Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկին դեռ երկու ամիս ժամանակ կա, հայտնի չէ անգամ, թե ի վերջո ով իրավունք կունենա առաջադրելու իր թեկնածությունը, ով որ ցուցակով վերջնականապես հանդես կգա, Գյումրիում արդեն իսկ սկսվել է այսպես ասած «բարեգործների» ընտրապայքար:
Բանը հասել է նրան, որ վարկանիշային ցուցակով առաջադրվելու ցանկություն ունեցող որոշ թեկնածուներ խոսում են իրենց իսկ բառերով ասած նոր տիպի բարեգործության մասին, քաղաքականացրել են անգամ ձմեռ պապի դերը. մեկը մյուսի հետ վիճաբանում են մանկապարտեզներում երեխաներին բաժանվող տոպրակների համար:
Արդեն իսկ ակնհայտ է, որ հերթական անգամ փորձելու են օգտագործել գյումրեցիների ծանր սոցիալական վիճակը, որն ի դեպ, վաղուց ձախողված ծրագիր է. Գյումրին ցանկացած տեսակի ընտրության ժամանակ հնչեցրել է իր օբյեկտիվ ու ուրույն գնահատականը:
Կարդացեք նաև
ԱԺ ընտրություններին մասնակցելու է նաև Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը:
Aravot.am-ը նրանից կարծիք հարցրեց նախընտրական բարեգործությունների մասին՝ հետաքրքրվելով, թե դա արդեն իսկ դարն ապրած մեթոդ չէ՞, որով այլևս չես կարողանա խաբել ընտրազանգվածին:
«Այդ բարեգործությունները ստատուսների նման մեր ժողովրդին թունավորելու, մեր ժողովրդին ընկճելու, նվաստացնելու մեթոդ են ընդամենը: Դա այն տականքների կեղտոտ մեթոդն է, ովքեր որ ամեն մի քաղաքացու քվեն դարձնում են ապրանք, գնահատում են դրամով ու, ըստ այդմ, քվե են ուզում՝ հավաքելու իրենց մանդատը, իրենց իշխանությունը պահելու, երկարացնելու: Եթե այս 20 տարին բավական չէ հասկանալու համար, որ 5000 դրամով ձևավորված իշխանությունը ինչ է բերելու ու դրա հետևանքը ինչ է լինելու ամեն մի ընտանիքի համար, մեր խնդիրը հենց այդտեղ է, որ մեր քաղաքացիներին խնդրենք, բացատրենք, հորդորենք, որ այդ 5000 դրամանոց քվեների, քվեաթերթիկների հետևանքն է այս վիճակը: Ու ավելի վատ է լինելու՝ եթե նորից տուրք տվեցին այդ բարեգործների ցուցադրական շոուներին»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ