Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ ինտեգրացիոն զարգացման ուղղությունը՝ Աֆրիկա՞ն

Հունվար 10,2017 15:21

Հայտնի քաղաքական պատճառներով դեռևս հեռու է այն օրը, երբ ԵԱՏՄ-ն կկարողանա ազատ առևտրի համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ։ Չնայած ըստ հայտարարությունների, ԵԱՏՄ-ում այդպիսի համաձայնագրի կնքման ցանկությունը շատ մեծ է։

Մինչ այդ ԵԱՏՄ-ում փորձում են նոր երկրներ գտնել ազատ առևտրի համաձայնագրեր կնքելու համար։ Առայժմ այդպիսի համաձայնագիր կա միայն Վիետնամի հետ։ Տարբեր հայտարարություններ են եղել Չինաստանի և Իսրայելի հետ համաձայնագրեր ստորագրելու վերաբերյալ, և մենք արդեն անդրադարձել ենք Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վտանգներին։

Անցյալ տարի ակտիվ տարածում գտավ նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի քննարկման մասին նորությունը։ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման մասին խոսակցություններին զուգահեռ՝ խոսվում էր նաև Սերբիայի հետ նմանօրինակ համաձայնագիր կնքելու հեռանկարների մասին։

Մաքսիմալ շատ երկրների հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ցանկությունը ԵԱՏՄ-ում այնքան մեծ է, որ, իհարկե, այնտեղ չէին կարող մոռանալ Հնդկաստանի և աֆրիկյան բոլոր 54 երկրների մասին։

Այսպիսով, անցյալ տարեվերջին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայայի և ՌԴ-ում Ռուանդայի դեսպանի հանդիպումից պարզ դարձավ, որ ԵԱՏՄ-ում այնքան են տարված նոր պետությունների հետ «լավ» հարաբերություններ ստեղծելով, որ արդեն բոլորովին կարևոր չէ, թե որ մայրցամաքից կլինեն այդ պետությունները։

Վալովայան Ռուանդայի դեսպանին տեղեկացրել է մինչև 2025 թվականը ԵԱՏՄ-ի զարգացման և ինտեգրացիայի խորացման ծրագրերի մասին։ Ըստ Վալովայայի, ԵՏՀ-ն պատրաստվում է զարգացնել համագործակցությունը Աֆրիկայի պետությունների և ինտեգրացիոն միավորումների հետ։

Հանդիպմանը ԵՏՀ նախարարը ասել է․ «ԵԱՏՄ-ի փորձը կարող է օգտակար լինել Աֆրիկայի ինտեգրացիոն կառույցների համար, ինչպես նաև աֆրիկական փորձը ԵԱՏՄ-ի»։

Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականին հայտարարություն տարածվեց այն մասին, որ աֆրիկյան պետություններից Եգիպտոսը ցանկություն է հայտնել ազատ առևտրի գոտի ստեղծել ԵԱՏՄ-ի հետ։

Նշենք, որ Աֆրիկա մայրցամաքում գործում են Աֆրիկական միությունը, որը ներառում է մայրցամաքի բոլոր 54 պետությունները, և Արևելաաֆրիկյան միությունը, որի մեջ մտնում են Բուրունդին, Քենյան, Ռուանդան, Հարավային Սուդանը, Տանզանյան և Ուգանդան։

Ահա այս կազմակերպությունների ինտեգրացիոն փորձը, ըստ Վալովայայի, կարող է օգտակար լինել ԵԱՏՄ-ի համար։ Եվ այս կազմակերպությունների հետ է, փաստորեն, ԵԱՏՄ-ն փորձելու ինտեգրվել:

Այստեղ դժվար է ասել, թե ի՞նչ առնչություն ունեն Հայաստանի շահերը այս ինտեգրացիոն պրոցեսների հետ: Ավելին, այս երկրների մեծ մասի հետ առևտրային հարաբերությունները որևէ աղերս չունեն անգամ Ռուսաստանի տնտեսական շահերի հետ: Պարզապես, երբ Եվրոպան մերժում է Ռուսաստանի հետ տնտեսական մերձեցման առաջարկները, միայնակ ու մերժված չերևալու համար Մոսկվան սկսում է երկխոսել Աֆրիկայի հետ՝ անկախ իրական տնտեսական շահերից:

Պարզապես արձանագրենք, որ ի տարբերություն Մոսկվայի, Երևանին Բրուսելը չէր մերժում տնտեսական մերձեցման հարցում (այլ հակառակը): Բայց պաշտոնական Երևանը գերադասեց «ճամփա ընկնել» Ռուսաստանի հետ և արդյունքում Եվրոպական միության երկրների հետ ազատ առևտրի գոտու հնարավորության փոխարեն կանգնեց Ռուանդայի, Տանզանիայի, Ուգանդայի և Բուրունդիի հետ ազատ առևտրի գոտու հեռանկարի առջև:

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031