարի վրա դնելն է, խոսքի ազատությունը ճնշված եւ հայերին ռազմատենչ ներկայացնելն է: Այդ իսկ պատճառով Բաքվում հայտնվածների գոյությունը, թերեւս, ամենաճիշտը անտեսելն ու արհամարհելն է:

Իսկ այն, որ ռուսներն ուս ուսի տված՝ ադրբեջանցիների հետ միահամուռ «աջակցում» են Ալիեւի «խաղաղասիրական» մանիպուլյացիային ու դա իրականացնում են գիտակցված, թերեւս ապացուցում է այն համոզմունքը, որ Մոսկվան ու Բաքուն հայկական կողմին միասնաբար են ճնշում ԼՂ հարցում` գործի դնելով տարբեր գործիքներ:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 10.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031