Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչական վերաքննիչ դատարանում «Տեղեկատվության մասին» օրենքը պարտվեց

Հունվար 11,2017 14:00

Ոստիկանության կողմից ներկայացված «Հասցեն թերի է, նշեք օֆիսի համարը» գրառմամբ ծրարը փաստաբան Կիվիրյանի գնահատմամբ չէր կարող այս գործով հանդիսանալ թույլատրելի ապացույց

Մարիա Հովսեփյանը բերման էր ենթարկվել եւ տարվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին 2013 թվականի դեկտեմբերի 2-ին: ՀՀ ոստիկանության կողմից հարուցվել էր վարչական վարույթ, սակայն վարչական վարույթի նյութերը Մարիա Հովսեփյանին չէին տրամադրվել։

Մարիա Հովսեփյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան ՀՀ ոստիկանության դեմ՝ ՀՀ ոստիկանության կողմից 19.01.2015թ. դիմումով պահանջված փաստաթղթերի պատճենները չտրամադրելու, ոստիկանության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, «Տեղեկատվության մասին» օրենքի համաձայն փաստաթղթերի պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումով:
Վարչական դատարանի վճռով քաղաքացու հայցը մերժվել էր։

Ինչպես տեղեկացրել էինք, Մ.Հովսեփյանը ու նրա ներկացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արամազդ Կիվիրյանը դիմել էին վերաքննիչ վարչական դատարան:
Դատարանը մերժել է բողոքը եւ անփոփոխ թողել վարչական դատարանի վճիռը: Ըստ բողոքաբեր կողմի փաստարկների, խախտվել են ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» 1950թ. եվրոպական կոնվենցիայի, «Տեղեկատվության ազատության մասին» եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքների մի շարք հոդվածները։

Ըստ վերաքննիչ բողոքի, դատարանը հաշվի չի առել, որ «գործի նյութերում առկա չէ որեւէ թույլատրելի եւ վերաբերելի ապացույց, որով կհիմնավորվեր այն հանգամանքը, որ Մ.Հովսեփյանի կողմից պահանջված նյութերը ոստիկանության կողմից տրամադրվել են պատշաճ կարգով եւ օրենքով սահմանված ժամկետներում», իսկ ոստիկանության կողմից ներկայացված` «հասցեն թերի է, նշեք օֆիսի համարը» գրառմամբ ծրարը փաստաբան Ա.Կիվիրյանի գնահատմամբ՝ չէր կարող այս գործով հանդիսանալ թույլատրելի ապացույց, քանի որ դրա վրա առկա չէ որեւէ կնիք, որով կհաստատվեր նամակն ուղարկելու, նամակի վերադարձվելու փաստերը։ Ա.Կիվիրյանի փաստարկով, մերժման կնիքի բացակայությունը կասկածի տակ է դնում այդ ապացույցի արժանահավատությունը, այն է՝ կասկած կար, թե այդ ծրարն ուղարկվել է հետին ամսաթվով։

Ստացվում է, ըստ բողոքաբերի, որ ոստիկանությունը տեղեկատվությունը իրենց չի տրամադրել օրենքով սահմանված ժամկետներում։

Մասնավորապես, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի ուժով ոստիկանությունը պարտավոր էր տեղեկատվությունը դիմողին տրամադրել 5-օրյա ժամկետում։ Մարիա Հովսեփյանի դիմումը ոստիկանությունում ստացվել է 21.01.2015թ.-ին, հետեւաբար, ըստ օրենքի պահանջի, պատասխանը պետք է տրամադրվեր մինչեւ 26.01.2015 թվականը։ Մինչդեռ, ոստիկանության կողմից այդ ժամկետը խախտվել է եւ որեւէ գործողություն չի ձեռնարկվել սահմանված ժամկետում հայցվող փաստաթղթերը տրամադրելու ուղղությամբ։ Այդ մասին բողոքաբերի ներկայացուցիչը հայտարարել է դատական նիստերի ընթացքում, սակայն դատարանի կողմից այդ փաստը հաշվի չի առնվել։

Ըստ էության, դատարանը փաստաթղթերի տրամադրման ժամկետ է դիտել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված 10-օրյա ժամկետը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ տեղեկություն հայցողը «Տեղեկատվության մասին» օրենքով առաջնորդվող քաղաքացին է, ոչ թե անձամբ փաստաբանը: Չնայած մի ուշագրավ դիտարկում էլ. եթե անգամ փաստաբանը լիներ ոչ թե որպես ՀՀ փաստաբանների պալատի անդամ-փաստաբան, այլ որպես Մարիա Հովսեփյանի ներկայացուցիչ։ Հետեւաբար, տեղեկատվությունը պետք է տրամադրվեր բողոքաբեր կողմին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով սահմանված 5-օրյա ժամկետում։

Դատական գործընթացի ժամանակ մի բան էլ պարզվեց, որ անգամ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետով հաշվարկելու դեպքում էլ փաստաթղթերի տրամադրման ժամկետը ոստիկանության կողմից չի պահպանվել։
Ի դեպ, գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից ՀՀ «Հատուկ կապի» ծառայությանը հանձնված թվով 43 նամակների անդորրագիրը եւ գրությունը` տրված 02.02.2015թ.-ին։ Ծրարները ոստիկանության կողմից «Հատուկ կապի» ծառայությանն են հանձնվել 02.02.2015թ.-ին, ինչը նշված է անդորրագրի վրա` երկու տեղում։ Նշված անդորրագրով եւ գրությամբ հաստատվում է մեկ փաստ, որ թվով 43 նամակները, այդ թվում` «Նալբանդյան 5» հասցեով ուղարկված նամակը, «Հատուկ կապի» ծառայությանն է հանձնվել 02.02.2015թ.-ին։

Ոստիկանության կողմից հայցվող տեղեկատվությունը «Հատուկ կապի» ծառայությանն է հանձնվել 30.01.2015թ., քանի որ Կենտրոնականի բաժնի թվով 43 ծրարների առաքման վերաբերյալ կազմված գրության վրա առկա է այդ ամսաթիվը: 30.01.2015թ. ամսաթվի գրառումը հակասության մեջ է նույն գրության եւ անդորրագրի վրա առկա, երկու տեղ նշված` «02.02.2015թ.» գրառումներին:

Ստացվում է, որ «30.01.2015թ.» ամսաթվի գրառումը հակասում է գրության գլխամասում առկա «02.02.2015թ.» գրառումներին, ինչը հիմք է տալիս ենթադրել, թե այդ գրառումը կատարվել է փաստաթուղթը կնքելուց հետո, քանի որ գրառումն արված է կնիքի վրա։
Վերաքննիչ վարչական դատարանն էլ հանգել էր անհասկանալի հետեւության, թե տեղեկատվության տրամադրման օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ուղարկված լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ վարչական մարմնի կողմից ցուցաբերած անգործության վերաբերյալ եզրահանգում անելու համար: Այսինքն՝ ի՞նչ: Օրենսդրի կողմից սահմանված ժամկետներն ինքնանպատա՞կ են:

Չէ՞ որ օրենքով սահմանված ժամկետներով կարգավորվել են որոշակի իրավահարաբերություններ, դրանք ուղղված են եղել այդ իրավահարաբերությունների կայունությանը եւ որոշակիության պահպանմանը:

Դատարանները ուշադրություն չդարձրեցին այն հանգամանքին, որ հայցվող տեղեկատվությունը ոչ միայն օրենքով սահմանված ժամկետում չէր տրամադրվել, այլ իրական հասցեատիրոջը չէր ուղարկվել։

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

10.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031