Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տոնածառ ջան, տոնածառ

Հունվար 11,2017 13:30

Կամ՝ նոր ժամանակները նոր որակներ են պահանջում

Չգրված օրենքի համաձայն՝ հունվարի 13-ին ավարտվում են Ամանորի շեմին մեկնարկած տոնածառային ներկայացումները:

Խորհրդային տարիներին ձմեռային տոներին լեփ -լեցուն էին թատերահամերգային դահլիճները: Կոնկրետ թատրոնները լեցուն էին (գուցեեւ իներցիայով) նաեւ անկախության առաջին տարիներին, նույնիսկ տխրահռչակ ցուրտ 1993-94-ին: Բայց արի ու տես, որ այս տարի թատերասրահները չեն փայլում հանդիսականի առատությամբ, այլ ճիշտ հակառակը: Անհասկանալի է, օրինակ, «կենտրոնական» պետական թատրոններից մեկում տոնական օրերին միայն մեկ «սեանսի» առկայությունը: Երբեք այդպես չի եղել:

Անհասկանալի է նաեւ, որ Երեւանի, էլ չասենք որոշ մարզային համայնքների թատերական կենտրոններում ամայություն է տիրում: Դա այն դեպքում, երբ բոլոր հանդիսային կազմակերպությունները ամեն ինչ անում են՝ ամանորյա ֆինանսական «ապահով» ներկայացումներ պատրաստելու եւ փոքրիկ հանդիսատեսին հասցնելու համար: Բայց այս տարի միայն մի քանի, հիմնականում պետական թատրոններ ստացան «քարտ-բլանշ»՝ իրենց ներկայացումների տոմսերը վաճառելու համար: Ընդ որում՝ դա բացարձակապես կապ չունի ներկայացման որակի հետ, իսկ մնացած բազմաթիվ նախաձեռնությունների տոմսերը մնացին չիրացված: Եվ այս ամենը ոչ թե այն պատճառով, որ ներկայացումը լավն է կամ վատը: Դա ոչ ոք նախապես չգիտի, թեպետ բոլորը մեծ-մեծ խոսում են այդ մասին, այլ ազդեցիկ մի «քեռու» ազդեցության տակ է, եւ կազմակերպիչները ոչ մի կերպ չեն կարող «թափանցել» այդ պատնեշի միջով ու տոմս վաճառել կամ գովազդել ինչ-որ ներկայացում: Մինչեւ այսօր անհասկանալի է, թե այդ ինչ ուժ է վերահսկում ամանորյա ներկայացումների դաշտը: Մի նեղ շերտից բացի, ոչ ոք չի կարողանում հայտնվել այդտեղ: Չենք խոսում նոր որակների կամ բացարձակապես ժամանակակից թեմաների մասին: Խորհրդային տարիներից մինչ օրս ներկայացումներում դեռեւս «գործում» են քաջնազարները, գայլ ու նապաստակները, Կարմիր գլխարկը, եւ բնականաբար՝ Ձմեռ պապերն ու Ձյունանուշները, էլ չենք խոսում այլազգի, ասենք՝ «Մաշաների» ու «Մեդվեդների» մասին: Մինչդեռ նոր ժամանակները նոր որակներ են պահանջում՝ համակարգչական հերոսներ, անիմացիաներ, թվային խաղեր, որոնցից ոչ մեկը դեռ կյանք չի մտնում: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք Հայաստանի պետական երիտասարդական եւ ֆիլհարմոնիկ նվագախմբերի մինչամանորյա համերգները եւ Ազգային օպերային թատրոնի «Մոխրոտիկը» թատերականացված համերգային ներկայացումը:


Վերը շարադրվածը ամենեւին չի վերաբերում քաղաքապետարանին, քանի որ առաջին հայացքից կարծես թե նա է պատասխանատու այդ աշխատանքների համար, բայց կարելի է ենթադրել, որ նրանք էլ այդ «անտես ուժերի» պատճառով մեկուսացված են եւ ավելի շատ ակամա կրում են պատասխանատվությունը, բայց ոչ մի իրավունք չունեն այդ խնդիրներում կանոնավորություն մտցնել: Իսկ սերունդները փոխվում են եւ ծնողներն էլ ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները պատշաճ հանդիսություններ տեսնեն, առանց հաշվի առնելով «դաժան ֆինանսական քեռու» տրամադրությունները: Թեեւ օրինակ են բերում, որ որոշ մշակութային օջախներ տոնական այս օրերին աշխատում են լեփ-լեցուն դահլիճներով, բայց միանգամից հայտնենք, որ դա ստեղծագործական արժեքների հետ ոչ մի կապ չունի, այլ դեռ մի տարի առաջ ամեն ինչ արվում է ֆինանսական դաշտը գրավելու համար եւ դա այն ժամանակ, երբ հայտնի էլ չէ, թե ամանորյա ինչ ներկայացումներ են լինելու կամ կազմակերպվելու այն բեմերում, որի տոմսերն արդեն վաղուց վաճառվել են: Իհարկե, մի օր կամ մի տարի կկանոնակարգվի այս խնդիրը, բայց մի քանի սերունդ իրենց մանկությունը պիտի «զոհեն» մի քանի «քեռիների» հարստանալու պատճառով:
Քննադատությունն ամենեւին չի նշանակում, որ ոչ մի բան չկա, այլ բազմադարյա հայկական մշակույթը պահանջում է պարզապես բարձրարվեստ ամանորյա ներկայացումներ, որոնք ըստ էության բավականին բարձր մակարդակով եղել են հայ իրականության մեջ եւ անհասկանալի է, թե ինչ եղավ, որ «չոռը տվեց»: Հայերս շատ ենք սիրում «տոնածառային ներկայացումները» եւ երեխաներն ու մեծահասակները միշտ պատրաստ են մասնակցելու այդ տոնին: Թող համապատասխան չինովնիկները կարգավորեն այդ ամենն այնպես, որ յուրաքանչյուրը մասնակից լինի բազմազան նախաձեռնություններին:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

10.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031