Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես դառնալ երջանիկ

Հունվար 11,2017 12:30

Ամանորյա տոնը, որպես այդպիսին, կարեւորվում է եւ տարբերվում մյուս տոներից նրանով, որ իր մեջ կա հրաշքի սպասում: Իսկապես յուրաքանչյուրիս կյանքում ամանորյա հեքիաթը հարատեւ է, բոլորս էլ մեր հոգու խորքում, ենթագիտակցաբար հավատում ենք այդ հրաշքին, միշտ փորձում ենք որեւէ երազանք պահել եւ հուսալ, որ այն անպայման իրականանալու է: Ցանկացած մարդ, որը ունի որեւէ ցանկություն կամ նպատակ, այն անպայման իրականանում է: «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ինչպես անել եւ ինչին ուշադրություն դարձնել, որպեսզի իրականանան երազանքներն ու նպատակները. «Ինչպես գիտենք, միտքը նյութականանալու հակում ունի, որը նաեւ իր մեջ պարունակում է էներգետիկ ուժ: Այն կարող է ազդել մեր կյանքում տեղի ունեցող գործընթացների վրա: Կարող ենք ասել, որ այն, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, մեր մտքերի արդյունքն է: Ուղղորդելով մեր մտքերը՝ ուղղորդում ենք նաեւ մեր կյանքը»:

Հոգեբանի խոսքերով` շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ ենք ուզում եւ այն, ինչ ուզում ենք` անպայման իրականանում է. «Շատ հաճախ մեր ուզելու սահմանը կառավարում է մեր թաքնված մտավախությունները, տագնապները, որոնք մենք չենք գիտակցում ու մեզ թվում է, թե մեր ուզածին հակառակ բաներ են տեղի ունենում: Օրինակ, կինը գիտակցական մակարդակում կարող է ամուսնություն ցանկանալ, բայց այն չիրականանա, որովհետեւ առկա են ընտանիքի մասին ստերեոտիպային վախեր կամ իր մանկությունում ունեցած հոր խիստ, անցանկալի կերպարի գոյությունը»: Ենթագիտակցությունը, ըստ մասնագետի, շատ կարեւոր դեր է ունենում, երբ մեր կյանքում տեղի են ունենում բաներ, որոնք մենք գիտակցաբար չենք ուզում. «Կինը ցանկանում է ունենալ երջանիկ հարաբերություններ տղամարդու հետ, սակայն իրականում հանդիպում է շատ անհաջող մեկին` թմրամոլի կամ ալկոհոլիկի: Կարող ենք ասել, որ ենթագիտակցորեն է ինքը ընտրել այդպիսի մեկին, քանի որ կամ իրեն արժան չի համարել, ունեցել է ցածր ինքնագնահատական, կամ վախեր` հուզական մոտիկությունից, եւ այլն: Սրանք մեր ցանկությունների եւ նպատակների իրականացման թաքնված մասերն են, որոնք հաճախ շատ խորը կոնֆլիկտ են առաջացնում ինքներս մեր եւ շրջապատում ունեցած հարաբերություններում»:

Միշտ մարդն է ընտրում, թե ինչ տեղի ունենա իր կյանքում եւ իր մտքերով մղվում դրա իրականացմանը, որը կարող է լինել կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար. «Որպես կանոն, մեզ խանգարող մտքերը, վախերը հասկանալուց եւ ձերբազատվելուց հետո պետք է կարողանանք ճիշտ ձեւակերպել մեր նպատակը: Օրինակ, եթե մենք ցանկանում ենք ունենալ գումար, դա մեր նպատակին հասնելու ընդամենը միջոցն է, ուստի պետք է ոչ թե գումարը դառնա նպատակ, այլ այն, թե այդ գումարով ինչ եք ուզում ունենալ, այս դեպքում որպես նպատակ կդառնա, օրինակ, տունը կամ հանգստի վայրը: Նպատակը պետք է լինի մեկը` կենտրոնանալով նրա վրա, թե ինչ է անհրաժեշտ մեզ հենց հիմա: Ձեւակերպման մեջ կարեւոր է, երբ մենք դրական` այսինքն, այն, ինչ ուզում եք, առանց ժխտողական բառ կամ մասնիկ օգտագործելու, հաստատակամ եւ ներկա ժամանակաձեւի մեջ կառուցենք մեր միտքը: Օրինակ, ես ուզում եմ բնակարան, այլ ոչ թե` չմնամ դրսում կամ՝ սրա-նրա տանը: Ձեւակերպված ցանկությունը պետք է պարունակի մոտավորապես մինչեւ 10 բառ»:
Ցանկությունը, մասնագետի խոսքերով, պետք է լինի պահված միայն ձեզ համար եւ ոչ թե երեխայի, ամուսնու եւ այլն: Այն պետք է լինի անկեղծ եւ ազնիվ. «Պետք է ձեւակերպվի վերջնական արդյունքը եւ ոչ թե իրականացման ճանապարհը: Օրինակ՝ ես աշխատելու եմ դպրոցում, այլ ոչ թե գնամ գործակալություն, որ ինձ օգնեն: Ձեւակերպումից հետո պետք է նպատակը դարձնեք ավելի տեսանելի, որը երազանքից տարբերվում է, որ ուղղակի չեք ուզում, այլ իրականում պատրաստ եք ստանալ այն ու պատասխանատու եք արդյունքի համար եւ վստահեք, որ կարող եք հասնել ձեր նպատակին»:

Հոգեբանը խորհուրդ է տալիս, որ հարկավոր է վիզուալիզացնել այն, ինչը ցանկանում եք. «Սա ամենակարեւոր կետերից մեկն է, երբ կոնկրետացնելուց հետո նպատակը ամբողջական պետք է պատկերացնել եւ վիզուալիզացնել, այսինքն՝ մտապատկերներով տեսնել բնակարանը կամ հանգստի վայրը՝ բոլոր դետալներով, գույներով, սենյակների չափերով, քանակով, դասավորվածությամբ: Կենտրոնանալ ձեր զգացողությունների վրա՝ այդ տանը ինչ եք զգում, ինչ տրամադրություն ունեք, ինչ ձայներ կան, ինչ հոտ եք զգում, ամենադրականը ձեզ համար: Այս մտքերը ձեզ հաղորդում են դրական հույզեր, դրական էներգիա եւ հնարավորություն են տալիս իրականացնելու այն»:

Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ պետք է հիշել, որ ցանկացած գործ համբերություն է պահանջում եւ մեծ սիրով ու ջանքերով սպասել ավարտին. «Նպատակի իրականացման համար շատ կարեւոր է ձերբազատվել բոլոր վախերից եւ կասկածներից: Փորձեք հիշել բոլոր հաջողված քայլերը ձեր կյանքում, ինչպես նաեւ ձեր բոլոր ուժեղ կողմերը: Երբեք ուշ չէ՝ ամեն ինչ սկսել զրոյական կետից եւ վստահաբար քայլել դեպի առաջ, նպատակի իրականացումը միշտ գործել է սիրում: Ամենակարեւորը՝ վստահել, որ մեր բոլոր մտքերը, հետեւաբար մեր բոլոր ցանկություններն ու նպատակները իրականանում են, եւ մենք ենք ընտրում կամ որոշում՝ ինչպես դառնալ բավարարված եւ երջանիկ»:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

10.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031