Երեւան, 10 հունվարի, 2017թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ֆրանսիայի եւ ԱՄՆ արեւելյան շրջանի իր տեղական մարմինների ֆինանսավորմամբ մեկ «Էստոնիա» ռոյալ եւ ինը «Պետրոֆ» դաշնամուր է նվիրաբերել Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցին:
«Դաշնամուրային դասերը մեր սաների երաժշտական գիտելիքների հիմքն են, անկախ ինչ գործիքի վրա են մասնագիտանում նրանք, եւ բարերարների այս նվերը, վստահաբար, որակական փոփոխություն կբերի ուսման գործընթացում: Դեռ 25 դաշնամուրի կարիք էլ ունենք»,- ասում է դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը:
Դպրոցը, որն այսօր նորովի է ներկայանում մեր քաղաքին, հիմնանորոգվել եւ արդիականացվել է Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի ջանքերով /2015-16թթ./: Լայնածավալ աշխատանքների արդյունքում կրթօջախում ուսանող շուրջ 600 աշակերտները ձեռք են բերել հարմարավետ պայմաններ թե՛ երաժշտական եւ թե՛ հանրակրթական կրթության համար: