Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Սամվել Խոջյանը աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով «Արմենտել» ՓԲԸ-ի դեմ հայց է ներկայացրել Երեւան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Ջեյթուն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ս. Խոջյանը 2006թ. նոյեմբերի 13-ից աշխատանքային պայմանագրով «ԱրմենՏել» ՓԲԸ-ում աշխատել է որպես կաբելագործ: 2014թ. նոյեմբերի 14-ից դարձել է ընկերության տեխնիկական բլոկի ֆիքսված կապի ցանցերի շահագործման վարչության Հյուսիսային տարածքային կենտրոնի ԳՄՑ ցանցի շահագործման «Տավուշ» ուղղությունում ավագ կաբելագործ-զոդող: Նա աշխատանքային պարտականությունները կատարել է բարեխղճորեն: 2009թ. դեկտեմբերի 25-ին «Պրոֆեսիոնալ եւ բարձր որակի աշխատանքների համար» ընկերության կողմից արժանացել է պատվոգրի: 2016թ. նոյեմբերի 11-ին թիվ 2937 Կ հրամանով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 129 հոդվածի 1-ին մասով եւ 115 հոդվածի 2-րդ մասի հիմնավորմամբ լուծվել է Ս. Խոջյանի եւ «ԱրմենՏել» ընկերության միջեւ առկա աշխատանքային պայմանագիրը:
Ս. Խոջյանը հայցի մեջ աշխատանքից ազատելը եւ աշխատանքային պայմանագրի լուծումն անհիմն է համարել հետեւյալ պատճառներով: Նրան աշխատանքից ազատել են պատճառաբանելով «աշխատանքի կազմակերպման պայմանների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների քանակի եւ հաստիքների կրճատումը»: Իսկ թե ի՞նչ հաստիքներ կամ թվաքանակ են կրճատել, հրամանի մեջ այդ հիմքը բացակայում է: Ընկերության տեխնիկական բլոկի ֆիքսված կապի ցանցերի շահագործման վարչության Հյուսիսային տարածքային կենտրոնի ԳՄՑ ցանցի շահագործման «Տավուշ» ուղղությունում առկա է եղել ավագ կաբելագործ-զոդողի 2 հաստիք, այդ հաստիքներով աշխատել են Ս. Խոջյանը եւ մեկ այլ աշխատող, յուրաքանչյուրը՝ մեկ լրիվ հաստիքով:
Հնարավոր է՝ գործատուի կողմից կրճատվել է ավագ կաբելագործ-զոդողի մեկ հաստիք, ոչ թե կոնկրետ աշխատողի հաստիքը, բայց «ԱրմենՏելը» որոշել է, որ կրճատվող հաստիքը զբաղեցրել է Ս. Խոջյանը: Վերջինս հայցադիմումի մեջ նշել է, որ այդ կերպ օրենքը կիրառելու ժամանակ տեղի է ունեցել կամայականություն, ինքնիրավչություն: Ընկերությունը պարտավոր էր մեկ հաստիքը կրճատելուց հետո մնացած մեկ հաստիքը բաշխել Ս. Խոջյանի եւ մյուս աշխատողի միջեւ, եթե Ս. Խոջյանին այլ աշխատանք չէր կարող առաջարկել:
Կարդացեք նաև
Հայցում նշված է, որ «ԱրմենՏելը» խախտել է նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115 հոդվածի պահանջները, այն է՝ «113 հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել, ոչ ուշ, քան 2 ամիս առաջ»:
Ս. Խոջյանը ծանուցումը, աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը (հայերեն եւ ռուսերեն), շրջանցիկ թերթիկը եւ դրան կից գրությունը ստացել է ծրարով, 2016թ. նոյեմբերի 20-ին, առձեռն, իր կնոջից: Նրա կնոջը այդ օրը ծրարն առձեռն անձնել է անծանոթ մի երիտասարդ: Հետեւաբար, «ԱրմենՏելի» կողմից ծանուցման ժամկետանց 59 օրերի տուժանք հաշվարկելը նույնպես անօրինական է եւ հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մասին:
Ս. Խոջյանը նշել է, որ ընկերությունը խախտել է նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115 հոդվածի 4-րդ մասի պահանջը, որով սահմանված է ՝ նոր աշխատանք գտնելու համար գործատուն պետք է աշխատողին ազատ ժամանակ տրամադրի, որի տեւողությունը չի կարող պակաս լինել ծանուցման ժամանակահատվածում ներառվող աշխատաժամանակի 10 տոկոսից: Ս. Խոջյանի դեպքում այդ ժամանակահատվածը կազմել է 4 օր, 4 ժամ: Սամվել Խոջյանը նշել է, որ այդ 4 օր եւ 4 ժամի համար «ԱրմենՏելն» իրեն կրկնակի չի վճարել կամ հանգստյան այլ օր չի հատկացրել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ