Կառավարությունը շարունակում է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների՝ ՊՈԱԿ-ների կրճատումը:
Կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում է ներառված ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշման նախագիծը:
Նախագծով նախատեսված է նշված ՊՈԱԿ-ի լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղել պետական բյուջե, իսկ այլ գույքն ամրացնել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
«Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո, ինչպես գրված է նախագծում, 2017-ի պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի նվազեցում 9.2 միլիոն դրամի չափով:
Կարդացեք նաև
Կառավարությունը նախատեսում է լուծարել նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության «Վարչա-տնտեսական» ՓԲԸ-ն, որը գտնվում է Երեւանի Նալբանդյան 28 հասցեում:
Ըստ որոշման նախագծի, պետք է նշված ՓԲԸ-ի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը, ՓԲԸ-ի պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի եւ այլ պահանջների իրավունքները փոխանցվում են ֆինանսների նախարարությանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ