Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած ծննդկան Մերի Մարգարյանին կեսարյան հատում պետք է արվեր ավելի վաղ, քան արվել է. Անդրանիկ Պողոսյան

Հունվար 10,2017 18:10

2015 թվականին ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը հայտարարեց, որ Մերիին պետք էր կեսարյան հատում կատարել դեռ հուլիսի 23-ին: Ըստ նրա, եթե ժամանակին կեսարյան հատում արվեր, հնարավոր է նորածնի ու մոր համար մահվան ելք չգրանցվեր:

Նա պատմեց, որ հուլիսի 27-ին ժամը 15:00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը ծայրահեղ ծանր վիճակում է եղել, հազիվ էր պատասխանում հարցերին, պատգարակի վրա էր ու դժվար էր շնչում: Նրա էպիկրիզում, ըստ պարոն Պողոսյանի, ոչինչ նշված չէր հղիության, պտղի վատ վիճակում լինելու մասին. «Մենք հետազոտություններ ենք արել զրոյից»:

Պարոն Պողոսյանը նկատեց, որ հետազոտությունների արդյունքում պարզել են, որ պտուղը մի քանի շաբաթ հետ է մնացել իր զարգացվածությամբ: Պարոն Պողոսյանի խոսքով, Մերի Մարգարյանը բացի թոքաբորբից ու ՀԵԼԼՓ ախտանիշից ունեցել է ծանր պրեկլամսիա:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել էր 2015-ի հուլիսի 29-ին: Նրա մոտ ախտորոշվել էր «ՀԵԼԼՓ/HELLP» սինդրոմ, թոքաբորբ: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանին ու Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածով` ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։

Հարցին, թե կեսարյան հատման անհրաժեշտությունը ինչո՞վ էր պայմանավորված, պարոն Պողոսյանը պատասխանեց՝ մոր եւ պտղի կյանքը փրկելու միտումով:

Նա նկատեց, որ կեսարյան հատման անհրաժեշտությունը եղել է դեռ ավելի վաղ. «Հուլիսի 23-ից սկսած կարելի էր կեսարյան անել, պտղաջրերի մակարդակը զրոյական էր, ու երեխայի տուժվածություն կար: ՀԵԼԼՓ սինդրոմի միակ բուժումը ծննդալուծումն է»: Նա նկատեց, որ ՀԵԼԼՓ համախտանիշի հարյուրավոր դեպքերի է հանդիպել ու հանդիպում, աշխարհում դրանից մահացության դեպքերը չեն գերազանցում 25 տոկոսը. «Դուք ուզում եք, որ ես ասեմ, թե անբուժելի է»:

Նա հերքեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձության բաժանմունքի մասնագետների ախտորոշումը, թե Մերի Մարգարյանի մոտ ինսուլտ է: Թեեւ պաշտպանական կողմը, հղում անելով դատաբժշկական փորձաքննություններին, պնդում էր, որ Մերի Մարգարյանի մոտ չի եղել երկկողմանի թոքաբորբ, պարոն Պողոսյանը հակառակը պնդեց. «Մեր մոտ հետազոտության ժամանակ երկկողմանի թոքաբորբ արձանագրվել է, թե երբ է եղել, չեմ կարող ասել»:

Նա նաեւ նկատեց, որ սովորաբար ծանր վիճակում իրենց մոտ տեղափոխվող հղիների հետ գալիս են նաեւ իրենց բժիշկները, բայց Մերի Մարգարյանի բժիշկը չեկավ, ավելին` նույնիսկ էպիկրիզում անհրաժեշտ նշումներ չկային:

Պարոն Պողոսյանը տեխնիկական սխալ համարեց իրենց բ/կ-ի գրանցամատյանում գրանցված Մերի Մարգարյանին ընդունելու ժամերի վերաբերյալ նշումները, որոնք պաշտպանական կողմը շահարկում էր: Մասնավորապես Շուշանիկ Բախշյանի պաշտպան` փաստաբան Սիրունյանը մի քանի անգամ հետաքրքրվեց, թե ինչու են Մերիին ընդունել 3:15, բայց օգնություն ցուցաբերել մեկ ժամ հետո, եթե ծանր վիճակում էր: Նույն հարցը այլ կերպ ձեւակերպեց նաեւ ամբաստանյալ Բաբելյանը` ինչո՞ւ են հետազոտությունները կատարվել 16:00-ին, ինչո՞ւ մանկաբարձ գինեկոլոգները առաջին բուժօգնությունը չեն ցուցաբերել, չեն չափել արյան ճնշումը և այլն:

«Որովհետև հիվանդը, հղին բերվել է որպես ծանր պաթոլոգիկ հիվանդ, իսկ նման դեպքերում առաջինը նրան զննում են նեղ մասնագետները: Մերի Մարգարյանի համար Սիրունյանը զանգել է ինձ առավոտյան, բայց հիվանդը տեղափոխվել է ժամը երեքի կողմերը: Ավելին ասեմ ձեզ, երբ օրինակ, մարզերից նման պաթոլոգիաներով հղիներ են գալիս, ապա նրանց հսկող բժիշկը նրանց հետ միասին է գալիս, որ մանրամասն ներկայացնի հղիի վիճակը: Այս դեպքում Մերի Մարգարյանին չեն ուղեկցել»,- ասաց պարոն Պողոսյանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 17-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031