Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ 2021 թ.-ն շենքերը, տրանսպորտը պետք է հարմարեցվեն, հաշմանդամություն ունեցող մարդու համար աշխատատեղ ապահովեն

Հունվար 10,2017 18:40

Մեր երկրում հաշմանդամություն ունեցող քաղաքացիները պարբերաբար հարց են բարձրացնում, որ հասարակական տրանսպորտը հարմարեցված չէ, ինչի պատճառով տանը փակված են մնում, շենքերը, շինություններն ու փողոցները մատչելի չեն, գործատուները խուսափում են հաշմանդամություն ունեցող աշխատակից ունենալ եւ այլն:

Մինչդեռ 2010 թվականից Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորվել է նրանց համար ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ:

Կառավարության այս տարվա առաջին նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կներկայացնի Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագիրը:

Ըստ Արտեմ Ասատրյանի, բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը եւ իրավունքների պաշտպանությանը: Նախարարը վստահեցնում է, որ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագիրը ապահովելու է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում,

բարձրացնելու է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մակարդակը, ապահովելու է հավասար իրավունքներ աշխատանքի տեղավորման հարցում, մատչելի աշխատատեղեր է ստեղծելու, աշխատանքային սոցիալական միջավայր է ձեւավորելու, ապահովելու է քաղաքաշինական միջավայրի մատչելիությունը միջազգային պահանջներին համապատասխան, ապահովելու է մատչելի տրանսպորտ հաշմանդամություն ունեցող անձանց համար, ապահովելու է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հավասար հիմունքներով կրթություն ստանալու իրավունքը եւ այլն:

Համաձայն ժամանակացույցի, 2017-ի ընթացքում քաղաքաշինական նորմերը վերանայվելու են միջազգային առաջադեմ պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: 2018-ին մատչելիության ստանդարտ  կանոնները կմշակվեն եւ կընդունվեն, 2017-2021 թթ. ընթացքում շահագործված մշակութային թանգարանները, գրադարանները, թատրոնները, կինոթատրոնները, պատմամշակութային հուշարձանները եւ մարզական նշանակություն ունեցող մարզադպրոցները, մարզադահլիճները, մարզասրահները, բակային խաղահրապարակները կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաեւ կապահովվեն համապատասխան գույքով:

2021-ին Հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրագույն, նախնական  եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում արտոնյալ պայմաններով կրթության կկազմակերպվի:

2016 թվականի հունիսի 30-ի  դրությամբ  հանրապետությունում  հաշվառված  է  202 հազար 839 հաշմանդամություն ունեցող անձ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031